Իշխանափոխությունից հետո` 2018-ի մայիսին, երբ Փաշինյանի ընտանիքն առաջին անգամ հայտնվեց կառավարական առանձնատանը, նրանցից ոչ մեկը չկարողացավ թաքցնել իր զարմանքին խառնված խանդավառությունը։ Մեկ կամ երկու օր հետո նորընտիր վարչապետը լայվ մտավ ու ցուցադրեց իրենց նոր կեցավայրը, որում իրենցից առաջ ապրել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Իր իսկ խոսքով. մինչև իրենց տեղափոխվելը, այսինքն՝ ամենուշը նախանցյալ ապրիլին, ցուցադրվող «տարածքը վերանորոգվել և կահավորվել է»։
Տեղափոխումը պատճառաբանեց որպես անվտանգության անհրաժեշտություն ընդամենը և ներկայացվեց որպես քաղաքացիներին ավելորդ ծախսերից ազատելու պատճառ։
Երկհարկանի առանձնատան ողջ տարածքն ու հարակից հանգստի գոտին ցուցադրելուց, 3 սանհանգույցների առկայության փաստն առանձնակիորեն ընդգծելուց ու փոքրիկ էքսկուրսից հետո Փաշինյանը նաև որոշակի դատապարտող շեշտով ընդհանրացրեց. «Այսպիսի ճոխություններ` որպեսզի մեր իշխանավորները ժողովրդի հոգսերի մասին մտածելուց առաջ ռելաքսի հնարավորություն ունենան։ Չգիտեմ` սա ի՞նչ միջոցներով է կառուցվել. պետակա՞ն, թե՞ մասնավոր։ Փաստորեն, այս տարածքն այնպիսին է, որ այստեղ վայրի կենդանիները (շակալը կամ չախկալը) իրենց նույնքան լավ են զգում` ինչպես բարձրաստիճան պաշտոնյանները»։
Հետո այս առանձնատան հյուրերը դարձան թավշյա վարչապետի դստեր համադասարանցիները` տեսնելու համար, թե իրենց դասընկերն ինչ ճոխության մեջ է ապրում, թավշյա շրջանի առաջին շրջանավարտները, որպեսզի Փաշինյանը ցուցադրի իր ժողովրդական կեցվածքը...։ Հետո, երբ բոլորն սկսեցին խոսել վարչապետական ընտանիքի ցոփ ու շվայտ կենցաղի, ընտանեկան հիմնադրամների հաշվեհամարներին փոխանցվող խիստ կասկածելի ու չհաշվառվող հսկայական գումարների, արտասահմանյան հաճախակի ու խմբակային շոփինգ-շրջագայությունների ու բազում «ռելաքսային» այլ իրողությունների մասին, Փաշինյանն անհրաժեշտ համարեց հերքել իրենց «գյոռմամիշ» համարողների կարծիքներն ու Օրուելի անտիուտոպիաները հիշեցնողների ակնարկները։
Իսկ օրերս հայտնի դարձավ, որ օրինակ.
1․ Փաշինյանը ԱՄՆ կատարած անիմաստ ու անհաջող այցի համար պետական բյուջեից ոմն հակառուսական ուղղվածության ուկրաինացի օլիգարխի վճարել է մոտ 700 հազար դոլար։
2․ Պարզվեց որ, ժողովրդից թաքուն-թաքուն իրեն սպասարկող 2 նոր զրահապատ մեքենաներ գնելու համար, ըստ տարբեր հաշվարկների, պետական բյուջեից հատկացրել է ևս 1 միլիոն դոլար։ Հաշվարկները արվել են զրահապատ S դասի Մերսեդեսի նվազագույն գներով։ Իսկ թե իրականում ինչքան են արժեցել, առիթի դեպքում կհարցնենք մամլո խոսնակին, եթե դա նույնպես չներկայացվի որպես պետական գաղտնիք։
3․ Վերջապես, տեղափոխվել է կառավարական այն առանձնատուն, որտեղ ապրել է Սերժ Սարգսյանը ու այն որոշել են վերանորոգել իրենց ճաշակով։ Դրա համար, տարբեր հաշվարկներով, բայց հույժ գաղտնի, նախատեսել են պետական բյուջեից հատկացնել մինչև 2 միլիոն դոլար։
Այսինքն ստացվեց, Փաշինյանը «գործող վարչապետին օրենքով վերապահված» առանձնատնից որոշել է տեղափոխվել հենց այն առանձնատուն, որտեղ նախկինում բնակվել է նախագահ Սերժ Սարգսյանը, տիկնոջ հետ։ Մինչև տեղափոխվելը, սակայն, որոշել է այն հիմնանորոգել պետական բյուջեի միջոցներով։ Իր կառավարությանն էլ «առաջադրել» է` այդ նպատակի համար փող չխնայել։ Ստացվում է, որ կամ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ընտանիքն է ընդամենը տարուկես առաջ ապրել փաշինյանների ընտանիքի համար անտանելի, ո՛չ «ռելաքսային», խեղճ ու կրակ պայմաններում, կամ էլ` թավշյա վարչապետն ու տիկին վարչապետը, Մարիամիկն ու մյուսները այլևս ուզում են ապրել Բրունեյի սուլթանի, Քուվեյթի կամ Աբու Դաբիի շեյխի, կամ առնվազն` ադրբեջանական «քաղաքակիրթ» բռնակալի նման. Արդեն չեն ուզում լինել «թագուհի», այլ ուզում են դառնալ «ծովերի տիրուհի»։
Ընդամենը տարուկես պահանջվեց, որպեսզի Փաշինյանը հնարավոր բոլոր ձևերով ապացուցի, որ ինքը երբեք չի եղել ու չի կարող լինել ժողովրդական այր։ Ի՞նչ եք կարծում վարչապետի ժողովրդական ու հասարակ լինելուն դեռ հավատացող կա՞։
Հարցը հռետորական է, իհարկե։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը