27 12 2019

Ստի հերթական չափաբաժինը՝ «պետական բյուջեի գերակատարում» անվանմամբ

Ստի հերթական չափաբաժինը՝ «պետական բյուջեի գերակատարում» անվանմամբ

Պետական բյուջեի եկամուտներն ու ճանապարհաշինությունը դարձել են այն երկու գլխավոր ոլորտները, որոնցով Նիկոլ Փաշինյանը փորձում է տպավորություն ստեղծել, թե մեր երկիրը «դուխով» զարգանում է։ Ճանապարհաշինության բլեֆին անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակմամբ

Ինչ մնում է պետական բյուջեի հայտարարվող գերակատարմանը, ապա այստեղ նույնպես առկա են աճպարարություններ և թվային մանիպուլյացիաներ։ Ներկայացնենք թե ի՞նչ է ասել այս առթիվ իր գրառմամբ «հպարտների» վարչապետը և կետ առ կետ ներկայացնենք թաքցվող իրականությունը։

«Երեկվա՝ դեկտեմբերի 23-ի դրությամբ, 2019 թվականի պետական բյուջեն գերակատարվել է 89 միլիարդ դրամով (185 միլիոն դոլարով):

Այսինքն՝ այսքան ավել հարկային եկամուտ ենք ունեցել 2019թ. բյուջեով կանխատեսված/նախատեսվածի համեմատ:

Հավաքված գումարից՝ նույն օրվա դրությամբ, 40 միլիարդ դրամ ծախսվել է ԱԱՀ ժամկետանց դեբետները մարելու համար, այսինքն՝ փակվել է տնտեսվարողների նկատմամբ նախկինում կուտակված պարտքերը:

Այս տարի ԱԱՀ գծով ընդհանուր առմամբ տնտեսությանը վերադարձվել է 150 միլիարդ դրամ:

Ինչ վերաբերվում է պետական բյուջեի գերակատարմանը, կասկած չկա, որ տարվա արդյունքներով այն շատ ավելի մեծ է լինելու»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:

Առաջինը բյուջեի եկամուտների 89 մլրդ դրամով կամ 185 մլն դոլարով գերակատարումն է։ Հիշեցնենք, որ այս տարի Հայաստան է ներմուծվել աննախադեպ քանակությամբ՝ մոտ 200 հազար ավտոմեքենա, քանի որ ավարտվում է նախկին մաքսատուրքերով ներմուծելու այն արտոնությունը, որ Հայաստանը ձեռք էր բերել ԵԱՏՄ մտնելիս՝ 2015 թ․ին։ Բյուջեի եկամուտների գերակատարումը բացառապես նախկին իշխանության շնորհիվ ձեռք բերված ավտոմեքենաների ներմուծման արտոնության արդյունք է։ Նիկոլ Փաշինյանը չի խորշում օրուգիշեր հայհոյել նախկիններին, բայց հպարտանում է նրանց շնորհիվ բյուջե մուտք գործող եկամուտներով։

Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերի դրությամբ, ըստ ՊԵԿ նախագահի Հայաստան էր ներմուծվել մոտ 114 հազար մեքենա, որից գանձվել էր մոտ 51 մլրդ դրամ։ Քանի որ այժմ ներմուծված ավտոմեքենաների թիվը հասնում է 200 հազարի, ապա գանձվող գումարն էլ համապատասխանաբար ավելացել է մոտ 43 մլրդ դրամով։ Արդյունքում, միայն մեքենաների ներմուծման շնորհիվ բյուջե է մտել մոտ 94 մլրդ դրամ՝ ավելի, քան որպես գերակատարում հիշատակվող 89 մլրդ դրամը։

Երկրորդ տարօրինակ հանգամանքը վերոնշյալ գրառման մեջ այն է, որ չգիտես ինչու Նիկոլ Փաշինյանը չի հիշատակում, թե քանի՞ տոկոսով են ավելացել պետական բյուջեի եկամուտները անցած տարվա համեմատ։ Վեց ամիսների տվյալներն ամփոփելով, նա խոսում էր 25 տոկոսից ավելի գերազանցման մասին և ասում, որ դա համապատասխանում է իր այն խոստմանը, որ բյուջեի եկամուտները մեկ-երկու տարում կավելացնի մեկ երրրորդով։ Այն, որ խոսքը ոչ թե մեկ-երկու տարվա, այլ անմիջապես ավելացնելու խոստման մասին էր, դեռ ոչինչ։ Տեսնենք, թե այս տարի բյուջեի եկամուտները որքա՞ն են գերազանցում անցած տարվան։

Ըստ վիճկոմի, 2018 թ․-ի պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրլն 258 մլրդ դրամ, 2019 թ․-ինը պետք է կազմեր 1 տրլն 401 մլրդ դրամ։ Եթե այս ցուցանիշը 89 մլրդ դրամով գերակատարվել է, ապա այս տարվա բյուջեի հարկային եկամուտները պետք է կազմեն 1 տրլն 490 մլրդ դրամ։ Դա անցյալ տարվա պետական բյուջեի հարկային եկամուտներից ավելի է մոտ 19,5 տոկոսով։ Եթե սրանից էլ հանենք ավտոմեքենաների ներմուծումից ստացված 94 մլրդ դրամը, ապա կստացվի, որ անցյալ տարվա համեմատ բյուջեի հարկային եկամուտները ավելի են ընդամենը մոտ 11 տոկոսով։ Մաթեմատիկայից տարրական գիտելիքները բավարար են հասկանալու համար, որ դա խոստացված մեկ երրորդը չէ, այն էլ կառավարման երկրորդ տարվա ավարտին։ Նշենք նաև, որ նման գերակատարում նախկինում հաճախ է եղել, ինչի մասին հավաստիացրեց նաև ներկայիս ֆինանսների նախարարը կառավարության տարեվերջյան նիստում։

Երրորդն այն է, որ տարվա արդյունքներով բյուջեի եկամուտներն ավելի մեծ են լինելու։ Սա վարչապետի պաշտոնը զբաղեցնողի կողմից ապօրինության մասին խոստովանություն է։ Բանն այն է, որ բոլոր հարկերի վճարումները կատարվում են մինչև հաջորդ ամսվա 20-ը։ Այսինքն, դեկտեմբերի 23-ին՝ Նիկոլ Փաշինյանի գրառման օրը, այլևս բոլոր հարկերը մուծված պետք է լինեն։ Սա նաև նշանակում է, որ այս տարի ևս մի քանի խոշոր հարկատուներից տարվա վերջին օրերին պահանջելու են մի քանի միլիարդ դրամ փոխանցել բյուջե՝ հետագա ամիսներին վերադարձնելու համար։ Անցած տարվա վերջին հանգստյան օրով նման բան կատարվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ։ Հենց նման ճանապարհով փոխանցված գումարների մասին է գրառման մեջ հիշատակվող մոտ 40 մլրդ դրամի հետ վերադարձը իբր «նախկինում ունեցած պարտքերը մարելուն»։

150 մլրդ դրամ ԱԱՀ հետ վերադարձը նույնպես կեղծիքների և անհասկանալի գործարքների հետևանք է։ Դրան անդրադարձել ենք մի քանի անգամ։ Բանն այն է, որ որպես անցումային գերավճար 136 մլրդ դրամ կազմող թիվը հայտնվեց այս տարվա առաջին եռամսյակի վիճակագրական տվյալներում, բայց ամսական ցուցանիշների մեջ այն չկար։ Այսինքն, այդ ահռելի գումարը անհայտ հանգամանքներում և ժամանակահատվածում հանգրվանել է վիճկոմի տվյալներում։ Մյուս զավեշտն էլ այն է, որ այդ գումարը այդպես էլ չնշվեց ՊԵԿ-ի պաշտոնական տվյալներում։ Եվ ահա, հիմա տարեվերջում նշվում է արդեն 150 մլրդ դրամ։ Հիշեցնենք, որ որպես ԱԱՀ վերադարձ ԱԺ-ն ընդունեց 56 մլրդ դրամ վերադարձնելու մասին օրենքը։ Թվային նման խայտառակ անհամապատասխանություն և աղաղակող կեղծիքներ նախկինում երբևէ չեն եղել։

Ամփոփելով, կարող ենք փաստել, որ գործ ունենք պետության ղեկին գտնվող մարդու՝ «հպարտների» համար նախատեսված ստերի հերթական չափաբաժնի հետ։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ