30 09 2019

Արտաքին պարտքն ավելանալու է 500 մլն դոլարով

Արտաքին պարտքն ավելանալու է 500 մլն դոլարով

Հայաստանում իրականությունն ու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները շարունակում են ընթանալ հակառակ ուղղություներով`իրականությունն անմխիթար է, իսկ Նիկոլ Փաշինյանի կողմից հրացվող թվերն ու նորությունները միայն «լավն են»։ Դա հերթական փաստվեց նրա հերթական «լայվի» ժամանակ, որտեղ ճռճռան խոսքերի պակաս չկար՝ «աննախադեպ», «ահռելի վստահություն», «չափազանց կարեւոր իրադարձություն» և այլն։ Եվ ինչի՞ մասին էր խոսքը՝ ոչ ավել, ոչ պակաս՝ արտաքին պարտքի ավելացման մասին։ Եվ դա ասում էր այն Նիկոլ Փաշինյանը, որի ընտանեկան թերթը քննադատում էր նախորդ կառավարությանը 2013 թ․-ին առաջին անգամ եվորբոնդեր թողարկելու համար, իսկ արտաքին պարտքի թեման մինչ օրս նրա քարոզչական կեղծիքների կարևոր մասերից է։ Մանրամասնենք, թե ինչի՞ մասին է խոսքը։

Հայաստանը 10 տարի ժամկետով 500 մլն դոլարի եվրոբոնդեր է թողարկել «աննախադեպ ցածր»՝ 4,20 տոկոսով (եվրոբոնդերի ցածր եկամտաբերությունը վկայում է դրանց նկատմամբ բարձր վստահության մասին - Ա․ Մ․)։ Ավելի մատչելի լեզվով ասած, մենք միջազգային շուկայում վաճառում ենք պետական արժեթղթեր, դրա դիմաց խոստանալով վերոնշյալ տոկոսի չափով եկամտաբերություն այն ձեռք բերողներին։ Դրա շնորհիվ Հայաստանը ստանում է 500 մլն դոլարի պարտք, որն իր տոկոսներով հանդերձ վերջնականապես մարելու ենք 2029 թ․-ին։

Խոսելով այս մասին, Նիկոլ Փաշինյանը հիշատակել է 2013 թ․-ին կառավարության թողարկած իր խոսքով 500 մլն դոլարի եվրոբոնդերի մասին, որոնց եկամտաբերությունը 6,25 տոկոս էր, որոնք պետք է ամբողջությամբ մարվեին եկող տարի 2020 թ․-ին։ «Որոշեցինք գնալ պարտքի ետգնման ճանապարհով, այսինքն՝ նոր գումար ներգրավենք հին պարտքը փակելու համար։ Եվրաբոնդերի թողարկումը իրականացվել է աննախադեպ ցածր տոկոսով, ինչը նշանակում է ՀՀ տնտեսության նկատմամբ վստահության ահռելի դրսևորում», նշել է նա, ավելացնելով, որ տարեկան տնտեսումը կկազմի 10,2 մլն դոլար։ «Ահռելի վստահություն» էլ համարել է եվրոբոնդերի տոկոսի նվազումը 2 տոկոսով նախորդ թողարկման համեմատ և որ մեր եվրոբոնդերի պահանջարկը կազմել է ավելի քան 2 մլրդ դոլար, «այսինքն՝ պահանջարկը չորս անգամ ավելի է, ինչը Հայաստանի նկատմամբ տնտեսական վստահության աննախադեպ ցուցանիշ է»։

Հիմա հերթականությամբ անդրադառնանք այս ամենին։

Նախ՝ 2013 թ․-ին թողարկվել է ոչ թե 500 մլն դոլարի, այլ 700 մլն դոլարի եվրոբոնդեր, որի մի մասը ներդրվել է տնտեսության մեջ, իսկ հիմնական մասով մարվել է 2009-ին՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի տարում Ռուսաստանից վերցված 500 մլն դոլարի պարտքը։

Երկրորդ՝ «աննախադեպ» կարելի է անվանել առաջին անգամ եվրոբոնդերի թողարկումը, որի շնորհիվ, ըստ այն ժամանակվա ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի տարեկան բյուջեում 18 մլն դոլարի խնայողություն ենք ունեցել ի տարբերություն ներկայումս ակնկալվող 10,2 մլն դոլարի։

Երրորդ՝ պահանջարկը 4 անգամ գերազանցելու և 2 մլրդ դոլար կազմելու մասին։ 2013 թ․-ին էլ, ընդ որում առաջին անգամ թողարկված մեր եվրոբոնդերի պահանջարկը գերազանցում առաջարկը ավելի քան 4 անգամ և կազմում էր 3 մլրդ դոլար, բայց թողարկվել էր 700 մլն դոլար։ Այնպես, որ ոչ մի արտառոց բան։ Օրինակ՝ այս տարի առաջին անգամ եվոբոնդեր է թողարկել Ուզբեկստանը, որոնց պահանջարկը ևս 4 անգամ գերազանցել է առաջարկը։

Չորրորդ և ամենակարեւորը՝ 2 տոկոս եկամտաբերության նվազումը ոչ «աննախադեպ» է, ոչ էլ Հայաստանի նկատմամբ «ահռելի վստահության» վկայություն։ Այդ շուկայում ներկայիս միտումներն են այդպիսին՝ տոկոսների նվազում կա։ Այդ մասին արտահայտվել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը և խոսելով արտաքին պարտքի կրճատման մասին Նիկոլ Փաշինյանի նախկին հայտարարության մասին, ասել է հետեւյալը․ «Ի՞նչ կարիք կար այն կրճատելու, երբ 2019-ի օգոստոսի 14-ից մարդկության պատմության մեջ առաջին անգամ 10 տարեկան արժեթղթերի տոկոսադրույքն (1,57) ավելի ցածր է, քան 2 տարեկանինը։ Շուրջ 1 տասնյակ զարգացած երկրներում ԿԲ-երի կողմից սահմանած տոկոսադրույքը փոքր կամ հավասար է 0-ին։ Ոչ ԱՄՆ-ն, ոչ ԵՄ-ը տնտեսությունը այլ ձևերով խրախուսելու հնարավորություն չունեն, քան ձրի փող բաժանելը։ Եվ ահա այս պայմաններում մերոնք որոշում են էլ պարտք չվերցնել։ Փոխանակ գոնե նոր պարտքերով հին բարձր տոկոսներով պարտքերը փակեն, ներդրումներ կատարեն»։

Տոկոսադրույքների նվազման առկա միտումների մասին վկայում է նաև այս տարվա հունիսին Ռուսաստանի կողմից թողարկված եվրոբոնդերի ցածր տոկոսները՝ 1,5 մլրդ դոլարի եվրոբոնդերի եկամտաբերությունը կազմել է 3,95 տոկոս, այն դեպքում, երբ նախորդ անգամ՝ երեք ամիս առաջ Ռուսաստանի կողմից թողարկված եվրոբոնդերի եկամտաբերությունը 4,62 տոկոս էր։ Այսինքն, ընդամենը երեք ամսում Ռուսաստանի եվրոբոնդերի եկամտաբերությունը նվազել է 0,7 տոկոսով, այն դեպքում, երբ Ռուսաստանը միջազգային պատժամիջոցների տակ է գտնվում։ Համեմատենք յոթ տարում եկամտաբերության նվազումը 2 տոկոսով մեր «հեղափոխական» եվրոբոնդերի համար և երեք ամսում եկամտաբերության նվազումը 0,7 տոկոսով Ռուսաստանի թողարկած եվրոբոնդերի նկատմամբ և եզրակացնենք, թե ո՞ր տնտեսության նկատմամբ է առկա «ահռելի վստահություն»։

Ի դեպ, Չինաստանի կողմից անհամեմատ ավելի ցածր տոկոսներով գումարներ են առաջարկվում, բայց այս երկրից մեր «թավշյա» վարչապետի ակնկալիքները սահմանափակվում են միայն «բադ պեկինյան ձևով» ուտելու մեջ։

Այդուհանդերձ, նոր եվրոբոնդեր թողարկելու անհրաժեշտությանը և ավելի ցածր տոկոով պարտք վերցնելու ու ավելի բարձր տոկոսով պարտքը փակելու առումով Նիկոլ Փաշինյանը հետևել է Հրանտ Բագրատյանի խորհրդին։ Ճիշտ է, նա այլեւս չի կարող ասել, թե արտաքին պարտքը նվազել է, քանի որ այն ավելանալու է 500 մլն դոլարով։ Թեև մեր նախորդ հրապարկմամբ փաստել էինք, որ արտաքին պարտքը իշխանափոխության հաջորդած ժամանակահատվածում ավելացել է, այլ ոչ թե նվազել, իսկ ՀՀ ընդհանուր պարտքը՝ ներքին և արտաքին վերջին մեկ ամսվա ընթացքում ավելացել է։

Այս ամենի մեջ ամենզավեշտալի վիճակում թերևս հայտվելու են «պողոսները»։ Այս անգամ նրանց թույլատրվելո՞ւ է կարծիք հայտնել եվրոբոնդերի, դրանց եկամտաբերության, առաջարկի և պահանջարկի, թողարկման անհրաժեշտության մասին, թե՞ հերթական անգամ վերապահվելու է բացառապես «թավշյա» վարչապետին ծափահարելու «պատիվը»։

Արա Մարտիրոսյան  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ