Նիկոլ Փաշինյանի ամանորյա շնորհավորական ուղերձը Հանրապետության հրապարակից կեղծիքների հերթական փունջն էր, որոնց մի մասին անդրադարձել ենք մեր հրապարակումներում։ Սակայն, ինչպես տեսնում ենք, «հպարտ» քաղաքացիների առջև «ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը» գովերգող անձը չի դադարում խաբեությունը և իրականության աղավաղումը, հընթացս նոր կեղծիքներ մատուցելով։ Անդրադառնանք դրանցից յուրաքանչյուրին։
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են տեսնել և զգալ մեր տնտեսության մեջ տեղի ունեցած փոփոխությունները», արտահայտությունը ուղեկցում էր «տեսանելի», «շոշափելի», «բարձրունքներ» և նմանատիպ այլ խոսքերով, ինչը տպավորություն էր թողնում, որ ելույթ ունեցողը մեծ ջիգեր է գործադրում, որ իրականության մեջ գոյություն չունեցածը ներկայացնի որպես իրականություն։ Այժմ նրա հիշատակած թվային ցուցանիշները։
«2019 թվականի ընթացքում Հայաստանում նորոգվել են այնքան ավտոճանապարհներ, որքան 2015, 16, 17 թվականներին միասին վերցրած» պնդմանը մանրամասն անդրադարձել ենք «Ճանապարհաշինություն․ Նիկոլ Փաշինյանի հերթական բլեֆը» հրապարակման մեջ: Միայն ավելացնենք, որ ճանապարհաշինության ծավալների մասին նախորդ գրառման մեջ Նիկոլ Փաշինյանը գրել էր, որ մեկ տարում կատարվել է այնքան աշխատանք, որքան նախորդ 5 տարում, հիմա «համեստաբար» երեք տարի է մատնանշում՝ հակասելով ինքն իրեն և խճճվելով իր ստերի մեջ։ Ամեն դեպքում, թե 5 տարվա մասին, թե 3 տարվա մասին պնդումները իրականությանը չեն համապատասխանում։
Հաջորդը՝ «բարձրացել են զինվորականների, փրկարարների, ուսուցիչների, անտառապահների, բազմաթիվ բուժաշխատողների աշխատավարձեր, 2020 թվականի հունվարի մեկից բարձրանում են բոլոր տեսակի կենսաթոշակները և նպաստները, ավելանում է նվազագույն աշխատավարձը»: Այո, բարձրացվել են, բայց Նիկոլ Փաշինյանը իր ավանդական «համեստությամբ» չի նշում, թե որքանո՞վ են բարձրացվել և որ այդ չնչին բարձրացման համեմատ նախարարների ու փոխնախարարների աշխատավարձերը բարձրացվել են համարյա կրկնակի և կազմել համապատասխանաբար 1,5 մլն և 1 մլն դրամ, որ պետական համակարգի բարձրաստիճան պաշտոնյաններն ու ԱԺ պատգամավորների պարգևավճարներն ու գործողումների հատկացումների պետական բյուջեից արդեն գերազանցում են տասնյակ միլիարդավոր դրամները, որ իր տիկին Աննա Հակոբյանի դիմահադարման և վարսահարդարման համար դարձյալ պետական բյուջեից հատկացվել է մոտ 39 հազար դոլար, որը մոտավորապես 30 ուսուցիչ ունեցող մեկ միջին դպրոց ուսուցիչների մեկ տարվա աշխատավարձի չափ է կազմում և որ չնայած դրան, ոչ ինքը, ոչ Աննա Հակոբյանը դա չեն համարում պետական բյուջեի թալան։ Աշխատավարձերի բարձրացման համամասնությունները կարող եք տեսնել այս ինֆոգրաֆիկայում:
Հաջորդը՝ «Իրականացվում են զուտ սոցիալական ծրագրեր. բյուջեի միջոցների հաշվին մանկատան 300 սաներ, ում պետությունը դեռ 2003 թվականից բնակարան հատկացնելու պարտավորություն ունի, ի վերջո ստանում են բնակարաններ: Լուծվում է զինթոշակառուների բնակարանային խնդիրը, ինչի համար հատկացվել է ավելի քան 8 միլիարդ դրամ»: Զինթոշակառուների և ընդհանրապես զինվորականների բնակարանային խնդրի լուծումը մշտապես եղել է բոլոր կառավարությունների ուշադրության կենտրոնում, մշտապես կառուցվել են բազմաբնակարան շենքեր այդ նպատակով։ Մանկատան սաների համար բնակարաններ ապահովելու մասին անորոշ «ստանում են», «իրականացվում են» խոսքերից պարզ չի՝ դա կատարված փաստ է, թե՞ հերթական խոստումը։ Այդուհանդերձ, նախկինում նույնպես չափահաս դարձած մանկատան սաներին հատկացվել են բնակարաններ՝ պետական միջոցներով և բարեգործական ծրագրերով։
Հաջորդը՝ «1 միլիարդ 500 միլիոն դրամ է հատկացվել 121 փախստական ընտանիքների բնակարանով ապահովելու համար. նման ծրագիր Հայաստանում նախկինում երբեք չի իրականացվել»: Սա, թերևս այս ելույթի ամենամեծ սուտն է, քանի որ նախ՝ դեռ նոր է գումարը հատկացվել՝ նոյեմբերի 21-ին և երկրորդ՝ հենց կառավարության նիստի օրակարգում ընդգրկված այս հարցի հիմնավորման մեջ բառացիորեն նշվում է՝ «սկսած 2005 թվականից ՀՀ պետական բյուջեում նախատեսվել են համապատասխան գումարներ, որոնցով 1065 ընտանիքներ ստացել են բնակարանի գնման վկայագրեր, որոնցից 718-ը իրացրել են դրանք` ձեռք բերելով բնակարաններ Երևան քաղաքում և մարզերում»։
Հաջորդը՝ «Մեր երկրի միջազգային պահուստները հասել են աննախադեպ ծավալների, գերազանցելով 2.8 միլիարդ դոլարը, 2019 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները գերակատարվել են ավելի քան 100 միլիարդ դրամով»: Միջազգային պահուստների հետ կառավարությունը առնչություն չունի, դա Կենտրոնական բանկի ոլորտն է, իսկ բյուջեի այսպես կոչված գերակատարման մասին նույնպես անդրադարձել ենք՝ «Ստի հերթական չափաբաժինը՝ «պետական բյուջեի գերակատարում» անվանմամբ» հրապարակման մեջ: Այստեղ ավելացնենք միայն, որ նախորդ անգամ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր 89 մլրդ դրամով գերակատարման մասին, իսկ մեկ շաբաթ անց՝ 100 մլրդ դրամի մասին՝ դարձյալ հակասելով ինքն իրեն։
Հաջորդ՝ «Հայաստանի կառավարությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում, որոնց միջոցով հազարավոր ընտանիքների աջակցում է աշխատանքով հաղթահարել աղքատությունը և կառուցել բարեկեցություն» պնդումը միայն ժպիտ է առաջացնում, ուստի անիմաստ է դրան անդրադառնալ:
Եվ վերջապես՝ «Կարևոր է ընդգծել նաև, որ 2018 թվականի մայիսից ի վեր Հայաստանում ի հայտ է եկել շուրջ 84 հազար նոր աշխատատեղ, անշեղորեն նվազում է գործազուրկների թիվը: Դեռ ավելին, այսօր Հայաստանում հազարավոր թափուր աշխատատեղեր կան»: Բազմաթիվ մասնագետներ, բազմաթիվ անգամներ փաստարկել և ապացուցել են, որ տարբեր ժամանակ տարբեր չափերի տասնյակ հազարավոր աշխատատեղերի մասին Նիկոլ Փաշինյանի պնդումը հեքիաթ է, որ եթե լիներ նման բան, ապա մեր աշխատաշուկայում դա ոչ միայն նկատելի կլիներ, այլև կերևար ամեն քայլափոխին։ Համապատասխանաբար, անհեթեթ է նաև գործազուրկների «անշեղորեն» նվազման մասին հայտարարությունը։ Այդ մասին նույնպես անդրադարձել ենք համապատասխան հրապարակմամբ՝ «Ոչ թե աշխատատեղերի, այլ գործազուրկների թվի աճ` «նոր Հայաստանում»»:
Ինչ մնում է հազարավոր թափուր աշխատատեղերին, ապա խոսքը ցածր վարձատրվող մի քանի հազար աշխատատեղերի մասին է, որոնք մշտապես եղել են և հիմա էլ կան։ Այս մասին նույնպես անդրադարձել ենք մեր հրապարակմամբ՝ ««1000 թափուր աշխատատեղերը» կամ ո՞ւմ վրա է «մուննաթ» գալիս Նիկոլ Փաշինյանը»:
2020 թվականի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի խոստումներին անիմաստ ենք համարում անդրադառնալ, բայց կանխատեսում ենք, որ նրանք կարժանանան նույն ճակատագրին, ինչ արժանացել են 2019 թվականի համար տրված խոստումները։ Սպասենք «հպարտներին» կերակրելու համար նախատեսված ստերի հերթական չափաբաժնին։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը