13 09 2019

Տեղական արտադրությունն ու Նիկոլ Փաշինյանի նկարած 10 ապրանքները

Տեղական արտադրությունն ու Նիկոլ Փաշինյանի նկարած 10 ապրանքները

Վարչապետի պաշտոնը ֆեյսբուքում Հայաստանի լիազոր ներկայացուցչի հետ շփոթած Նիկոլ Փաշինյանի գրառումները ավելի հաճախակի են դառնում։ Ընդ որում, որքան հաճախակի են դառնում այդ գրառումները, այնքան նվազում են դրանց հետևողները, հավանողներն ու կիսվողները կամ հակառակը՝ քանի որ վերջիններս նվազում են՝ նյարդային վիճակի մեջ գցելով դրանց հեղինակին, նա ավելի հաճախ է գրառումներ անում։ Սակայն էականը ոչ միայն և ոչ այնքան գրառումներն են, որքան դրանց բովանդակությունը։

Փաշինյանական վերջին գրառումներում գերակշռում են վիճակագրական ցուցանիշները, որոնք վերջին մեկ տարում աչքի են ընկնում իրենց հակասականությամբ և իրականության աղավաղմամբ։ Բացի դրանից, Նիկոլ Փաշինյանը իրեն բնորոշ ոճով է անդրադառնում այդ տվյալներին՝ ներկայացնում առանձին ցուցանիշներ՝ առանց ամբողջական ոլորտի վիճակի մասին որևէ բան ասելու կամ փորձում տպավորություն ստեղծել, թե դրանք աննախադեպ են, մինչդեռ նրա հրապարակած աճի բոլոր ցուցանիշները, նախկինում ևս արձանագրվել են և հաճախ շատ ավելի բարձր են եղել։ Այնպես որ, դրանք ոչ թե «այնքան լավն են», այլ փորձ է արվում ներկայացվել որպես այդպիսին։

Հերթական անգամ «այնքան լավ» թվերի շարքում Նիկոլ Փաշինյանի էջում հրապարակվել է մի նկար, որտեղ պատկերված են 10 տեսակի ապրանքներ, որոնց արտադրության ծավալները այս տարվա հունվար-հուլիսին աճել են։ Զուհագեռ մակագրությամբ էջի վարողը գրել է, որ այդ վիճակագրության «շատ բաների մասին է խոսում» և կոչ արել նախապատվությունը տալ տեղական արտադրությանը։ Վերջին կոչի հետ միանշանակ համամիտ ենք։ Պարզապես հիշեցնենք, որ նման կոչ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթում նախկինում երբեք չի արվել, իսկ ներկայումս ԱԺ պատգամավոր դարձած թերթի տնտեսական լրագրողի մշտական մտահոգության թեման ոչ թե տեղական արտադրությունն էր, այլ բանանի և շաքարավազի ներմուծումը։ Սա թերևս ցույց է տալիս, թե որքան կեղծ է տեղական արտադրությունը նախընտրելու փաշինյանական կոչը։

Ինչ մնում է «շատ բաների մասին» խոսացող վիճակագրությանը, ըստ որի, մի շարք ապրանքների արտադրությունը ավելացել է, ապա դա ոչնչի մասին չի խոսում, քանի որ սովորաբար միշտ էլ մի քանի ապրանքների արտադրությունը ավելանում է, մի քանիսինը՝ պակասում, մյուսներինը՝ մնում անփոփոխ։ Նույն հաջողությամբ կարելի է նկարել 10 այլ ապրանքներ, որոնց արտադրության ծավալները այս տարվա յոթ ամիսներին նվազել են։ Այսինքն, հերթական անգամ համոզվում ենք, որ նման գրառումները ուղղված են բացառապես «ժողովրդի վարչապետին» կուրորեն հավատացող «հպարտներին»։

Այժմ, ըստ էության այն մասին, թե իրականում իսկապե՞ս աննախադեպ է մշակող արդյունաբերության աճը, ինչպիսի տպավորություն այս գրառմամբ և տարբեր ելույթներով փորձում է ստեղծել Նիկոլ Փաշինյանը։ Դրա համար բավական է համեմատել այս տարվա հունվա-հուլիս ամիսների մշակող արդյունաբերության աճը նախորդ երկու տարիների՝ 2017-2018 թթ․-երի հետ։

Եթե այս տարվա՝ 2019 թ․-ի հունվար-հուլիսին մշակող արդյունաբերությունում գրանցվել է 10,4 տոկոս աճ, ապա 2018 թ․-ի նույն ժամանակահատվածում այդ աճը կազմել է 9,3 տոկոս, իսկ 2017 թ․-ի նույն ժամանակահատվածում՝ 17,5 տոկոս։

Հատուկ ունակություններ պետք չէ ունենալ հասկանալու համար, թե ինչու է անցյալ տարվա համեմատ այս տարի չնչին աճ արձանագրվել արդյունաբերության այս ճյուղում։ Ապրիլ-մայիսյան ցնցումներից հետո այստեղ ևս տարեսկզբին սկսված բարձր աճը կտրուկ նվազել է։ Բավական է, նշել, որ 2018 թ․-ի հունվար-մարտին Հայաստանի մշակող արդյունաբերությունում սրընթաց՝ 21,4 տոկոս աճ էր գրանցվել, որը հունվար-հուլիսին դարձել էր վերևում նշված 9,3 տոկոս։

Հիմա համեմատենք 17,5 տոկոս կամ 21,4 տոկոս աճերը 10,4 տոկոս աճի հետ։ Այս դեպքում արդեն վիճակագրությունն իսկապես շատ բաների մասին է խոսում՝ թե ինչպես ջախջախվեց երկու-երեք տարի առաջ՝ 2017 թ․-ին Հայաստանում սկսված տնտեսական իսկապես թռիչքաձև աճը, թե իշխանության «թավշյա» զավթումն ինչ բացասական ազդեցություն ունեցավ գործարար միջավայրի, տնտեսության ծավալների, ներդրումների վրա, ինչպես վատթարացավ բնակչության սոցիալական վիճակը, ինչպես փակվեցին ձեռնարկություններ, կրճատվեցին աշխատատեղեր և առանց աշխատանք մնացին հազարավոր մարդիկ։

 

Արա Մարտիրոսյան 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ