Նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառվող խափանման միջոցը փոխելու, կալանքից ազատ արձակելու հայտարարությամբ հանդես եկած մշակույթի վեց տասնյակից ավելի գործիչների վրա իշխանական հայհոյախոսների հարձակումն, ինչ խոսք, լիովին կանխատեսելի էր: Գործող իշխանությունը, իր կողմնակիցներով հանդերձ, ինկվիզիտորական կամ հավատաքննչական մոտեցումից ոչ միայն հեռու չի գնում, այլև գնալով ավելի ու ավելի է ընկղմվում այդ ճահիճը: Այս ձեռագիրն ծանոթ է դեռ Տեր-Պետրոսյանական 2008-ի հանրահավաքներից, երբ ոմն, իրենից ոչինչ չներկայացնող գործիչը բեմահարթակից անպատվում էր ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին, ինչ է, թե չի աջակցում Լևոնին ընտրությունների ժամանակ։ Այդ նույն ձեռագրին ականատես եղանք վերջին օրերին երբ Ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրությունների մասին կարծիք հայտնեց Հենրիկ Մխիթարյանի մայրը՝ որը 40 տարի զբաղվել է հայկական ֆուտբոլի զարգացմամբ, իսկույն թիրախավորվեց Հենրիկ Մխիթարյանը, նույնպես վերջին բառապաշարով, հայհոյանքներով և այլն։ Դրա դրսևորումները հանրային հարթակներում, ցավոք, շատ-շատ են: Բայց, պետք է նկատել, որ իշխանության ու իր կողմնակիցների տարածած ատելությունը, վարկաբեկման քարոզչությունն ու ամենքին սևացնելու, հայհոյախոսելու գործելակերպը հակառակ արդյունքների է հանգեցնում:
Հնարավոր է, որ ինչ-որ մարդիկ վախենում կամ ահաբեկվում են: Բայց սկզբունք և համոզմունք ունեցողները, հակառակը, ավելի են կարծրացնում իրենց դիրքորոշումը, տեր են կանգնում իրենց քայլին, ստորագրությանն ու պաշտպանում են իրենց տեսակետը:
Այս օրերին ուշադրություն գրավեցին նաև երգչուհի Նունե Եսայանի և դերասան Սարգիս Գրիգորյանի ասածները՝ հիշյալ հայտարարությունից հետո, իրենց ու մյուս ստորագրողների հասցեին վստահաբար իշխանության սանձազերծած թունոտ արձագանքներին: Մարդիկ, ոչ միայն արժանապատվորեն պաշտպանեցին իրենց քայլը, այլև վերահաստատեցին այ՝, ըստ էության, ի ցույց դնելով նաև իրենց վրա հարձակվածների թուլությունն ու փոքրությունը:
Մյուս կողմից, եթե կուզեք, հենց դա է իրական համարձակությունը, քաղաքացիական կեցվածքն ու անհատի դրական նկարագիրը: Մարդիկ հրաշալի գիտեին (չէին կարող չիմանալ), որ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու իրենց կոչին, հորդորին, հայտարարությանը (ինչպես կկամենաք) հաջորդելու է իշխանական ռեսուրսների ագրեսիվ արձագանքը: Բայց մարդիկ, տվյալ դեպքում՝ մշակույթի, սպորտի 60 գործիչներ համարձակորեն արտահայտել են իրենց տեսակետը:
Դա հարգանքի է արժանի, ամեն պարագայում:
Իսկ նշավակողներն ու նրանց հասցեին ավել-պակաս արտահայտվողներն ընդամենն ապացուցում են, որ ատելություն տարածելուց զատ, այլ բանի ընդունակ չեն: Նրանք արդեն այնպիսի կարմիր գծեր են հատել (ողջ մարդու բնակարանի առաջ դագաղ կամ սգո պսակ դնելով, քաղաքական հալածանքներն ու հետապնդումներն արդարացնելով, իշխանության թիրախավորած, հակառակորդ հռչակված անձի ծնողին և զավակներին հետապնդելով և այլն), որ միայն մեկ ճանապարհ ունեն՝ շարունակական բարոյազրկում և անկում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը