Նախ տեղեկացնենք, որ ՀՀ պետական պարտքն իր մեջ ներառում է արտաքին պարտքը և ներքին պարտքը։ Հետևաբար, երբ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ գրառում է անում ինչ-որ ժամանակահատվածում արտաքին պարտքի նվազման մասին, ազնիվ կլիներ, որ անդրադառնար նաև ներքին պարտքին և ընդհանուր պետական պարտքի ցուցանիշին։ Սակայն փաստ է, որ Նիկոլ Փաշինյանն ու ազնվությունը հակառակ բևեռներում են, իսկ իրականությունն այն է, որ ՀՀ պետական պարտքն, այդուհանդերձ, աճել է, այլ ոչ թե նվազել։
Անդրադառնալով ՀՀ արտաքին պարտքի ցուցանիշներին «թավշյա» վարչապետն ասել է, որ իշխանափոխությունից հետո այն նվազել է։ Բնականաբար, ոչ մի խոսք ՀՀ ընդհանուր պարտքի ցուցանիշի մասին նա չի ասել։ Մինչ արտաքին պարտքի նվազմանը անդրադառնալը, նախ տեղեկացնենք, որ ՀՀ ընդհանուր պետական պարտքը ընդամենը մեկ ամսվա ընթացքում աճել է մոտ 51 մլն դոլարով և կազմել 6 մլրդ 985 մլն դոլար։ Մասնավորապեոս, եթե արտաքին պարտքը այդ նույն ընթացքում նվազել է 42 մլն դոլարով, ապա ներքին պարտքն աճել է 93 մլն դոլարով։
Ներքին պարտքը պետական պարտատոմսերն են, որոնք պետությունը վաճառում է բնակչությանը որոշակի տոկոսային եկամտաբերությամբ վերջինիս համար։ Այն հիմնականում ՀՀ դրամով բանկային ավանդների տոկոսադրույքին մոտ եկամտաբերություն է ունենում և ընկալվում է որպես ավելի հուսալի միջոց, քան բանկային ավանդը, քանի որ պետությունն է պարտավորվում հետ վերադարձնել գումարն ու վճարել տոկոսները։ Այսինքն, պարզ լեզվով ասած, պետությունը տոկոսով պարտք է վերցնում բնակչությունից։ Ակնհայտ է նաև, որ 12-13 տոկոսադրույքով հետ վերադարձվող գումարը թանկ փող է պետության համար։ Մինչդեռ, ներկայումս միջազգային շուկայում առկա են էժան վարկային միջոցներ, որոնց մասին խոսել է նաև նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, նշելով, որ անգամ առանց տոկոսի և բացասական տոկոսադրույքով գումար առաջարկող կառույցներ կան, մինչդեռ Հայաստանի կառավարությունը փոխանակ այդ հնարավարությունից օգտվի, մաշում է տնտեսությունը՝ դրանից գումարներ հանելով և նվազեցնելով արտաքին պարտքը։
Ինչ վերաբերվում է իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի հայտարարած արտաքին պարտքի նվազմանը։ 2018 թ․-ի մայիսի 31-ի դրությամբ ՀՀ արտաքին պարտքը կազմել էր 5 մլրդ 494 մլն դոլար, այս տարվա՝ 2019 թ․-ի հուլիսի 31-ի դրությամբ՝ 5 մլրդ 414 մլն դոլար։ Արտաքին պարտքն իսկապես նվազել է 80 մլն դոլարով, բայց նվազել է բացառապես Կենտրոնական բանկի պարտքը։
Բանն այն է, որ արտաքին պարտքն էլ իր հերթին կազմված է կառավարության պարտքից և ԿԲ-ի պարտքից։ Եվ ահա ԿԲ պարտքն անցած 14 ամսվա ընթացքում 596 մլն դոլարից նվազել է 83 մլն դոլարով և կազմել 513 մլն դոլար։ Կառավարության պարտքն այդ ընթացքում ոչ միային չի նվազել՝ հակառակ վարչապետական գրառման, այլ ընդհակառակը՝ աճել է 3 մլն դոլարով 4 մլրդ 897 մլն դոլարից դառնալով 4 մլրդ 900 մլն դոլար։
Գուցե Նիկոլ Փաշինյանը հպարտանար որ արտաքին պարտքն այլևս չի՞ աճում, բայց այս թեմայով նախկին տարիներին և անցած տարվա ապրիլ-մայիս ամիսներին իր շահարկումների ֆոնին դա մի տեսակ զավեշտալի կհնչեր։ Սակայն, երբ ստում ես և դա գործելաոճ է, դա արդեն ոչ թե զավեշտալի է, այլ զազրելի։
Մյուս կողմից էլ արտաքին պարտքի նվազումը ինքնանպատակ դարձնելն ու նախկին շահարկումների գերի դառնալն էլ հաճելի կացություն չէ, որի մեջ ինքն իրեն դրել է «դուխով» գլխարկ դրածների առաջնորդը։ Ընդհանուր պարտքի ավելացման և նախկին վարչապետի վկայակոչած պարտքի կառավարման անարդյունավետ լինելու մասին արդեն նշեցինք։ Մյուս կողմից էլ, այդ կացությունը խոսում է այն մասին, որ ներկայիս կառավարությունը չունի երկրի զարգացմանը միտված և ֆինանսավորում պահանջող ծրագրեր, ինչը նշանակում է, որ չկա ֆինանսական ներհոսք և չկա տնտեսության ակտիվության խթան։ Եթե նման ծրագրերի բացակայության կամ դրանք իրականացնելու ունակություններ չունենալու պատճառով անգամ բյուջեով նախատեսված ծախսերը չեն կատարվում, ապա արտաքին ֆինանսավորման կարիք պարզապես չկա։ Դա նման է «հաց չես գնում, որ ծախս չանես» իրավիճակին։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը