19 07 2019

Ե՞րբ է հիմնականում «փակվել» աղետի գոտու թեման

Ե՞րբ է հիմնականում «փակվել» աղետի գոտու թեման

«Կառավարությունը միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսում է 3 մլրդ դրամ հատկացնել լուծելու այն քաղաքացիների բնակարանային խնդիրները, որոնց նկատմամբ պետության պարտավորությունը հստակ, դե յուրե արձանագրված է», այս մասին նշվել է կառավարությունում օրերս տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում։ Անշուշտ, վատ չէ, երբ պետությունը կատարում է իր ստանձնած պարտավորությունը։ Անհասկանալին այն է, երբ դա հերթական անգամ վերածվում է շոուի՝ դրա համար հատուկ խորհրդակցություն է հրավիրվում եւ ներկայացվում որպես խոշոր ծրագիր։ Անհասկանալի է նաեւ, որ նույն խորհրդակցության ընթացքում ներկայացվում է մի ցուցանիշ՝ մոտ 7 հազար տնակներում բնակվողներ, տպավորություն ստեղծելով, որ վերոնշյալ 3 մլրդ դրամը կարգավորելու է նրանց բոլորի բնակարանային խնդիրը։ 3 մլրդ դրամով լուծվում է շուրջ 400-500 ընտանիքների բնակարանային ապահովվածության խնդիրը՝ հիմնականում գյուղական բնակավայրերում բնակվող այն բնակիչների համար, որոնք անօթեւան են մնացել երկրաշարժի պատճառով։

Ինչ մնում է աղետի գոտու լայնածավալ վերակագնմանը, ապա այստեղ ծախսված ահռելի միջոցների, կատարված աշխատանքների եւ դրանց արդյունքների մասին տեղեկատվությամբ արժե թարմացնել իշխանության ղեկին գտնվողների հիշողությունը։

1998-2008 թվականներին՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակահատվածում, աղետի գոտում շահագործման է հանձնվել 768 հազար քմ բնակելի մակերես՝ բարելավելով հիմնականում ընդհանուր առմամբ 20 հազար ընտանիքների բնակարանային պայմանները՝ մեծամասամբ նոր բնակարանների կառուցման միջոցով։

Դեռ հեռավոր 1999-ին այդ նպատակով պետական բյուջեից հատկացվել էր 4 մլրդ դրամ, 2006-ին եւս 10 մլրդ դրամ, 2007-ին՝ 12,2 մլրդ դրամ։ Զուգահեռաբար, նոր շենքեր են կառուցվել «Լինսի» հիմնադրամի ֆինանսավորմամբ։ «Լինսի» հիմնադրամի կողմից այդ նպատակով հատկացվել էր շուրջ 45 մլն դոլար եւ ավելի քան 4 հազար ընտանիքների ձեռք են բերել նոր բնակարաններ։ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ բնակարանների գնման վկայագրերի ծրագրով էլ 2001-2004 թվականներին շուրջ 6 հազար ընտանիքներ ձեռք են բերել բնակարաններ։ Բնակարանային խնդրի լուծմանը զուգահեռ, լայն թափով իրականացվել է դպրոցաշինության, առողջապահական համակարգի կառույցների, մշակութային օջախների եւ կենցաղային նշանակության օբյեկների շինարարությունը, հիմնանորոգվել են ճանապարհներ եւ այլ ենթակառուցվածքներ։ Սրա դիմաց Գյումրու «հեղափոխական» ավագանին Ռոբերտ Քոչարյանին զրկում է Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից՝ եւս մեկ անգամ ցուցադրելով գործող իշխանության ողորմելիությունը։  

Աղետի գոտում դեռեւս անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման նպատակով կառուցապատման երկրորդ լայնածավալ ծրագիրը սկսվել եւ իրականացվել է 2009-2017 թվականներին։ Պետական բյուջեից այդ նպատակով տրամադրվել է 80 մլրդ դրամ, որի միջոցով ավելի քան 5 հազար ընտանիքների համար կառուցվել են նոր շենքեր եւ տներ (գյուղական համայնքներում)։ Այդ միջոցները պետական բյուջեից հատկացվել են մի ժամանակաշրջանում, երբ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով Հայաստանի տնտեսությունը ծանր վիճակի մեջ էր հայտնվել, իսկ բյուջետային եկամուտները կտրուկ նվազել էին։ Սակայն, «մերժված» իշխանությունը կարեւորել է աղետի գոտու վերջնական վերականգնումը եւ, ըստ էության, հիմանակում «փակել թեման»։ Մնացած մի քանի հարյուր ընտանիքների բնակարանային ապահովվածության խնդրի լուծումը նախորդ իշխանության ծրագրի մասն էր, որի ավարտը նախատեսված էր 2017-2018 թվականներին։ Այնպես, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պարզապես պետք է կյանքի կոչի այդ ծրագրի մնացած հատվածը, որի իրականացմանը խոչընդոտել է 2018 թ․-ի այսպես կոչված «սիրո եւ հանդուրժողականության» հեղաշրջումը, եւ դեռ հարց է՝ ե՞րբ դա կանի եւ որքա՞ն կտեւի։

 

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ