26 12 2019

Հայաստանում կալանավորվեց արդեն երկրորդ հեռուստաընկերության սեփականատերը

Հայաստանում կալանավորվեց արդեն երկրորդ հեռուստաընկերության սեփականատերը

Դեկտեմբերի 26-ին կալանավորվեց «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը: Նա ձերբակալվել էր դեկտեմբերի 24-ին։ Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով՝ այն է՝ կազմակերպված խմբով սուտ ցուցմունքի տալու համար կաշառելը կամ պարտադրելը։ Մեղադրանքն առաջադրվել է օրերս ոստիկանության կողմից հրապարկած աղմուկ հանած տեսանյութի հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում։ Այդ տեսանյութը ոստիկանությունը հրապարակել էր մեկ այլ դատական որոշումից՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ որոշումից առաջ՝ ըստ երևույթին՝ դատարանի վրա հերթական ճնշումը գործադրելու համար։ Երեկ մամուլը հրապարակել էր այդ նույն ցուցմունքը, որը, ենթադրաբար, փորձ էր արվել կաշառքով փոխել տալ։ Սակայն ուսումնասիրելով ցուցմունքը՝ որևէ տող չգտանք Ռոբերտ Քոչարյանի, կամ այլ պաշտոնատար անձի մասին:

Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ այս ամենը նախօրոք պլանավորված գործողություն է եղել ոստիկանության ու ՀՔԾ-ի կողմից՝ չեզոքացնելու ազատ հեռուստաալիքի սեփականատիրոջը։ Սա նաև իշխանության հասցեին քննադատական խոսքը ճնշելու հերթական դրսևորումն էր, որոնք գրեթե ամենօրյա են դարձել վերջերս։

Սա իշխանափոխությունից հետո արդեն երկրորդ դեպքն է, երբ կալանավորվում է հեռուստաալիքի սեփականատեր, ինչն աննախադեպ երևույթ է ՀՀ պատմության մեջ: 2018-ի վերջում կալանավորվել էր հայկական երկրորդ հեռուստաալիքի սեփականատեր և տնօրեն Սամվել Մայրապետյանը, ում անունը տվել էր Սիլվա Համբարձումյանը, իբրև թե կաշառքի օժանդակելու համար։ Սամվել Մայրապետյանը մեղադրանքը չէր ընդունել, իսկ մամուլն էլ գրում էր, որ Մայրապետյանին պահում են, որպեսզի ցուցմունք տա նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ:

Ի դեպ, այս երկու հեռուստաընկերությունների ղեկավարների անունները կապվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Արմեն Թավադյանը բազմիցս հայտարարել է, որ հանդիսանում է նախկին նախագահի ընկերը և, բնականաբար, աջակցում է ամեն կերպ, իսկ Սամվել Մայրապետյանը, հանդիսանալով Հ2 հեռուստաընկերության տնօրեն և բաժնետեր, Սիլվա Համբարձումյանի թեթև ձեռքով դարձավ այն անձը, ում անունը տալով՝ իշխանությունը փորձեր կատարեց «դուրս» գալ Քոչարյանի վրա մեկ այլ՝ կաշառքի թեմայով գործ հարուցելով։

Իսկ ինչո՞ւ է մամուլի հանդեպ իշխանությունն այսպես տրամադրված, վախենո՞ւմ է, թե՞, գուցե, խնդիրն ամենևին էլ մամուլը չէ։ Չէ՞ որ հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ամենատարբեր ամբիոններից անընդհատ հիշեցնում, որ հիմա մամուլն ազատ է ավելի, քան երբևէ: Արդյո՞ք այսպիսինն է ազատ մամուլը, արդյո՞ք սա ճնշում չէ ընդդիմադիր լրատվամիջոցների վրա:

Ամեն դեպքում, փաստենք, որ Հայաստանում կատարվում է աննախադեպ երևույթ, կատարվում է ճնշում ամենաբարձր մակարդակով։ Արդեն երկրորդ հեռուստաընկերության սեփականատերն է, որ զրկվում է ազատությունից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ