Հայաստանում սպասվելիք հանրաքվեն հակասահմանադրական է, այդ մասին վաղուց է նշվել։ Որքան էլ վարչապետ Փաշինյանը և «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության անդամները հայտարարեն, թե իրավական առումով խնդիր չկա, այնուամենայնիվ, գործընթացը ՔՊ-ական իշխանության ապօրինի քայլերից ամեապօրինին է, որի կայացման պարագայում իշխանությունը կդառնա ոչ լեգիտիմ, հանրաքվեն՝ օրինական ուժ չունեցող։ Գոնե հաջորդ ցանկացած իշխանություն այս ամենի թե՛ քաղաքական, թե՛ իրավական գնահատականը տալու է, առնվազն, որովհետև այնքան ցցուն հանցագործություն է, որ անհնար է չտեսնելու տալ։
Զավեշտը, սակայն, միայն սա չէ․ բացի այն, որ այն հակաօրինական է, դեռ մի բան էլ քարոզարշավն ընթանում է օրենսդրության կոպիտ խախտումներով․
Մենք Նիկոլ Փաշինյանին վճարում ենք առնվազն 9։00-ից 18։00-ն մեր երկրի համար որպես վարչապետ աշխատելու համար։ Բայց նա այդ ժամերին աշխատում է որպես «այո»-ի քարոզիչ։ Մարզպետները հավաքում են աշխատակազմին և աշխտանքային ժամն օգտագործում քարոզչության համար։ Ցանկացած իրավական երկրում դա կոչվում է վարչական ռեսուրսի օգտագործում՝ սեփական քաղաքական նպատակների համար։
Բացի այն, որ հանրաքվեն հակասահմանադրական է, ընթանում է խախտումներով, կա նաև երրորդ խախտումը՝ խեղաթյուրվում է հանրաքվեի էությունը։
Նիկոլ Փաշինյանն այս հանրաքվեն ևս համարում է կենաց-մահու պայքար և դիմել է ծայրահեղ միջոցի՝ Սահմանադրական դատարանի թեման շրջանցել և ցույց տալ, թե սա այլ բանի համար է, ասենք՝ «հեղափոխության պահպանման»։
Իշխանության ներկայացուցիչները տեսան, որ իրենք «այո» գովազդելով՝ «ոչ»-ի ճամբարում տեսնում են զուտ մասնագետների, որոնք մանրակրկիտ ու հասկանալիորեն հանրությանը բացատրում են գործընթացի հակաիրավական, հակապետական կողմերը։ Իրավաբանների հետ բանավիճել չի կարողանում, իրավաբանների մեջ թիրախ չի կարողանում ընտրել և ուստի՝ վստահության հանրաքվեի խնդիր է դրել՝ դարձյալ որպես պատասխանողի սլաքներ ուղղելով նախորդների կողմը։ Ու արդեն հանրաքվեն նա կապում է ասֆալտապատման, աշխատավարձերի բարձրացման և այլնի հետ։
Որքան էլ «ոչ»-ի ճամբարը քարոզչություն չի անում, իսկ քաղաքական ուժերը բոյկոտում են հանրաքվեն և նույն կոչը անում հանրությանը, բայց պետք է բացատրել մարդկանց, որ սա ընդամենը ՍԴ դատավորների հարց է՝ Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի հետ ուղիղ կամ անուղղակի կապ չունեցող։
Թե ինչո՞ւ են շեղում բուն էությունից, հասկանալի է։ Նախ՝ որովհետև դժվար է քաղաքացուն ասել՝ գիտե՞ս, ես Հրայրի հետ չեմ ուզում աշխատել, քանի որ նա չի ընդունել իմ խաղի կանոնները, դրա համար 7-8 մլն դոլար պետք է ծախսեմ, քո հաշվին, բայց դե դու էլ արի մի հատ քվեարկի այնպես ինչպես ես եմ ասում։
Մեկ է՝ հանացագործություն ենք անում, ի՞նչ տարբերություն՝ մի դրվագով ավել կամ պակաս։ Մոտավորապես այն է, երբ մարդասպանը փախուստի ճանապարհին խանութից մի հատ էլ օղի է գողանում։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը