Հետզհետե բացահայտվում է իզմերից հրաժարվելու գուցե` ոչ գլխավոր, բայց ևս մեկ պատճառ։ Թավշյա ռեժիմը սպասարկում է որոշակի օտար շահեր, ուստի և` թավշապետը պարտավորված է կատարել «նպատակային» քայլեր։ Իսկ ցանկացած գաղափար ու սկզբունք ուղղակի սահմանափակում է շահադիտական «նպատակին» հասնելու «միջոցները»։ Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է Նիկոլո Մաքիավելիին վերագրվող «նպատակն արդարացնում է միջոցները» հանցավոր թեզով` գործելով կոպիտ իրավական սխալներ ու ծանր հանցանքներ։
Օտարի «նպատակն» իրագործելու «միջոցներից» մեկն էլ` բոլոր օրենքներից ու սահմանադրությունից հրաժարվելն է, «ազատվելն» է պարտավորությունների ու պատասխանատվության բեռից։ Հենց այս խանգարող «բեռը» թոթափելու համար է թավշապետը շրջանառում «մեզ պետք է այնպիսի սահմանադրություն, որ...», «սա իմ քաղաքական գնահատականն ա», «մեր քաղաքական խնդիրն ա` ունենալ անկախ դատական համակարգ, բայց պայմանով...», «էլ ո՞վ կա, որ տեր դառնա... չի՛ կարող ուրիշ կերպ լինել», «օրենքը աշխատելու համար չէ, այլ` ցույց տալու», «դատական համակարգն անհամատեղելի է նոր Հայաստանի հետ», այլ օրինազանց ու հակասահմանադրական թեզեր։
Թավշապետի պատկերացրած «նոր Հայաստանը» սորոսյան դիկտատուրան է, որտեղ ինքն է որոշելու, թե իրականությունը որքանով է համապատասխանում իր իրականությունից կտրված պատկերացումներին, որտեղ գործադիր, օրենսդիր ու դատական իշխանությունները կունենան մեկ տեր։ Եվ հիմա նա անցել է իր թավշյա երկիրը կերտելու նպատակային քայլերի, որոնցից առաջինը «նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի կարող քաղբանտարկյալ լինել» պարտադրանքն է։ Սա ոչ միայն գլխավոր քաղաքական ախոյանին ազատազրկելու միջոցով ռեժիմը հավերժացնելու նպատակային հաշվահարդար է, այլ նաև սահմանադրական հանցանք` ուղղակի միջամտություն դատական պրոցեսներին։
Թավշապետը իրավական գնահատական հայտնելու, իրավական որոշում թելադրելու իրավունք չունի, բայց բաց տեքստով սպառնում է. եթե որևէ դատարան որոշի, որ նախագահ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է, ապա այդ որոշումն ինքը չի համարելու իր թավշյա դատարանի որոշումը։ Այսինքն. օրենքի տառին ու ոգուն համապատասխան որոշումները, որոնք ի՛ր դատարանը չի կայացնի, չեն համընկնի իրեն դատարանի տերը համարող անհատի կամքին` կհամարվեն թշնամական, թշնամի դատավորների վրա էլ քրեական գործ կսարքվի։ Սա հենց այն «միջոցն» է, որ արդեն կիրառվում է դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ։
Նույն հանցավոր ճանապարհով այսօր քաղաքական նպատակով քրեական գործ է սարքվում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թավմասյանի նկատմամբ։ Տեր և տիկին վարչապետերի սեփական օրաթերթի «հավաստմամբ»` ՍԴ նախագահը «լուրջ խնդիրներ» ունի, քանի որ «ԱԺ աշխատակազմի ղեկավար աշխատած տարիներին մտերիմներին է տարբեր պաշտոններում նշանակել կամ պարբերաբար գործուղումների է մեկնել կնոջ հետ»։ Այսինքն. հանցանքի ցավալի բացակայության դեպքում մեղադրանք է դառնում այն, ինչն արդեն 1 տարի 3 ամիս ամեն օր արել ու անում են տեր ու տիկին վարչապետերը։ Այսինքն. փաշինյաններն իրենք իրենց օժտել են հանցանք գործելու իմպերատիվ իրավունքով` չունենալով ո՛չ օրենսդիր լիազորություն, ո՛չ էլ անգամ սահմանադրական անձեռնմխելիություն։
Մնում է հետևել, թե սուտ մատնության հոդվածը չկիրառելու, շանտաժն ու մատնությունը խրախուսելու և տոտալ կրճատումների պայմաններում ինչպիսի «ցուցմունքներ» կկորզվեն խորհրդարանի ու արդարադատության նախարարության աշխատակզմերից` ՍԴ նախագահի դեմ։ Նրա նկատմաբ ևս քաղաքական հաշվեհարդար իրագործելու նպատակով թավշապետն արդեն արտոնել է` կիրառել ոչ միայն ֆեյք մատնագրեր ընդունելու «ամենափրկիչ» միջոցը, այլ նաև` «ցուցմունք աշխատանքը չկորցնելու դիմաց» տմարդի միջոցառումը։
Արթուր Մխիթարյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը