22 11 2019

Զի՛լ հարցազրույց էր, պարոն Վանեցյան

Զի՛լ հարցազրույց էր, պարոն Վանեցյան

ԱԱԾ տնօրենը ի պաշտոնե չի կարող լինել որևէ քաղաքական թիմի անդամ: Առհասարակ, ԱԱԾ աշխատակիցը ծառայում է պետությանը, այլ ոչ՝ օրվա քաղաքական իշխանությանը:

Այս արտահայտությունների հեղինակը ԱԱԾ նախկին տնօրեն ու արդեն նաև ՀՖՖ նախագահի պաշտոնից հրաժարական տված Արթուր Վանեցյանն է: Վերը մեջբերվածը նա ասաց «Պրեսսինգ» հաղորդաշարի հեղինակ Սաթիկ Սեյրանյանին նախօրեին տված հարցազրույցի ընթացքում: Զի՛լ հարցազրույց էր, ընդ որում, մի շարք առումներով:

Ու այն, որ ԱԱԾ-ն, հասկանալի է, կառույցի ղեկավարությամբ ու աշխատակիցներով հանդերձ, ծառայում է կամ պետք է ծառայի պետությանը, այլ ոչ թե օրվա իշխանությանը, իհարկե, հստակ ձևակերպում է, որը, գոնե տողերիս հեղինակի համար, վիճարկելի չէ: Բայց այստեղ շատ կարևոր մեկ այլ հարց է ծագում, որը նշված իսկապես եզակի հարցազրույցի ընթացքում չհնչեց:

 Պարոն Վանեցյան, հանրահայտ գաղտնալսված խայտառակ հեռախոսազրույցի ընթացքում Դուք, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին ներկայացնելով ձեր ու դատավորներից մեկի խոսակցության բովանդակությունը, ընդգծում եք, որ այդ դատավորին ասել եք, թե ուզի-չուզի՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքի որոշում պետք է տա (ու տվեց, ի դեպ): Ուշադրությո՛ւն, հարցը. պարոն Վանեցյան, տվյալ ապօրինի հրահանգը տալիս էիք՝ ծառայելով պետությա՞նը, թե՞ «օրվա քաղաքական իշխանությանը»: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ «ուզած-չուզած» կալանքի որոշում տալու մասին գործը վարող դատավորին ուղղված պարտադրանքը «օրվա քաղաքական իշխանության»՝ Նիկոլ Փաշինյանի և իր թիմի կարգադրությո՞ւնն էր, հանձնարարությո՞ւնը, թե՞ «քաղաքական կապրիզը», նույն ինքը՝ քմահաճույքը:

 Արթուր Վանեցյանն, իհարկե, կարող է արձագանքել «ֆիրմային» տարբերակով՝ «Չեմ պատասխանի այդ հարցին», եթե մի օր չցանկանա, այսպես ասեմ՝ թոթափել այդ ծանրությունը: Բայց, թերևս, ճիշտ էլ կանի, որ չպատասխանի, քանզի հարցն արդեն իսկ հռետորական է, իսկ պատասխանն էլ՝ ակնհայտ:

 Մյուս կողմից, նույն հարցազրույցի ընթացքում հնչեցին պատասխաններ, որ չեն կարող չանհանգստացնել սեփական երկրի, պետության հետագա ճակատագրով մտահոգ քաղաքացիներին: Օրինակ.

Սաթիկ Սեյրանյան - Հայաստանում «Սորոսի» գրասենյակի դեմ լայնամասշտաբ պայքար է ընթանում: Արդյո՞ք «Սորոսի» գրասենյակի գործունեությունը Հայաստանի Հանրապետության համար վտանգներ պարունակո՞ւմ է:

Արթուր Վանեցյան - Եթե կարճ պատասխանենք՝ այո:

 Այստեղ կարևորը այն է, որ Հայաստանում Սորոսի գրասենյակի գործունեության, բնականաբար, նաև՝ սորոսականների ու Սորոսի փողերով գործող «ակծիվի» գործունեության պարունակած վտանգների վերաբերյալ հաստատական պատասխան է տալիս ԱԱԾ նախկին տնօրենը, երկար տարիներ ԱԱԾ համակարգում աշխատած սպան:

 Եվ, եթե երևույթը դիտարկենք իր բուն բացվածքով, ապա չենք կարող չնկատել, որ Արթուր Վանեցյանն, այնուամենայնիվ, հարկադրված եղավ թողնել ԱԱԾ տնօրենի պաշտոնը: Մինչդեռ Սորոսի տեղական գրասենյակի գործակատարները ավելի մերձեցան Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, չնայած մինչ այդ էլ հեռու չէին: Ավելի ճիշտ, սորոսականները ամրապնդեցին իրենց դիրքերը Փաշինյանի կառավարության կազմում, այժմ ավելի մեծ ազդեցություն ունեն որոշումների ընդունման վրա:

Ըստ էության, այսօր, այս փուլում Հայաստանը, որպես պետություն, խայտառակ պարտություն է կրել՝ հանձնվելով օտարերկրյա դրամաշնորհատուի հանձնակատարների ողորմածությանը: Դժվար չէ ենթադրել, որ զանազան հակաավանդական ցուցադրություններն ու հակահասարակական ագրեսիվ քարոզչությունը, հայոց լեզվի, պատմության, Հայ Առաքելական եկեղեցու դեմ այլազան հարձակումներն ու քայլերը ընդամենը ածանցյալ են դրանից: Իրենք՝ սորոսականները, իհարկե, կասեն, որ Համազասպի լա՜վն են ուզում...

 Եվ մի հարց էլ: Արթուր Վանեցյանը պարզորոշ նշեց, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնից իր հեռանալու շարժառիթներից մեկն էլ վարչապետի կողմից այնպիսի հանձնարարականներն էին, որոնք ԱԱԾ գործառույթների հետ կապակցված չէին: Ասենք՝ գազալցակայաններում ՀԴՄ կտրոն տալ-չտալուն հետևելը: Բայց Արթուր Վանեցյանը հոգու խորքու մի անկյունում, կարծում եմ, ուրախ կլինի, որ հեռացել է, և արդեն ԱԱԾ հաջորդ ղեկավարին է վարչապետը հանձնարարում պարզել «որոշ շրջանակների» ու սատանայի կապերը: Թե՞ ժամանակին իրեն էլ է նման հանձնարարական տրվել, բայց՝ ոչ հրապարակային, ծածուկ, այսպես ասած:

 Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ