23 07 2019

Իջևանյան բախումներ. ուժի կիրառումը համաչա՞փ էր, թե՞ ոչ

Իջևանյան բախումներ. ուժի կիրառումը համաչա՞փ էր, թե՞ ոչ

Հունիսի 17-ի իջևանյան իրադարձությունները իշխանափոխությունից հետո առաջին խոշոր բախումն էր քաղաքացիների և ոստիկանության միջև և բողոքի առաջին խոշոր ապտակը նոր իշխանություններին: ՀՀ վարչապետի ծննդավայր Իջևանի բնակիչները իրենց հայրենակցի սովորեցրած օրինակով իրենց առջև ծառացած ծառի խնդիրները փորձեցին կարգավորել ճանապարհ փակելով: Փաստ է, որ Իջևանում տեղի ունեցող իրադարձությունները բացահայտում են Հայաստանում առկա սոցիալ-հոգեբանական խնդիրները, որը դարձել էր պատճառ ճանապարհ փակելու, սակայն այստեղ կարևոր էր նաև իշխանության մոտեցումը բողոքի այս դրսևորմանը:

Ստեղծված իրավիճակում արդյոք ոստիկանության գործողությունները, ուժի կիրառումը համաչափ էին, թե՝ ոչ հնչում են տարբեր գնահատականներ: Այս մասին խոսել են պետական կառույցի աշխատակիցները, իրավապաշտպան կազմակերպությունները, ՄԻՊ-ը:

Վերջինս ամփոփելով Իջևանում տեղի ունեցած իրադարձությունները ոստիկանության գործողություննների վերաբերյալ՝ նշել է. «Բերման ենթարկված եւ ձերբակալված անձինք առանձնազրույցների ընթացքում պնդել են, որ Ոստիկանության ծառայողներն իրենց անհիմն են բերման ենթարկել, չեն տրամադրել որեւէ տեղեկություն բերման ենթարկելու հիմքերի կամ պատճառների մասին. դա արվել է միայն Երեւանում՝ Ոստիկանության վարչություն բերվելուց հետո: Ավելին, ըստ նրանց՝ արգելանքի վերցնելը տեղի է ունեցել գիշերը, երբ իրենք իրենց ընտանիքների անդամների, այդ թվում երեխաների հետ քնած են եղել, իրենք Ոստիկանություն են տարվել գրեթե մերկ վիճակում՝ ներքնազգեստով: Մի քանի դեպքում նշվել է, որ դա տեղի ունեցել երեխաների, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխայի ներկայությամբ՝ բերման ենթարկելը ուղեկցելով ինչպես իրենց, այնպես էլ ընտանիքի անդամների արժանպատվությունը վիրավորող արտահայտութ¬յուններով: Այս մասին նշել են նաեւ արգելանքի վերցվածների ծնողները Իջանում նրանց հետ ունեցած առանձնազրույցների ընթացքում»:

Իսկ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը նշում է, որ իշխանության կողմից ուժի կիրառումը եղել է ոչ համաչափ: Նա 168.am-ի հետ զրույցում ասել է. «Դա ի՞նչ է նշանակում՝ ընդհանրապե՞ս ուժ չեն կիրառել, թե՞ համաչափ են կիրառել: Ես, ճիշտն ասած, իշխանության ներկայացուցիչների ասածը չեմ տեսել: Եթե ուժ կիրառված չլիներ, փողոցները մինչև հիմա փակ կլինեին: Այսինքն՝ ուժ կիրառվել է, հետևաբար՝ իշխանությունները հավանաբար նկատի ունեն, որ համաչափ է կիրառվել: Բայց մի հարց տամ՝ երբևէ ՀՀ որևէ իշխանության կողմից եղե՞լ է գնահատական, որ ոստիկանության կողմից ուժի կիրառումն անհամաչափ է եղել: Համենայն դեպս, ես գրեթե վստահ կարող եմ պնդել, որ որոշ դեպքերում անհամաչափ է եղել ուժի կիրառումը: Մարդկանց վկայությունները, գիշերվա ռեյդերը, երբ մարդկանց բավականին կոպտորեն բերման են ենթարկել, հուշում են, որ անհամաչափ ուժի կիրառում եղել է»:

Անժխտելի է, որ ոստիկանության ներկայացուցչին հարվածել նշանակում է հարվածել պետությանը և այստեղ ոստիկանության կողմից իրականացվող կանխարգելիչ գործողություններն ամեն դեպքում օրինաչափ են, սակայն իշխանության դիրքորոշումն այս հարցում շատ ավելի կարևոր է, քանզի ոչ թե ոստիկանությունը պետք է հասարակության հետ դեմ առ դեմ հանդիպի, այլ իշխանության, մարզպետարանների ներկայացուցիչները:

Արմինե Արմենակյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ