Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում խաղաղ պայմաններում բանակում որդի կորցրած սևազգեստ մայրերը, տարբեր տարիներին սահմանին, բանակում, պատերազմում զոհվածների հարազատները, պահեստազորի սպաները, բանկից դժգոհները, տուրիստական գործակալության գործողություններից տուժածները, ավտոներկրողները․․․։ Միաժամանակ 8 բողոքի ակցիա է գործադիրի դիմաց։ Դրանից առաջ բողոքում էին նորաշենցիները և այլք։ Բողոքի տարբեր օջախներ կան, մշտական ակցիաներ են երկրում։ Սրանք՝ սոցիալական խնդիրների պատճառով։ Կան դժգոհություններ ու բողոքի ակցիաներ, ստորագրահավաքներ ու հայտարարություններ նաև քաղաքական, իրավական թեմաներով։
Երկրում իրավիճակն աննախադեպ է։
Այս մարդկանց մի մասը բողոքում էր նաև նախորդ իշխանության օրոք, մի մասը նոր է բողոքն սկսել։ Այսինքն՝ ոչ միայն նախորդից եկած խնդիրները չեն լուծվել, այլև նորերն են ավելացել դրանց՝ որպես ապացույց կառավարության անկարողության։ Չենք նշում անգործության, որովհետև աշխատում են, բայց չեն կարողանում խնդիրներին լուծում տալ։
Երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր վարչապետ, այդ ժամանակ վարչապետ էին բոլորը, կառավարության դուռն իրենց դուռն էր, ու նրանք կարող էին բողոքել։ Դուրս էր գալիս շենքի դիմաց, շփվում ցուցարարների հետ, ասում էր, որ նախկիններն են մեղավոր, հերթով լուծում ենք տալու և այլն։ Անցավ ժամանակ, իշխանությունն ամբողջությամբ վերցրեց, նախկիններին մոռացանք, բայց խնդիրները մնացին, ու տեսանք, որ նախկինների վրա մահացու մեղքեր բարդելով էլ միևնույն է՝ խնդիրները չեն լուծվում, մնում են կուտակված։ Հասկացավ, որ միայն նախկիններին մեղադրելը քիչ է, սկսեց մեղադրել նաև ժողովրդին, որ թամբալ են, վատն են, սիրում են խոպան գնալ, որ ոչ ոք չտեսնի իրենց բանվորություն անելը, սիրում են տանը նստել ու սովից մեռնել, բայց նպաստ ստանալ և այլն։ Այժմ մեղադրում է էլի, բայց այլևս բողոքողների մոտ չի գնում, անգամ հաճախ բանագնացների էլ չի ուղարկում։
Հիմա կառավարությունն իր տեղում է, ժողովուրդը՝ իր տեղում, այսինքն՝ կառավարության դիմաց։ Եվ ուրեմն ի՞նչ է փոխվել։
Չի փոխվել ոչինչ, չի փոխվել նաև իշխանության՝ առիթով ու անառիթ ժողովրդի անունից խոսելու տափակ սովորությունը։ Միայն թե ժողովուրդը բողոքում է ու ասում, որ դադարեցնեն իր անունից խոսելը, իր անունից թող գործեն։ Հոկտեմբերի 10-ին կառավարության դիմաց հավաքված ցուցարարների 8 խմբերից և ոչ մեկը չէր բողոքում ՍԴ բարեփոխումներից, մարտի 1-ի գործից։ Նրանք բողոքում էին սոցիալական խնդիրներից։ Նրանց համար կարևոր չէ ո՛չ մարտի 1-ը, ո՛չ Հրայր Թովմասյանը։ Բայց չգիտես կամ էլ շատ լավ գիտենք, թե ինչու իշխանությունն այսօր իր համար ժողովրդի անունից խոսելու գլխավոր թեմա է վերցրել սահմանադրական դատարանը, թե՝ ՍԴ-ն չի ներկայացնում ժողովրդին։
Առաջ մարդիկ ասում էին՝ այ տեսեք, Նիոլ Փաշինյանը հասկանում է մեր խնդիրները, դիագնոզն արել է, ուրեմն կլուծի։ Նա շարունակում է աշխատել որպես միայն դիագնոզ անող ապարատ՝ հայտնի անեկդոտի շշից դուրս եկած ջինի պես, որը, սակայն, միայն դառը սուրճ է դնում (անեկդոտը՝ հետգրության մեջ)։
Ընդ որում, փաստենք, որ բոլոր բողոքողներն ասում են, որ ափսոսում են Փաշինյանին ձայն տալու համար։ Փաստ է՝ Փաշինյանը կորցնում է ընտրազանգվածին, իրեն հավատացողներին։
Նիկոլ Փաշինյանը շատ է վախենում կորցնել ժողովրդի վստահության քվեն, նա անգամ մեկ քվե կորցնել չի ցանկանում և թերևս դա է պատճառը Ամուլսարում այսօրվա իրավիճակի՝ ո՛չ ցանկանում է ներդրում կորցնել, ո՛չ կորցնել հանքի շահագործման դեմ բողոքող 50 հոգու քվեն, նա չի ցանկանում հավասարաչափ աջակցել մարտի 1-ի զոհերի հարազատներին ու սահմանին զոհվածների հարազատներին, բայց չի ցանկանում նաև կորցնել թվարկած երկրորդի վստահության քվեն։ Այս ամենը բերել է այսօրվա իրավիճակին։
Ու հիմա տակն այլևս աջակցող ժողովուրդ չկա։ Նա ունի իշխանություն՝ իշխանության բոլոր օղակները, օրենսդիրը, գործադիրը, դատականին է ձեռք գցում, բայց չունի ժողովրդի վստահության քվե։ Քվեն գնացել է, իշխանությունը մնացել է, ու դարձել է նման այնքան տիպիկ օրինակին, երբ իշխանությունը չէր տիրապետում իրավիճակին, չուներ աջակից ժողովուրդ, երբ ժողովուրդը Նիկոլն էր, ու ճիշտ էր, նախագահն ու իր թիմը՝ սխալ։ Հիմա արդեն նա պետք է պահի իշխանությունը։ Ու Նիկոլը մեծ թափով լծվել է դրան։ Ընդամենը մի բաժանարար գիծ է մնացել՝ Սահմանադրական դատարանը։ Դրանից հետո տոտալ ճնշումները, բանտարկումները նոր, մեծ թափով կսկսեն։ Նիկոլ Փաշինյանը սկսել է այդ գործընթացը՝ գրավոր ու բանավոր, տեսական ու գործնական կերպով բոլորի վրա հարձակվելով։
Իշխանությունը հեռացել է ժողովրդից, ու իշխանությունը նա ատամներով, ճանկռելով փորձում է պահել, բայց արդեն նույն ժողովրդից։ Չէ՞ որ, ցանկացած անձ, ում բռնում են, ետևում փոքր թե մեծ թվով ժողովուրդ ունի։
Հ․Գ․ Գնորդն ավտոշուկայում հնամաշ «Զապոռոժեցի» գինն է հարցնում և ապշում է՝ լսելով, որ 50․000 դոլար է։ Վաճառողն ասում է՝ մեկ րոպե, ու կտեսնես, որ իրականում ավելի թանկ արժե։ Կանչում է Ջինին և սուրճ պատվիրում։ Ջինը երկու բաժակ սուրճ է տալիս։ Գնորդն առանց սակարկելու վճարում է պահանջած գումարը և «Զապոռոժեց-ջին»-ը տնում տուն։ Հավաքում է բարեկամներին ու Ջինից սուրճ պատվիրում։ Ջինը բոլորին սուրճ է տալիս։ Հետո մեքենատերը պատվիրում է, որ իրենց տնակնը դարձնի 3 հարկանի ոսկեպատ շքեղ տուն։ Ջինն ասում է՝ «Չեղավ, ես միայն սուրճ եմ դնում»։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը