Կենտրոնական բանկը վերջապես հրապարակեց այս տարվա օգոստոս և սեպտեմբեր ամիսներին ՀՀ բանկերի միջոցով արտերկրից Հայաստան և հակառակ ուղղությամբ ֆիզիկական անձանց միջոցով կատարված դրամական փոխանցումների ցուցանիշները։ Ինչո՞ւ վերջապես։
Նախկինում յուրաքանչյուր ամսվա ցուցանիշները հրապարակվում էին հաջոդ ասմվա վերջին։ Մինչդեռ, այս անգամ, մինչ վերոնշյալ ամիսների ցուցանիշների հրապարակումը, վերջին տվյալները հուլիս ամսվանն էին։ Եթե նկատի ունենանք, որ արդեն դեկտեմբեր ամիսն է ընթանում, ապա պետք է հրապարակված լինեին նաև հոկտեմբեր ամսվա տվյալները, բայց դրանք դեռ չկան։
Ինչո՞ւ է Կենտրոնական բանկը սկսել ուշացնել տվյալների հրապարակումը՝ մնում է միայն գլխի ընկնել։ Մոտ մեկ տարի է, ինչ նման գործելաոճ է որդեգրել վիճակագրական կոմիտեն՝ Նիկոլ Փաշինյանի պահանջած «աննախադեպ» ցուցանիշները «ապահովելու» համար։ Այս երկու «անկախ» կառույցների նման գործելաոճը ակամայից համապատասխան եզրակացությունների տեղիք է տալիս։ Այժմ Հայաստան մտնող մասնավոր դրամական փոխանցումների ներհոսքի և արտահոսքի ցուցանիշների մասին ըստ էության։
Եթե համառոտ, ապա Հայաստանից գումարների արտահոսքը շարունակում է աճել ավելի մեծ տեմպով, քան Հայաստան մտնող գումարների ներհոսքը։ Արդյունքում զուտ ներհոսքը՝ Հայաստան մտնող և դուրս եկող գումարների տարբերությունը փոքրացել է։ Հիմա սա ներկայացնենք թվերով։
Օգոստոս ամսին արձանագրվել է Հայաստանից գումարների արտահոսքի ամենաբարձր ցուցանիշն այս տարվա ընթացքում՝ գրեթե 157 մլն դոլար, սեպտեմբերի ցուցանիշը ևս բարձր է եղել՝ 129 մլն դոլար։ Ընդհանուր առմամբ, այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանից բանկերի միջոցով դրամական փողանցումների տեսքով դուրս է եկել 1 մլրդ 67 մլն դոլար։ 20018 թ․-ի նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը 829 մլն դոլար էր։ Այսինքն, այս տարվա ինը ամիսներին Հայաստանից դուրս է եկել 238 մլն դոլարով ավելի գումար, քան 2018 թ․-ի ինը ամիսներին։
Ինչ վերաբերվում է դեպի Հայաստան կատարվող փոխանցումներին, ապա այս տարվա հունվար-սեպտեմբերին արտերկրից ստացել ենք 1 մլրդ 401 մլն դոլար՝ նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի 1 մլրդ 279 մլն դոլարի դիմաց։ Այսինքն, ունենք Հայաստան մտնող գումարների աճ՝ 122 մլն դոլարով։ Սակայն, քանի որ գումարների արտահոսքն ավելի մեծ է, քան ներհոսքը, ապա զուտ ներհոսքը նվազել է։
Այս տարվա հունվար-սեպտեմբերին զուտ ներհոսքը Հայաստան կազմել է 334 մլն դոլար՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի 449 մլն դոլարի դիմաց։ Նվազումը մոտ 115 մլն դոլար։ Արտահոսքի նման աճը Կենտրոնական բանկը բացատրում է ավտոմեքենաների ծավալների ներմուծման «աննախադեպ շարունակական» աճով, ինչպես նաև նախորդ տարվա հունիս ամսին գրանցված «ցածր մակարդակով»։ Վերջին պատճառաբանությունն ընդհանրապես անհասկանալի է, քանի որ մեկ ամսվա ցուցանիշի տարբերվելը ընդհանուր պատկերից ինքնին պատճառաբանությունը չի։ Դա պարզապես կատարված փաստ է՝ առանց օբյեկտիվ պատճառի։
Ինչ մնում է ավտոմեքենաների ներմուծման աննախադեպ աճին, ապա իսկապես նման երևույթ կա և դա, բնականաբար, ազդում է գումարների արտահոսքի վրա։ Զավեշտն այն է, որ երբ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության ներկայացուցիչները խոսում են տնտեսական աճի և հարկային եկամուտների ավելացման մասին, ավտոմեքենաների ներմուծման աննախադեպ դերի մասին չեն նշում։ Դա իրենց ձեռնտու չէ, քանի որ ներկա իշխանությունների ավանդը այստեղ չկա, իսկ զանգվածային ներմուծման երևույթը միայն ժամանակավոր արդյունք է ապահովում։ Այլ բան է, երբ պետք է այդ երևույթի այս պահին առաջացրած բացասական հետևանքը պարզաբանել։ Այդ ժամանակ հիշում են ավտոմեքենաների ներմուծման ծավալների աճը, և դա անում է նման դեպքերում կառավարությանը օգնության շտապող Կենտրոնական բանկը։
Ի դեպ, եթե խոսենք Հայաստանից ֆինանսական արտահոսքի մասին՝ նկատի ունենալով նաև ներդրումների կտրուկ նվազումը, դրսի և ներսի խոշոր գործարարների կողմից Հայաստանի ֆինանսական միջոցները դուրս հանելը, որ սկսվել է մեկուկես տարի առաջ, այդ արտահոսքի ահռելի ծավալները, ապա դրանց մոտ ֆիզիկական անձանց կողմից Հայաստանից դուրս բերվող գումարների ծավալները պարզապես կարող են խամրել։ Կենտրոնական բանկն ու կառավարությունն էլ՝ և հատկապես վերջինիս ղեկավարը պարզապես պետք է լռեն։ Թեև հիմա էլ այդ մասին նախընտրում են չխոսել՝ ինչը Հայաստանից «փախչող» հարյուր միլիոնավոր դոլարների մասին է վկայում։
Կենտրոնական բանկն ու կառավարությունն էլ՝ և հատկապես վերջինիս ղեկավարը պարզապես պետք է լռեն։ Թեև հիմա էլ այդ մասին նախընտրում են չխոսել՝ ինչը Հայաստանից «փախչող» հարյուր միլիոնավոր դոլարների մասին է վկայում։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը