Թավշյա ռեժիմը թևակոխել է տարբերակված արդարադատության ու զանգվածային ռեպրեսիաների փուլ: Ստալինի ժամանակ շրջանառության մեջ դրվեց «երեխաները ծնողների համար պատասխանատու» չեն լոզունգը և շատերը ռեպրեսիներից ազատվելու համար ուրացան իրենց ծնողներին։ Շատերն էլ միայն ժառանգականության հետևանքով՝ առանց որևէ հանցանք գործելու աքսորվեցին: Հիմա ոմոնց համար հանցանք է սանիկ ունենալը կամ քավո լինելը, ոմանց համար էլ հենց դա ռեպրեսիաներից զերծ լինելու և պաշտոն ու մանդատ, արտոնություն ու մենաշնորհ ստանալու երաշխիք է:
Սահմանադրական անձեռնմխելիություն՝ նշանակում է պաշտպանված լինել սահմանադրությամբ: Իսկ երբ սահմանադրական անձեռնմխելիություն ունեցող անձը, հիմա արդեն՝ անձինք, կալանավորվում են, դա նշանակում է, որ երկրում չեն գործում սահմանադրությունը և օրենքները: Այսինքն. ինքը՝ սահմանադրությունն է անպաշտպան ու իշխանության համար ձեռնմխելի, խեղաթյուրելի: Սա միանշանակ նշանակում է, որ գործող իշխանությունը տապալել է սահմանադրական կարգը և օրենքից դուրս է:
Սահմանադրական կարգը տապալելու ճչացող ապացույցն իշխանությունների բաժանման ու հակակշիռների մեխանիզմի ոչնչացումը` գործադիր, օրենսդիր ու դատական իշխանությունների յուրացումն է: Փաշինյանի անլիարժեքության բարդույթը վերածվել է վեհանձնության մոլուցքի. նա իրագործում է իր իդեա ֆիքսը։ Ավելի վատ իշխանություն մենք չենք ունեցել ու երբեք չենք ունենա։ Վարչապետ դարձածը փորձում է սարսափեցնել, բայց ծիծաղելի է դառնում` իրականությունը թերընկալելու և իրողությունները պատկերացնելու իր անընդունակությամբ:
Ցավալի է, որ հրաժարական տված ԱԱԾ տնօրենի «կա՛նգ առ»-ի պահանջն անհասկանալի մնաց «տարերային որոշումներով», «հախուռն գործողություններով», «առաջնայինը երկրորդականից, անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճով» հայտնի, «հանրությանը մոլորեցնող», «իր խոսքերի հետևանքների մասին չմտածող», «սպայի պատվի և ուսադիրների նշանակության մասին չիմացող», «Հայրենիքի հանդեպ պարտքի մասին մակերսային պատկերացումներ ունեցող» վարչապետին։
Մեր երկրում վերջին մեկուկես տարում տեղի ունեցող հախուռն, անկապ դեպքերի համապատկերը մի քանի հարց է առաջացնում․ եթե մեր երկիրը տարիուկես առաջ ինչ-որ հրաշքով զավթած լիներ քաղաքակիրթ Իլհամը, նա վարչապետ Փաշինյանի ո՞ր արածը չէր անի։ Եթե ինչ-որ հրաշքով վարչապետ Փաշինյանը կարողանա իրագործել իր նվիրական երազանքը` դառնա գերագույն գլխավոր հրամանատար, առաջին իսկ մարտի սկզբին կապիտուլյացիա ստորագրի ու հայոց երկու պետությունները հաջողացնի հանձնել իր քաղաքակիրթ ընկերոջը, Իլհամը կշարունակի Փաշինյանի՞ հակահայ քաղաքականությունը, թե՞ կիրագործի նրա հոգեհայրեր Տեր-Պետրոսյանի ու Բլեյանի` Երևանը «լուսավոր» Բաքու դարձնելու վաղեմի ծրագիրը։
Թավշյա ռեժիմը հոգեվարք է ապրում։ Մեր քաղաքական ինֆանտիլ էլիտան անորակ է, քաղաքականորեն ամուլ։ Պառլամենտական հանրապետությունում մեկ անձի իշխանություն է։ Առաջացած համընդհանուր անորոշությունը, ճգնաժամն ու քաոսը շատ նման է գորդյան հանգույցի, որի լուծումը հազարամյակներ առաջ է հայտնի: Հանգուցալուծման կտրուկ հարվածը կարող է լինել, օրինակ, Փաշինյանի կամավոր, գիտակցված հրաժարականը. բայց այլ ձևեր էլ կան: Այն` ինչ այսօր նրան ու շատերին անհնարին է թվում, վաղը կարող է դառնալ անխուսափելի։
Հայոց պետականությունն ապականող, ազգը պառակտումների միջոցով դեգրադացնող, պետության հզորությունն ու ներուժը աղճատող թավշյա քաոսին ու անորոշությանը պետք է վերջ դնել։ Անհրաժեշտ է համազգային կոնսոլիդացիա, ինչն էլ հնարավորություն կտա իրագործել «կոնսենսուս մինուս 1» գաղափարն ու ժողովրդի իշխանությունն ազատել թավշյա անձիշխանից։ Ի գործ...
Արթուր Մխիթարյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը