18 12 2019

Մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում՝ վերջին 25 տարիներին․ Թվեր

Մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում՝ վերջին 25 տարիներին․ Թվեր

Ազգային Ժողովում բյուջե 2020-ի քննարկման եզրափակիչ ելույթն ապատեղեկատվություն և իրականության աղավաղումների վրա կառուցելով, Նիկոլ Փաշինյանն այն ավարտեց հետևյալ պաթետիկ հայտարարությամբ․ «Ես ուզում եմ մի ցուցանիշ բերեմ, որը շատ սիմվոլիկ և գուցե պատմական նշանակություն ունի: 2019թ.-ին Հայաստանի Հանրապետությանը հաջողվել է մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով առաջ անցնել մեր հարևան, մեր բարեկամ, մեր սիրելի Վրաստանից: ․․․ Բայց կարևոր է արձանագրել, որ մենք, հիմա արդեն 2019 թ.-ի արդյունքներով մեկ շնչին հասնող ՀՆԱ-ով առաջ ենք անցնում Վրաստանից: Բայց առավել կարևոր է 2020 թ.-ի արդյունքներով, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ծավալով մենք առաջ ենք անցնելու Ադրբեջանից: Այս սանդղակում Հայաստանի Հանրապետությունը միշտ եղել է, եթե ոչ միշտ առնվազն վերջին 10-ամյակներում եղել է վերջինը: Այս սանդղակում 2020թ.-ին Հայաստանի Հանրապետությունը լինելու է առաջինը։ Եվ սա է տնտեսական հեղափոխության դրոշը»: Խորհրդային տարիներին վերջում կասվեր՝ «ուռա՜, ընկերներ»։

Հիմա անդրադառնանք իրականությանը, միաժամանակ հիշեցնելով, որ նույն  ելույթի կեղծիքներին անդրադարձել ենք մեր նախորդ երկու հրապարակումներում։

Նախ՝ հիշեցնենք, որ մեկ շնչին ընկնող ՀՆԱ (համախառն ներքին արդյունք) ցուցանիշը հայտնի է դառնում տարին ավարտվելուց հետո, և ասել, որ «առաջ է անցել» կամ «առաջ ենք անցնում», նշանակում է հերթական անգամ խաբել անտեղյակ մարդկանց։ Տեղեկացնենք նաև, որ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն հաշվարկվում է տվյալ տարում տնտեսության ամբողջ ծավալը բաժանելով բնակչության թվի վրա։ Հիմա ըստ էության։

Առաջինը ներկայացնենք մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշները Հայաստանում և Վրաստանում սկսած 1994 թ․-ից՝ ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ)․

                 Վրաստան               Հայաստան

1994 թ․     168 դոլար               197 դոլար

1995 թ․     402 դոլար               400 դոլար

1996 թ․      670 դոլար             504 դոլար

1997 թ․      796 դոլար             522 դոլար

1998 թ․      841 դոլար             608 դոլար

1999 թ․      668 դոլար            597 դոլար

2000 թ․      743 դոլար            621 դոլար

2001 թ․      797 դոլար            692 դոլար

2002 թ․      851 դոլար            779 դոլար

2003 թ․      1006 դոլար          923 դոլար

2004 թ․      1302 դոլար          1180 դոլար

2005 թ․      1637 դոլար          1628 դոլար

2006 թ․      1992 դոլար          2128 դոլար

2007 թ․      2627 դոլար          3079 դոլար

2008 թ․      3325 դոլար          3913 դոլար

2009 թ․      2812 դոլար          2912 դոլար

2010 թ․      3063 դոլար          3122 դոլար

2011 թ․      3825 դոլար         3417 դոլար

2012 թ․      4238 դոլար         3576 դոլար

2013 թ․      4341 դոլար         3732 դոլար

2014 թ․      4442 դոլար         3889 դոլար

2015 թ․      3760 դոլար         3529 դոլար

2016 թ․      3856 դոլար        3524 դոլար

2017 թ․      4047 դոլար        3869 դոլար

2018 թ․      4346 դոլար        4188 դոլար

Աղյուսակից երևում է, որ մեր հարևան Վրաստանից մեկ շնչին ընկնող անվանական ՀՆԱ-ի ցուցանիշով առաջ անցնելու՝ դեռևս տեղի չունեցած հնարավորությունը ոչ պատմական է, ոչ էլ սիմվոլիկ։ Այս ցուցանիշով 2005 թ․-ին գրեթե հավասարվել ենք Վրաստանի հետ, իսկ դրանից հետո հինգ տարի անընդմեջ՝ 2006-2010 թվականներին առաջ ենք եղել։ Այսինքն, Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին՝ 2000-ականների բուռն տնտեսական աճը արդեն իսկ բերել էին նրան, որ Հայաստանը մեկ շնչին ընկնող եկամուտով գերազանցում էր Վրաստանին։ Դա նշանակում է, որ այդ տարիներին  մեր բնակչության կենսամակարդակն ավելի բարձր էր, մենք ավելի լավ էինք ապրում, քան Վրաստանում։

Եվ դա չնայած այն բանի, որ այդ տարիներին Վրաստանում ևս լուրջ բարեփոխումներ էին կատարվում և տնտեսական լավ ցուցանիշներ արձանագրվում։

Ընդ որում, մեր այն ժամանակվա ընդդիմադիր մամուլը՝ այդ թվում Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը, չէր հոգնում գովերգել Վրաստանի տնտեսական կացությունը և ծաղրել մեր երկնիշ տնտեսական աճը։ Մինչդեռ, չնայած շարունակվող շրջափակման, բանակի և սպառազինությունների համար ահռելի ծախսերի, աղետի գոտու համար հատկացվող հսկայածավալ գումարների, Հայաստանը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով առաջ էր անցել դեպի ծով ելք ունեցող, տարանցիկ հնարավորություններ ունեցող, սպառազինության վրա մեծ ծախսեր չանող և ԱՄՆ-ից ու միջազգային ֆինանսական կազմակերպություններից մի քանի միլիարդ դոլար ստացող Վրաստանից։

Այժմ մեկ շնչին ընկնող անվանական ՀՆԱ-ի ցուցանիշնի համադրությունը Ադրբեջանի հետ․

                   Ադրբեջան     Հայաստան

1994 թ․     197 դոլար     197 դոլար

1995 թ․     316 դոլար     400 դոլար

1996 թ․     411 դոլար     504 դոլար

1997 թ․     508 դոլար     522 դոլար

1998 թ․     543 դոլար     608 դոլար

1999 թ․       576 դոլար   597 դոլար

2000 թ․       656 դոլար   621 դոլար

2001 թ․       675 դոլար   692 դոլար

2002 թ․       761 դոլար   779 դոլար

2003 թ․       880 դոլար   923 դոլար

2004 թ․     1040 դոլար   1180 դոլար

2005 թ․       1571 դոլար 1628 դոլար

2006 թ․     2458 դոլար   2128 դոլար

2007 թ․      3818 դոլար   3079 դոլար

2008 թ․     5579 դոլար    3913 դոլար

2009 թ․     4964 դոլար    2912 դոլար

2010 թ․     5881 դոլար    3122 դոլար

2011 թ․     7243 դոլար    3417 դոլար

2012 թ․     7546 դոլար    3576 դոլար

2013 թ․     7926 դոլար    3732 դոլար

2014 թ․     7939 դոլար    3889 դոլար

2015 թ․    5300 դոլար     3529 դոլար

2016 թ․     3898 դոլար    3524 դոլար

2017 թ․     4212 դոլար    3869 դոլար

2018 թ․     4722 դոլար     4188 դոլար

Ինչպես տեսնում ենք 1995-2005 թվականներին (բացառությամբ 2000 թ․-ը) մենք առաջ ենք եղել Ադրբեջանից և ավելի լավ ապրել, քան Ադրբեջանի բնակչությունը։ Հետագայում՝ մինչև 2008 թ․-ը ներառյալ Հայաստանի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն շարունակել է աճել և միայն 2009 թ․-ին՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով այստեղ կտրուկ անկում ենք ունեցել։

Ինչ վերաբերվում է Ադրբեջանի առաջանցիկ աճի ցուցանիշին 2006 թ․-ից, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ դա եղել է բացառապես նավթարդյունաբերության ծավալների կտրուկ աճի և նավթի գների բարձրացման շնորհիվ։ Դա երևում է նաև 2015 թ․-ի ցուցանիշի կտրուկ անկումից։ Բանն այն է, որ 2014 թ․ի նոյեմբերից սկսվեց նավթի գների թավագլոր անկումը և դրա հետ միասին Ադրբեջանի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի նվազումը։ 2017-2018 թվականներին, երբ նավթի գները փոքր-ինչ բարձրացան՝ համապատասխանաբար բարձրացավ նաև Ադրբեջանի այս ցուցանիշը։ Այսինքն, 2017-2018 թվականների մեր և Ադրբեջանի ցուցանիշների միմյանց մոտենալը հիմնականում նավթի գների նվազման հետևանք է և մասամբ՝ Հայաստանի վերջին 10 տարվա կայուն տնտեսական աճի արդյունք։

Այսպես, թե այնպես, կարող ենք փաստել, որ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով Հայաստանը ոչ «վերջին տասնամյակներում», ոչ էլ ընդհանրապես՝ վերջինը չի եղել։ Միայն սեփական երկրի հաջողությունները չտեսնող և դրանք նսեմացնելու գնով իր վարկանիշը պահել ձգտող Նիկոլ Փաշինյանը կարող է նման ձևով ստել։  Ինչ մնում է 2020 թ․-ին, ապա դեռ 2019 թ․-ի ցուցանիշները չամփոփած խոսել եկող տարվա մասին, անլուրջ է։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ