23 07 2019

Պետեկամուտների կոմիտեի տուգանքների 70 տոկոսը չեղարկվել են

Պետեկամուտների կոմիտեի տուգանքների 70 տոկոսը չեղարկվել են

Պետական եկամուտների կոմիտեն պարբերաբար հայտարարություներով է հանդես գալիս, թե այսինչ տնտեսվարողը տուգանվել է։ Հանրության աչքում այդ ձեռներեցը կամ հիմնարկը գող ու ավազակի կերպար է ստանում, թե տեսեք՝ պարտավորությունները չի կատարում, ստվերում է գործում, թալանում է երկիրը և այլն։

ՊԵԿ-ը, սակայն, հետո հայտարարություն չի տարածում այն մասին, թե ինչ եղավ տուգանքի ակտերի հետ։ Իսկ այդ ակտերի ընթացքը չափազանց ուշագրավ է։

Նրանց մի մասը, ինչպես նաև հարկային ծառայողների գործունեությունը գանգատարկում են ՊԵԿ գանգատարկման հանձնաժողով։

Պարզվում է, որ 2019թ․ առաջին 6 ամիսներին տնտեսվարողները ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովին դիմել են այնքան տնտեսվարողներ, որքան ամբողջ 2018-ին և կրկնակի ավել 2017-ից և 2016-ից։

2019֊ի 6 ամիսների ընթացքում դիմել է 876 տնտեսվարող։ 2018-ին դիմել է 882, 2017-ին՝ 442, 2016֊ին՝ 414։

Ուշագրավ է ոչ միայն դիմումների առատությունը, այլև ելքը․ 2019թ առաջին 6 ամսվա մոտ 900 գանգատարկումից ՊԵԿ֊ը մերժել կարողացել է ընդամենը մոտ 300֊ը։ Այսինքն, բողոքների 70 տոկոսով հայցվորները հասել են հաջողության ամբողջությամբ կամ մասնակի։

Ստացվում է, որ տուգանքը եղել է անհիմն, ֆոն ապահովելու համար, որ ցույց տան, թե հեղափոխական Հայաստանում աշխատում են բարձր տեմպերով, մոտավորապես՝ «հնգամյակը երեք տարում»-ի կարգախոսի նմանությամբ։

Ուշագրավ է նաև, որ ՊԵԿ-ը գանգատարկումների արդյունքները նույն ջանասիրությամբ չի հրապարակում մամուլի հաղորդագրություններով, ինչը որ անում է «սխալներ» հայտնաբերելիս։

Սա խոսում է նաև վստահության պակասի մասին, գործարարները արդեն վստահ են, որ իշխանությունը որպես պատժիչ ուժ է, և իրենց գործընկերների դաշտում չի դիտարկում, ինչպես խոստանում էր։

ՊԵԿ-ի ստուգումները ոչ միայն անառարկելի չեն, այլև նախևառաջ խնդրահարույց են ու կասկածելի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ