31 07 2019

Փաշինյանի «սահմանահատումների նեգատիվ սալդոն», և նվազող բնակչությունը

Փաշինյանի «սահմանահատումների նեգատիվ սալդոն», և նվազող բնակչությունը

Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հերթական կուտը նետեց իր՝ դեռևս հավատարիմ զանգվածին՝ հրապարակելով վերջին հինգ տարիների առաջին կիսամյակների՝ այսպես կոչված «սահմանահատումների նեգատիվ սալդոն»՝ հատուկ ընդգծելով, որ այն նվազել է «32 անգամ կամ 96,9 տոկոսով»։

Այն, որ «թավշյա» վարչապետը հաճախակի է հայտնագործություն արածի նման ինչ-որ ընդհանուր վիճակից կտրված ցուցանիշ հրապարակում, նորություն չէ։ Էական չէ, որ նման հրապարակումները հավանող մի քանի հազար օգտատերերը առանձնապես բան չեն հասկանում դրանց բովանդակությունից, այդ թվում նաև «սահմանահատումների նեգատիվ սալդո» արտահայտությունից։ Նրանք հավանում են առանց հասկանալու կամ մտածելու, և դա արդեն օրինաչափ է դարձել։

Տնտեսական այս կամ այն ցուցանիշը հրապարակելիս, Նիկոլ Փաշինյանն ինքն էլ շատ հաճախ չի հասկանում, թե ինչ է հրապարակում։ Կարևորը տպավորություն թողնել, թե ամեն ինչ հրաշալի է՝ ի հակառակ ողբալի իրականությանը։ Եվ որպեսզի իր նպատակին հասնի, նա հրապարակում է դեռևս հանրության համար չհրապարակված և հետևաբար՝ ստուգման համար անհասանելի ցուցանիշ։

Վերոնշյալ հրապարակումն էլ այդ շարքից է՝ վիճակագրական կոմիտեն դեռևս չի հրապարակել երկրի ժողովրդագրական կացության մասին այս տարվա առաջին կեսի տեղեկատվությունը, որի մեջ էլ ընդգրկված է սահմանահատումների սալդոն կամ ավելի ճշգրիտ՝ ՀՀ սահմանային անցակետերով իրականացված մուտքերն ու ելքերը։ Ավելի պարզ ասենք՝ խոսքը Հայաստան մտնող և երկրից դուրս եկող քաղաքացիների ցուցանիշի մասին է։ Ընդ որում, Նիկոլ Փաշինյանի հրապարակման մեջ նշվում է ընդհանրապես բոլոր ելքերն ու մուտքերը, մինչդեռ ճիշտ կլիներ ներկայացնել միայն ՀՀ քաղաքացիների ելքերն ու մուտքերը։ Ինչո՞ւ նա այդպես չի արել։

Բանն այն է, որ եթե հրապարակվեր այդ ցուցանիշը, ապա բացասական սալդոյի նման ահռելի տարբերության մասին խոսք չէր կարող լինել։ Համենայնդեպս, եթե համեմատում ենք 2015-2018 թվականների առաջին կիսամյակներում ՀՀ փաստաթղթերով մարդկանց ելքն ու մուտքը, ապա պարզվում է, որ մեկնողների և ժամանողների բացասական սալդոն նվազել է ոչ թե 32 անգամ, այլ 2 անգամ՝ 103 հազարից հասնելով 50 հազարի։ Թե ինչպե՞ս է այդ ցուցանիշը փոխվել 2019 թ․-ի առաջին կիսամյակում, անհնար է ասել, քանի որ, ինչպես նշեցինք, վիճկոմը դեռ չի հրապարակել այդ ցուցանիշը։ Այսինքն, պետք է փաստենք, որ ՀՀ քաղաքացիների արտահոսքը, շատ չի կրճատվել, փոխարենը ավելացել է ոչ ՀՀ քաղաքացիների ներհոսքը, որոնց տեսնում ենք մեր փողոցներում և որն արտացոլվում է Նիկոլ Փաշինյանի գրառման մեջ։ Եվ սա ներկայացվում է որպես նվաճում։

Ավելին, կա այլ վիճակագրություն ևս, որը հրապարակվել է ՌԴ Գայդարի ինստիտուտի կողմից, «ՌԴ տնտեսական վիճակի մոնիտորինգի» մասին ուսումնասիրության մեջ և որն արդեն հրապարակվել է հայկական մեդիադաշտում։ Համաձայն այդ ուսումնասիրության, այս տարվա առաջին ամիսներին Հայաստանից Ռուսաստան միգրացիան կտրուկ ավելացել է, և հուլիսի 1-ի դրությամբ Ռուսաստանի Դաշնություն է ժամանալ 49 հազար ՀՀ քաղաքացի։ Նման վիճակում խոսել սահմանահատումների բացասական սալդոյի անգամներով կրճատման մասին, մեղմ ասած, սովորական ստախոսություն է։ Ցավալի իրականությունը թաքցնելու Նիկոլ Փաշինյանի ջանքերն ի դերև են լինում անգամ մեր վիճակագրական այլ ցուցանիշներին ծանոթանալիս։

Մասնավորապես, 2015-2018 թվականների առաջին կիսամյակներին ՀՀ բնակչության նվազումը նույն տեմպով շարունակվել է՝ 2015 թ․-ի հուլիսի 1-ի 3 մլն 5 հազարից 2018 թ․-ի հուլիսի 1-ին հասնելով՝ 2 մլն 970 հազարի։ Այս տարվա հուլիսի 1-ի տվյալներով ՀՀ բնակչության թիվը դեռ հրապարակված չէ, իսկ ահա ապրիլի 1-ի տվյալներով այն կազմել էր 2 մլն 962 հազար՝ արդեն իսկ 8 հազարով նվազելով անցած տարվա հուլիսի 1-ի համեմատ։ Սա է իրական կացությունը, որի մասին Նիկոլ Փաշինյանը գրառում չի անում, իսկ նրա ֆեյսբուքյան էջով սնվողներին էլ շարունակում է թվալ, թե «լավ է լինելու» կամ գուցե արդե՞ն «լավ է», ուղղակի Հայաստանի ժողովուրդը չգիտի այդ մասին։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ