20 01 2020

Անգամ վիճկոմը չի կարողանում գործազրկության աճը թաքցնել․ թվեր

Անգամ վիճկոմը չի կարողանում գործազրկության աճը թաքցնել․ թվեր

Նորություն չէ, որ Հայաստանի բնակչության համար գործազրկության մակարդակի նվազումը համարվում է  առաջնային լուծման հարց։ Տնտեսության թռիչքաձև զարգացման, գործազրկության հաղթահարման, նոր աշխատատեղերի ստեղծման հարցերը 2018 թվականի ապրիլ-մայիսին Նիկոլ Փաշինյանի կողմից առատորեն շաղ տրված պոպուլիստական խոստումների շարքում էին։ Շուտով կլինի երկու տարի, ինչ նա գտնվում է երկրի ղեկին, բայց գործազրկության ցուցանիշը ոչ միայն չի նվազել, այլև ավելացել է։ Չնայած թղթի վրա այդ ցուցանիշի նվազման փորձեր գործող իշխանությունը շարունակում է անել։

Հիշեցնենք, որ այս տարվա առաջին եռամսյակում գործազրկությունը Հայաստանում աճել էր 6,7 տոկոսով՝ կազմելով 253,6 հազար մարդ՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի 237,6 հազարի դիմաց, իսկ գործազուրկների թիվն ավելացել էր մոտ 16 հազարով։ Գործազրկության մակարդակը աճել էր 0,9 տոկոսով և կազմել 21,9  տոկոս՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի 21 տոկոսի դիմաց։ Վիճակագրական կոմիտեի այս ցուցանիշներին անդրադարձել էինք մեր հրապարակմամբ։

Ինչպես և կարելի էր սպասել ֆեյքերի վարչապետին այս իրականությունը դուր չեկավ, և հաջորդ եռամսյակում Հայաստանում աշխատատեղերի թիվը վիճակագրական կոմիտեի թեթև ձեռքով միանգամից «ավելացավ» 46 հազարով։ Այդ անհեթեթությանը նույնպես անդրադարձանք։ Հայաստանի նման փոքր բնակչության ունեցող երկրում երեք ամսում միանգամից 46 հազար աշխատատեղերի ստեղծման ցուցանիշի զավեշտը քննադատեցին նաև մասնագետները։ Եվ ահա, վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019 թ․-ի երրորդ եռամսյակի զբաղվածության ցուցանիշները։  

Պարզվում է, որ այս տարվա երրորդ եռամսյակը ավելի վատ ցուցանիշներ է արձանագրել, քան երկրորդը, երբ նկարվել էր 46 հազարով գործազուրկների թվի նվազումը։ Սակայն, բավականին բարդ է լինում, երբ փորձում ես ներկայացնել վիճակագրական ինչ-որ սուտ և համապատասխանաբար ուղղումներ անել դրան հարակից այլ ցուցանիշների հետ։ Արդյունքում, ստացվում է, որ մի կողմից զբաղվածության մակարդակը բարձրացել է 1,4 տոկոսով, բայց մյուս կողմից էլ գործազրկության մակարդակն էլ է բարձրացել՝ 0,3 տոկոսով։ Իհարկե, կարելի է արդարանալ` ասելով, որ առաջին թիվը ստացվել է աշխատանքային ռեսուրսների թվաքանակի համեմատ, երկրորդը՝ աշխատուժի թվաքանակի համեմատ և դա դարձնել վահան իրականությունը կեղծելու համար։

Այդուհանդերձ, փաստը մնում է փաստ, որ գործազրկությունն աճել է երրորդ եռամսյակում, և անգամ վիճկոմը չի կարողանում դա թաքցնել։ Այպես, եթե անցած տարվա երկրորդ եռամսյակում ըստ վիճկոմի գործազուրկ էր մոտ 207 հազար մարդ, ապա երրորդ եռամսյակում՝ մոտ 217 հազար մարդ։ Գործազրկության մակարդակն էլ երկրորդ եռամսյակի 17,7 տոկոսից դարձել է 18 տոկոս երրորդ եռամսյակում։

Մեկ այլ ուշագրավ ցուցանիշ, որը, հավանաբար, հաջորդ անգամ հրահանգով  դարձյալ «կուղղվի»։ Զբաղվածության պետական գործակալության համաձայն, աշխատանք փնտրողների թիվը նոյեմբերին ավելացել է 3,5 տոկոսով և կազմել 84749 մարդ, իսկ ահա գործազուրկների թիվը՝ նվազել 4,4 տոկոսով և կազմել 62244։ Տեղեկացնենք, որ խոսքը բացառապես գործակալությանը դիմողների և գործազուրկի կարգավիճակ ստացածների մասին է, իսկ գործակալության ցուցանիշները ընդհանուր զբաղվածության ցուցանիշների միայն մի մասն են կազմում։ Ի՞նչ է տեղի ունենում այս դեպքում։

Զբաղվածության պետական գործակալությունը, կառավարության ղեկավարին հաճո ցուցանիշ ցույց տալու համար, գործակալության դիմած աշխատանք փնտրողներից ավելի քիչ մարդու է տալիս գործազուրկի կարգավիճակ, իսկ արդեն այդ կարգավիճակն ունեցողներից ավելի շատ մարդկանց է զրկում այդ կարգավիճակից։ Ստացվում է այս գլխիվայր պատկերը՝ ավելի շատ մարդ է սկսել աշխատանք փնտրել, բայց ավելի քիչ մարդ է  գործազուրկ։ Սակայն, ինչպես նշեցինք վերևում դժվար է կեղծել մի ցուցանիշ և դրան համապատասխանեցնել մեկ ուրիշը։ Որքան էլ վիճկոմը ջանում է, խոցելի տեղեր են մնում։

Բանն այն է, որ ըստ վիճկոմի, 2019 թ․-ի երրորդ եռամսյակում տնտեսական աճը երկրորդ եռամսյակի նկատմամբ կազմել է 30,6 տոկոս, բայց արի ու տես, ինչպես արդեն ներկայացրեցինք վերևում, դրանից գործազրկությունը ոչ միայն չի նվազել, այլ ավելացել է։  Տրամաբանորեն, եթե տնտեսական աճը այդքան ավելին է եղել երրորդ եռամսյակում երկրորդ եռամսյակի համեմատ, ապա գործազրկության ցուցանիշը պետք է, որ համապատասխանաբար նվազեր, բայց ինչպես տեսնում ենք տեղի է ունենում հակառակը։

Այս ամենի ֆոնին թերևս անիմաստ է անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի՝ տասնյակ հազարավոր նոր աշխատատեղերի մասին առասպելներին։ Այդ «կերակուրը» միայն «հպարտների» համար է։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ