07 02 2020

Անգրագետ հարևան Պողոսի համար ՍԴ-ի հարց որոշելը բարդ չէ՞

Անգրագետ հարևան Պողոսի համար ՍԴ-ի հարց որոշելը բարդ չէ՞

Երբ ԱԺ արտահերթ նիստում ու հատկապես ամբիոնի մոտ «իմքայլականները», իրենց առաջնորդի գլխավորությամբ, փայլատակում էին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ծիրին մեջ, ակամայից Պողոսը միտս եկավ: Այո, հենց այն հանրահայտ, ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հարևան, կիսագրագետ Պողոսը:

Նա մենակ չէր, մենակ չէր, մենակ չէր միտս եկել: Այսինքն, ոչ միայն ա՛յդ Պողոսն էր միտս եկել, այլ նրան հավասարեցված մյուս պայմանական ասած՝ «պողոսներն ու պողոսուհիները»: Հիշո՞ւմ եք, իշխանության ներկայացուցիչն ասում էր, թե Ամուլսարի ոսկու հանքավայրը արդյունահանել-չարդյունահանելու հարցը բարդ է, մասնագիտական խորը գիտելիքներ է պահանջում, ուստի սխալ կլինի այդ հարցով որոշում կայացնելը թողնել կիսագրագետ, մակերեսային պատկերացումներ ունեցող ու հակառակը՝ մասնագիտական գիտելիքներ չունեցող «պողոսների» որոշելուն: Կարճ ասած՝ չարժե Ամուլսարի հանքավայրը շահագործելու հարցը հանրաքվեով որոշել:

Այնպես չէ, թե տողերիս հեղինակը մասնագիտական մոտեցումներ պահանջող հարցերը «քուչի բեսեդկայում» կամ բակի զրուցատաղավարում որոշումներ ընդունելով լուծելու կողմնակից է: Բայց հարցն այդ չէ: 

Հարցն այն է, որ նույն իշխանության նույն ու նույնական ներկայացուցիչները գտնում են, որ Սահմանադրական դատարանի շուրջ իրենց իսկ հրահրած իրավական «թնջուկը» կարելի է ու պետք է հանրաքվեով որոշել: Այսինքն, մի դեպքում, երբ իրենց պետք է՝ «պողոսները» կիսագրագետ են կամ ընդհանրապես անգրագետ, իսկ մյուս դեպքում, երբ էլի՝ իրենց պետք է, «պողոսները» որոշում են ամեն, ամեն ինչ: Ամուլսարի հարցից գլուխ չեն հանում, բայց սահմանադրական իրավունքի բարդ ու խուճուճ խնդիրները «չրթում» են արևածաղկի պես։

Իսկ առհասարակ, հանրաքվեն լավ բան է: Մեր երկրում նաև տեղական հանրաքվեներ կազմակերպելու հնարավորություն կա: Հանրաքվեն այնքանով է լավ, որ ժողովուրդն է որոշում: Շատ են սիրում, չէ՞, ամեն երկրորդ, երրորդ նախադասությունից հետո բացականչել՝ «ժողովո՜ւրդ, ժողովրդի իշխանությո՜ւն...»:

Իսկ ինչո՞ւ ոչ: Այսինքն, ինչո՞ւ, օրինակ, Իջևանում հանրաքվե չանցկացնել անտառահատումների հարցով: Ինչո՞ւ հանրաքվե չանցկացրեց Փաշինյանի կառավարությունը, այլ մի երկու օրով հանրապետության ամբողջ ոստիկանական ուժերը մտցրեց Իջևան:

Կամ, օրինակ, Ալավերդու պղնձաձուլարանն աշխատեցնել-չաշխատեցնելու հա՞րցն ինչու հանրաքվեով չի որոշվում: Մի՞թե ժողովուրդը չի որոշում: Ինչո՞ւ ժողովուրդը չի որոշում:

Մեկ այլ խնդիր: Գործող կառավարությունը, աչքի է ընկել ու շարունակելու է ընկնել՝ գիշերօթիկ դպրոցներ, մանկատներ փակելով, ծննդատներ փակելով: Որոշումներ, որ նկատելի դժգոհություններ են հարուցել: Իսկ ինչո՞ւ հանրաքվե չանել, ու թող ժողովուրդը որոշի՝ ուզո՞ւմ է, որ փակվեն իրենց գյուղի մերձակա կամ իրենց քաղաքում եղած ծննդատունը, այս կամ այն գիշերօթիկը, թե՞ չի ուզում:

Թող ժողովուրդը որոշի: Հա, թող ժողովուրդը որոշի. սպանդանոցներո՞ւմ իրականացվի մսատու կենդանիների մորթը, թե՞ ոչ:

Թող ժողովուրդը որոշի. երթևեկության կանոնների խախտման համար տուգանքի «բալային համակա՞րգ» կիրառվի, թե՞ ոչ:

Թող ժողովուրդը...

Ի դեպ, այն, որ շարունակ մի շատ բարձրաստիճան պաշտոնյա սիրում է կրկնել՝ «Իշխանությունը պատկանում է ժողովրդին», դա ո՞ր ժողովուրդն է: Այն իմաստով, որ իշխանությունը Փաշինյանի օգտին քվեարկածների՞ն է միայն պատկանում, և միայն նրա՞նք իրավունք ունեն «ժողովուրդ» կոչվելու, թե՞ այնուամենայնիվ, որ ասում են՝ ժողովուրդ, ապա խոսքն իսկապես ամբողջ ժողովրդի մասին է, որի շարքերում կան քաղաքական, նաև կրոնական տարբեր հայացքներ, տարբեր կրթամակարդակ ու մակարդակ ունեցող ներկայացուցիչներ, ազնիվներ ու անազնիվներ, բոլո՛րը մի խոսքով: Ո՞վ է, էլի ժողովուրդը: Միատարր ու միակարծիք և անդեմ ինչ-որ զանգվա՞ծ, թե՞ այնուամենայնիվ քաղաքացիների ու հայրենակիցների հավաքական կազմը:

Մի հանրաքվե էլ Նոր տարվա պետական ծախսերի վրա է պետք անել, ի դեպ:

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ