Ի՞նչ է կատարվել վերջին 11 տարիների ընթացքում․ շրջանառվել է թեզ, թե այսինչ հիմնարկները, հանքերը, գործարանները պատկանում են Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին։ Առանց հիմքի նյութերը դրել են շրջանառության մեջ և անխնա տարածել, բանը հասել է այնտեղ, որ արդեն աֆրիկաներում ադամանդի հանքեր են վերագրել Ռոբերտ Քոչարյանին, այդ թվում այնպիսի երկրներում, որոնցում պարզվում է, ադամանդի հանք անգամ չկա և չի եղել երբևէ։
Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը հիմնականում բանի տեղ չի դրել այդ կեղծ լուրերը, կես-բերան հերքել է, որոնք նկատել է, կամ էլ չի էլ հերքել՝ մտածելով, թե անմիտ զբաղմունք է։ Հավանաբար՝ մտածել են՝ եթե դրանք մերը չեն, ուրեմն ի՞նչ բանավեճի մեջ մտնենք։ Խելացի մարդիկ վերլուծել են՝ ինչպե՞ս կարող էր դա Քոչարյան ընտանիքինը լինել, ինչպե՞ս կարող է Քոչարյանի օրոք սարքված և վերականգնված յուրաքանչյուր բան համարել իր սեփականությունը, լուրջ չեն ընդունել ասեկոսեները, իսկ «պողոսները» ոչ միայն լուրջ են ընդունել, այլև աջ ու ձախ համոզել են, թե դա այդպես է, օրինակ՝ «անձամբ» են տեսել, թե ինչպես է Քոչարյանի որդին, ասենք, Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանում պղինձ ձուլում։ Հավատացել են դրան նաև մարդիկ, որոնք որոշակի հասարակական կարծիք են ձևավորում, նախկին պաշտոնյաներ են, կամ էլ չեն հավատացել, բայց տարածել են, որպեսզի վարկաբեկեն, թե՝ տեսեք, աղքատ երկրում կա միլիարդավոր դոլարներ ունեցող նախկին նախագահ։
Հիմա տեղի է ունեցել զարմանալին՝ մի անգամ Քոչարյաններն արդեն որոշել են դատի տալ իրենց հասցեին զրպարտություն տարածող հայտնի գործչին։ Նա այնքան է հավատացած եղել այդ դեբիլություններին, որ մտածել է, թե ապացույցներն աջ ու ձախ լցրած են։ Հիմա արդեն, քանի որ իրեն դատի են տվել, սկսել է փնտրել այդ ապացույցները և ի զարմանս իրեն պարզել է, որ որ աղբյուրի վրա փորձում է հույս դնել, ֆեյք է։ Մարդը հավատացել է լսած բամբասանքներին, որևէ անգամ չի փորձել ստուգել, լսածը ընդունել է ճշմարտություն, կրկնել արդեն որպես կայացած փաստ, հրավիրվել դատարան ու ավտոմատ դարձել զրպարտիչ։ Դատական հայցի պահանջն է՝ հերքում և 2մլն դրամ։
Ուրեմն ի՞նչ։
Ուրեմն առաջարկում ենք Քոչարյան ընտանիքին՝ այսուհետ ով անհիմն կերպով պնդի, թե այսինչը Ռոբերտ Քոչարյանինն է, թե Քոչարյան ընտանիքն ունի այսքան միլիարդ դոլար, անմիջապես դատի տալ ու պահանջել չնչին գումար՝ 2 մլն դրամ։ Արդյունքում հա՛մ կպարզվի, թե մեր երկրում քանի զրպարտիչ է ապրում, հա՛մ կպարզաջրվի ահռելի ունեցվածքի մասին առասպելը, հա՛մ էլ շահած գումարներով իսկապես ընտանիքը կդառնա միլիարդատեր․․․ դրամային։
Ահարոն Համբարձումյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը