Հրապարակվել են ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց կողմից արտերկրից Հայաստան և Հայաստանից արտերկիր կատարված դրամական փոխանցումների ցուցանիշները։ Առաջ անցնելով նշենք, որ ոչ մի արտառոց փոփոխություն 2018 թ․-ից սկսված գործընթացում չկա՝ Հայաստանից ֆինանսական արտահոսքը շարունակում է ավելանալ։ Այսինքն, Հայաստան մտնող և երկրից դուրս եկող գումարների տարբերությունը՝ զուտ ներհոսքը փոքրացել է։ Այժմ ավելի մանրամասն։
Անցած տարվա հունվար-դեկտեմբերին Հայաստանից վերոնշյալ ձևով դուրս է եկել 1 մլրդ 454 մլն դոլար։ Ընդ որում, 2018 թ․-ին այդ ցուցանիշը 1 մլրդ 118 մլն դոլար էր, իսկ 2017-ին ավելի քիչ՝ 989 մլն դոլար։ Այսինքն, այսպես կոչված «թավշյա» հեղափոխությունից հետո Հայաստանից ֆինանսների արտահոսքը մեծացել է։ Բարեբախտաբար, այդ նույն ընթացքում արտերկրից Հայաստան գումարների ներհոսքը նույնպես ավելացել է։
Այսպես, 2017 թ․-ին Հայաստան իրենց հարազատներին արտերկրից ուղարկել են 1 մլրդ 756 մլն դոլար, 2018թ․-ին՝ 1 մլրդ 784 մլն, 2019 թ․-ին՝ 1 մլրդ 958 մլն։ Ինչի՞ մասին է սա խոսում։ Այն մասին, որ Հայաստանի սոցիալ-տնտեսական կացությունը վերջին մեկ-երկու տարիներին վատթարանում է, և արտերկրում բնակվողներն ու աշխատողները ստիպված են լինում ավելի շատ գումար ուղարկել Հայաստանում բնակվող իրենց հարազատներին։ Կարող ենք փաստել, որ սա մարդկանց կենսամակարդակի անկման անուղղակի ցուցիչներից մեկն է։
Ինչպես արդեն նշեցինք, այս ամենի արդյունքում փոքրացել է Հայաստան մտնող և Հայաստանից դուրս եկող գումարի տարբերությունը։ Այսպես ասած «մաքուր» գումարը, որ մնում է մեր երկրում։ Եթե 2017 թ․-ին այն 766 մլն դոլար էր, ապա 2018 թ․-ին 596 մլն դոլար, իսկ 2019 թ․ին՝՝ 504 մլն։ Այսինքն, անցած տարի 2018 թ․-ի համեմատ 92 մլն դոլարով է ավելի քիչ գումար մնացել երկրում, իսկ 2017 թ․-ի համեմատ՝ 262 մլն դոլարով։
Հայաստանից գումարների արտահոսքի ավելացումը և զուտ ներհոսքի նվազումը Կենտրոնական բանկը բացատրում է ավտոմեքենաների ծավալների ներմուծման «աննախադեպ շարունակական» աճով։ Դեռ մի կողմ թողնենք, որ հիմա մենք այդ գործընթացի հետ կապված լուրջ խնդիրներ ունենք, քանի որ ներկրված մեքենաների մեծ մասը չեն վաճառվում, իսկ Ղազախստանից դրանք գնած քաղաքացիները խնդիրներ ունեն իրենց երկրում ավտոմեքենաների գրանցման հետ։ Այդ մասին անդրադարձել ենք մեր նախորդ հրապարկման մեջ։
Հիմա տեսնենք, թե որքանո՞վ է այս երևույթը կապված ավտոմեքենաների ներմուծման հետ։ Եթե ավտոմեքենաների մի զգալի մասը բերվում է ԱՄՆից, ինչպես նաև Ճապոնիայից և Եվրոպայից, ապա ինչպե՞ս է պատահում, որ դրանց ամենազանգվածային ներմուծման՝ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Հայաստանից ֆինանսների արտահոսքը դեպի Ռուսաստան է ավելանում, իսկ դեպի ԱՄՆ՝ վերջին չորս ամիսներին նվազում է։ Այս հանելուկի բացատրությունը որևէ մեկը ունի՞։ Բացատրությունը մեկն է՝ Հայաստանից ֆինանսական արտահոսքն ամենևին էլ մեքենաների զանգվածային ներմուծման հետևանք չէ, այլ երկրի անկանխատեսելի քաղաքական կացության և ցնցումների հետևանք՝ հրահրված այն մարդու կողմից, որի պարտականությունը երկիրը զարգացնելն ու մարդկանց կենսամակարդը բարձրացնելն է։
Եթե սրան զուգահեռ դիտարկենք օտարերկրյա ներդումների ծավալների շարունակվող նվազումը, արդեն կատարված ներդրումներից ստացված եկամտի վերաներդրման 30 տոկոսով անկումը, ապա Հայաստանից «փախչող» կապիտալի պատկերը ամբողջական կդառնա։
Բնական է, որ գիտակից մարդկանց մոտ կարող է հարց առաջանալ, այդ դեպքում ինչպե՞ս է, որ դրամը չի արժեզրկվում։ Չի արժեզրկվում, քանի որ Նիկոլ Փաշինյանը անշեղորեն ավելացնում է արտաքին պարտքը՝ ուղղելով դրանք բյուջեի ֆինանսավորմանը։ Անցած մեկ տարվա ընթացքում ՀՀ արտաքին պօարտքն ավելացել է 253 մլն դոլարով, իսկ 2018 թ․-ի մայիսից հետո, երբ իշխանությունը անցավ «թավշյա» հեղափոխականներին, ՀՀ արտաքին պարտքն ավելացել է 295 մլն դոլարով։ Այս խնդրին մանրամասն անդրադարձել ենք մեր հրապարակման մեջ։
Այսպիսով, փաստենք, Հայաստանից ֆինանսները «փախնում են», ներդրումները նվազում, ինչը Նիկոլ Փաշինյանը փոխհատուցում է արտաքին պարտքի ավելացմամբ՝ այսինքն բնակչության, մեր բոլորի վրա պարտքային բեռն ավելացնելով, լուծում է իր իշխանության պահպանման հարցը։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը