18 07 2019

Ի՞նչ վեթինգ, ուղղակի ինկվիզիցիա

Ի՞նչ վեթինգ, ուղղակի ինկվիզիցիա

Ինկվիզիցիայի հերթական «դատավարություններից» մեկի վերաբերյալ գերմանացի հանրագիտակ Գեորգ Քրիստոֆ Լիխտենբերգն արձանագրել է. «երբ համոզվեցին, որ չեն կարող նրա ուսերին կաթոլիկական գլուխ դնել` համենայն դեպս կտրեցին բողոքական գլուխը»։ Այսօր էլ մենք ենք պարտավոր արձանագրել. երբ թավշյա ռեժիմը համոզվեց, որ չի կարող դատավոր Դավիթ Գրիգորյանին իր կամքը թելադրել` համենայն դեպս փորձում է նրան առնվազն զրկել նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի դատաքննությունը շարունակելու հնարավորությունից։

Բանն այն է, որ չորեքշաբթի հայտնի դարձավ, որ նույն օրը ՀՔԾ քննիչները խուզարկել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը, առգրավել են նրա համակարգիչը, այդուհետ դատավորի աշխատասենյակը հայտարարել են «հանցանքի վայր» և հրահանգել են ոստիկաններին` կնիքել դատավորի աշխատասենյակը։ Պարզաբանումներ չեն եղել, թե ի՞նչ հանցանքի մասին է խոսքը, կա՞ հարուցված քրեկան գործ, բայց հաստատել են, որ ԲԴԽ-ին նախօրոք իրազեկել են։ Դատավոր Դավիթ Գրիգորյանը տեղի ունեցածի վերաբերյալ հայտնել է, որ «գործողություններն իրականացվում են համապատասխան որոշումների հիման վրա», որոնք ինքը վիճարկելու է։

Ինչո՞ւ հենց հիմա, ինչո՞ւ հենց դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ և ինչո՞ւ այսքան կացնային։ Ամեն ինչ պարզ է ու բացահայտ։ Հենց այն ակնհայտ պատճառով, որ դատավոր Գրիգորյանը առողջ` ո՛չ դիլետանտական, ո՛չ թավշյա, ո՛չ բռի, ո՛չ պոպուլիստական բանականությամբ է անդրադարձել Հայոց Արցախ պետության ներկա ու նախկին նախագահների անձնական երաշխավորագրին և օրենքի տառին ու ոգուն համապատասխան կալանքից ազատ է արձակել Արցախի I և Հայաստանի II նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Նաև այն պատճառով, որ կասեցրել է դատավարության ընթացքը և նախագահ Քոչարյանին առաջադրաված մեղադրանքի սահմանադրականությունը որոշելու համար դիմել է ՍԴ։

Թավշապետի հերթական քաղաքական պատվերը գլխավոր դատախազին, ԲԴԽ-ին, ՀՔԾ-ին և հերթական ճնշումը դատական համակարգի նկատմամբ պարզ ու բացահայտ է։ Թեև Փաշինյանն առերես «ընդունել» ու համաձայնել է Վենետիկի հ/ժ-ի գնահատականին, որ «գործող դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար», բայց դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ գործնականում շարունակում է ինկվիզիցիոն կտտանքները` անձնական օգուտից ու բռնատիրական անհրաժեշտությունից դրդված։

Հավատաքննչական նման բիրտ ու անօրեն ճնշումներ իրագործվեցին նաև վերաքննիչ քրեկան դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ. և դարձյալ առողջ բանականությամբ, օրենքի տառին ու ոգուն համապատասխան վճիռ կայացնելով` նախագահ Քոչարյանին քաղաքական դրդապատճառներով կայացված կալանքից ազատելու համար։ Միանգամայն կանխատեսելի է, որ թավշապետի ինկվիզիցիոն հիմնական թիրախն առաջիկայում դառնալու է ՍԴ-ն։ Սահմանադրական ու քրեական հերթական այս հանցագործությամբ թավշյա վարչապետը պարզապես իրեն արդարադատությունից փրկելու և դատավարության բնականոն, իրավական ընթացքը խաթարելու վերջին հուսահատ քայլ է ձեռնարկել։ Բանն այն է, որ սահմանադրության տառին ու ոգուն համապատասխան որոշում կայացնելու դեպքում ՍԴ-ն անվերապահորեն պետք է հաստատի, որ նախագահ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հակասահմանդրական է։ 2009-ին ընդունված քրօրի 300.1 հոդվածը ոչ միայն հետադարձ ուժ չունի, այլ նաև` սահմանդրական կարգը տապալելու հնարածին մեղադրանքը հանիրավի է առաջադրված սահմանադրական կարգի պահապանի կարգավիճակ ունեցող և սահմանադրական անձեռնմխելիությամբ օժտված նախագահ Քոչարյանին։

ՍԴ այս որոշումից հետո ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, եթե հնարավորություն ունենա օրենքի տառին ու ոգուն համապատասխան վերսկսել կասեցված դատավարությունը, ապա պարտավոր է` հիմնվելով օրենքի ու բարձրագույն դատական ատյանի որոշման վրա, առողջ` ո՛չ թավշյա, ո՛չ բռի, ո՛չ պոպուլիստական, ո՛չ դիլետանտական բանականությամբ առաջնորդվելով, դարձյալ կայացնել նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, առաջադրված մեղադրանքը հակասահմանդրական որակելու, նաև քրեական գործը կարճելու որոշում։

Նախագահ Քոչարյանի մայիսի 18-ից հունիսի 25-ը ազատության մեջ լինելու ընթացքը անշրջելիորեն ու հիմնավորապես ցնցեց թավշապետության առանց այն էլ հեղհեղուկ հիմքերը։ Եվ սա այն դեպքում, երբ նախագահ Քոչարյանը այդ 40 օրերի ընթացքում որևէ քաղաքական գործողություն չկատարեց, ոչ մի քաղաքական ակցիա չձեռնարկեց, այլ ընդամենը հասցրեց մի քանի հանդիպումներ ունենալ իր համակիրների մի մասի հետ, իսկ երեկոյան զբոսնում էր Երևանի փողոցնրում կամ իր ողջ բազմամարդ ընտանիքի հետ ընթրում մայրաքաղաքի սրճարաններից մեկում։

Նախագահ Քոչարյանին կալանքից ազատելու և քրեական գործը կարճելու իրավբանորեն անխուսափելի հեռանկարը ուղղակիորեն աղետ է թավշապետության համար և նշանակում է բռնակալական ռեժիմի քաղաքական ու բարոյական վախճան։ Ուստի հենց միայն ինքնապահպանման բնազդն է, որ թավշապետին, նաև նրա բոլոր հանցակիցներին ու կամակատարներին, ստիպում` անտեսել Վենետիկի հ/ժ-ի մեղմ ու բարի առաջին «խորհուրդները», կամք, պատիվ, արժանապատվություն ունեցող դտավորների և Սահմանդրական դատարանի նկատմամբ շարունակել հակասահմանդրակա, օրինազանց ինկվիզիցիան։

Արթուր Մխիթարյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ