Անձիշխան վարչապետի պատվերները կատարող արդարադատության պայմաններում ականատեսը դարձանք, թե ինչպես դատավոր Աննա Դանիբեկյանն օժտվեց օրենքը ոտնահարելու և սահմանադրության պահանջը չկատարելու բացառիկ, բայց նիկոլի թվին սովորական դարձած մենաշնորհով։ Նրան շնորհվեց պարտադիր կատարման ենթակա ՍԴ որոշումն անտեսելու` քաղաքական բանտարկյալ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու օրենքով հիմնավորված պահանջը չկատարելու և անպատիժ մնալու իրավունք։ Օգտվելով անպատժելիության մենաշնորհից` նույն կերպ անտեսվեց նաև հոկտեմբերի 15-ին ՍԴ ընդունած ՍԴՈ-1480 որոշումը։
ՍԴ այս որոշումը դատական համակարգին ու բոլոր դատավորներին, նաև դատավոր Դանիբեկյանին, հնարավորություն է տալիս` դուրս գալ գործադիր իշխանությունը յուրացրած վարչապետի դիկտատի տակից։ Ինչպես նաև` թոթափել կախվածությունը շանտաժի ներազդեցություններից և իրավաբանությանը չառնչվող նրա պատկերացումներից։ Իսկ դա կարող է լինել իշխանությունների բաժանման ու հակակշիռների սկզբունքը, դատական իշխանության կորսված անկախությունը վերականգնելու առաջին քայլը։
Մինչդեռ Արցախի I և Հայաստանի II նախագահի դեմ մոգոնված ջուր գործի դատաքննությունը ցույց է տալիս, որ անձիշխանն արգելել է իր պատի տակ վնգստացող որևէ դատավորի օրինական որոշում կայացնել։ Հակառակ դեպքում կգործեր ՍԴՈ-1480 որոշմամբ սահմանված դրույթը և նախագահ Քոչարյանի խափանման միջոցն առնվազն կփոխվեր. կկիրառվեր գրավը։ Բանն այն է, որ Վճռաբեկ դատարանի դիմումի քննության արդյունքում ընդունված ՍԴ այս որոշմամաբ վերացվել է իրավակիրառական ու գիտական ևս մեկ անորոշություն կամ օրենսդրական թերացում։ Սահմանվել է, որ գրավը լիարժեք ու ինքնուրույն խափանման միջոց է և կապակցված չէ կալանքին։
Ըստ ՍԴ որոշման` գրավը մեղադրյալի ենթադրյալ փախուստը կանխելու երաշխիք չէ միայն, այլ նաև` նրա պատշաճ վարքագիծն ապահովող և վկաների վրա անթույլատրելի ներազգեցությունները կանխող այլընտրանքային ու արդյունավետ խափանման միջոց։ Ընդ որում. ՍԴՈ-1480 որոշման հիմքում քննվող խնդիրը լուծելու վերաբերյալ ոչ միայն Մարդու իրավունքների պաշտպանի ու Փաստաբանների պալատի, այլև պատասխանող կողմի` Ազգային ժողովի և նույնիսկ կառավարության դրական դիրքորոշումներն են։
Իրավակարգավորման առկա բացն անհրաժեշտորեն լրացնելու համար ՍԴ-ն պարտավորեցրել է օրենսդիրին` մինչև առաջիկա ապրիլի 15-ը համապատասխան փոփոխություններ ու լրացումներ կատարել Քրեական դատավարության օրենսգրքում։ Ու թեև բոլորի համար ընդունելի և գործող օրենքի բացը լրացնող այս դրույթը չի հակասում դատավարական պրակտիկային, բայց մեղադրյալի օգտին մեկնաբանվող բոլոր մյուս դրույթների նման` սա էլ հետևողակաորեն չի գործում նախագահ Քոչարյանի դեմ դատավարության ժամանակ։
Փաստ է, որ նախագահ Քոչարյանին ամեն գնով ազատազրկելու պատվերը կատարելու նպատակով օրենքի կիառումը սահմանափակելու կամ արգելելու պրակտիկան դառնում է օրինաչափություն։ Օրենքը կա, բայց մի առանձին վերցրած դեպքում այն արգելված է կիրառել։ Իսկ սա նշանակում է, որ ռեժիմի գլխավոր քաղաքական հակառակորդի ու համար մեկ քաղաքական կալանավորի ազատությունը անձիշխանի համար հավասարազոր է իշխանազրկման։ Նա գիտակցում է, որ իր պարտադրանքից ազատ և օրենքի ու սահմանադրության լիարժեք կիրառմամբ գործող յուրաքանչյուր դատավոր մեկ րոպեի ընթացքում կփակի ծայրից ծայր հնարված, որևէ փաստական հիմք ու իրավաբանական լիցք չունեցող այս ջուր դատավարությունը։
Այս անխուսափելի հեռանկարն ու իշխանությունը կորցնելու օրգանական վախն են, որ անձիշխանին ստիպում են` «Պողոս Պողոսյանի» և «հոկտեմբերի 27-ի» նոր ջուր քրեական գործեր պատվիրել և կեղծ ցուցմունքներ տալու մրցույթ-աճուրդ հայտարարել։ Հատկապես մարտիմեկյան սադրանքից տուժած զինծառայող Բաբկեն Մկրտչյանի «այս դատը լրիվ ուրիշ կողմ է գնում` քան մարտի 1» պնդումը և նրա գնահատականը հաստատող հարյուրավոր այլ տուժածների փաստարկները, նաև իրականությունը չբացահայտելու դիմաց կաշառքի տեսքով փոխհատուցում ստացած տուժածների հաճախակի դարձած պոռթկումները նրան պարզորոշ հուշում են, որ մարտի 1-ի գործն անհույս տապալված է և նոր փուչիկ-քրգործեր է պետք հնարել` նախագահ Քոչարյանին կալանված պահելու համար։
Պատահական չէ, որ ճահիճում խեղդվողի նման` փրկվելու համար նա ձեռք է գցում անգամ չոր ծղոտին ու իր իսկ առաջացրած փրփուրին։ Հոկտեմբերի 27-ի ոճիրն իրագործած հրոսակախմբի պարագլուխ Նաիրի Հունանյանի հետ բանակցելու և պայմանավորվելու համար իր գործակալին ԱԱԾ մեկուսարան գործուղելը, ՊՊԾ գունդը զինված գրոհով գրաված, 3 ոստիկան սպանած, պատանդներ վերցրած ու գողություն կատարած ահաբեկչական կառույցին լեգիտիմացնելն ու նրանց հետ քաղաքական հեռանկարային ծրագրեր պլանավորելը հենց այս իրողության հաստատումն է։
Ուստի միանգամայն օրինաչափ էր նոյեմբերի 5-ին կայացած դատական նիստի ժամանակ իր խափանման միջոցը փոխելու միջնորդությունը հիմնավորելու նպատակով նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացրած փաստարկները. «Բոլորն են գիտակցում, որ չկան ինձ կալանված պահելու հիմքեր։ Սա ուղղակի հետևանքն է մի գործընթացի, որն ինձ թիրախավորել է` որպես մեղավոր։ Հասկանում եմ, թե ինչ վիճակում են հայտնվել դատավորները։ Նրանք Ֆեմիդայի կշեռքի մի թևին դնում են իրենց խոցելիությունը, իսկ մյուս թևին` իրենց արժանապատվությունն ու խիղճը։ Սա է իրականությունը. կա շենքը, կան դատավորներ, դատախազներ, բայց չկա ինքը` արդարադատությունը։
Ինձ տհաճ է` համոզելը, որ ես փախչելու, խոչընդոտելու, արդարադատությունից խուսափելու մտադրություն չունեմ։ Դա իմ կենսագրությանը չի համապատասխանում։ Իմ կողքին նստած մարդիկ ևս իրենց ողջ կյանքում առաջնորդվել են հայրենասիրությամբ և իրենց արժանապատվությամբ։ Սա է փաստը։ Սա մեր կենսագրությունից ոչ ոք չի կարող ջնջել։ Ես բոլորից շատ եմ շահագրգռված` որ արդար դատավարություն լինի։ Իմ կողքին նստած մարդիկ` իրենց տեսակով, չեն կարող իրենց թույլ տալ` որևէ մեկին դիմել ինչ-որ հարցով, որը կնվաստացնի իրենց արժանապատվությունը։ Ամոթից կմեռնենք։ Հիմա Ֆեմիդայի կշեռքը ձեր ձեռքին է։ Նայեք. ոնց էք անում»։
Կշեռքը դեռևս իշխանության կողմն է թեքվում։
Արթուր Մխիթարյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը