Թավշապետական ողջ համակարգը դեռ օրեր առաջ ամեն առիթով ու առանց որևէ առիթի ունեցած բոլոր խոսափողերով գոռում-գոչում էր, թե նախկինները ՍԴ-ն վերածում են քաղաքական գործիքի։ Մինչդեռ նրանց տհաճ անակնկալ մատուցվեց` երբ բացահայտվեց, որ թավշյա ռեժիմի երևելիները հետևողականորեն ստել են և հենց իրե՛նք են անօրեն միջոցներով ՍԴ-ն քաղաքական հլու գործիքի վերածելու ծրագրված քայլեր կատարել։ Բանն այն է, որ շաբաթ օրը հրապարակվեց Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրությունը, որում պարզ ու հստակ շեշտված է. «Վենետիկի հ/ժ-ը ՍԴ գործող դատավորների մանդատի նկատմամբ միջամտության վտանգ է տեսնում»։
Մեր երկրում թավշյա իշխանության գործած անօրենությունների ընդամենը մի քանի դրվագներ ադեկվատ ու անաչառ գնահատած վերոհիշյալ արձանագրությունը կազմվել է հունիսի 21-22-ին։ Այսինքն, թավշյա ռեժիմը մոտ 3 շաբաթ ժողովրդից թաքցրել է իր գործած հանցանքը մերկացնող փաստաթուղթը։ Բանն այն է, որ ՍԴ-ն իր իրավասությունների սահմաններում որոշել է` վարույթ ընդունել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը և որոշել, թե քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը համապատասխանո՞ւմ է Սահմանադրությանը։
Փաշինյանը և թավշապետական ռեժիմն իրենց մոտալուտ ու անխուսափելի վախճանը զգացին դեռը մայիսի 18-ին, երբ Արցախի I և Հայաստանի II նախագահը Արցախի II և III նախագահների անձնական երաշխավորագրից հետո դատարանի որոշմամբ ազատ արձակվեց։ Թեև թավշյա ռեժիմը գտավ կամակատար դատավոր, և նա առանց որևէ իրավական հիմնավորման` կատարեց նախագահ Քոչարյանին դարձյալ կալանելու պատվերը, բայց այդ 40 օրերի ընթացքում և՛ Փաշինյանը, և՛ ողջ թավշյա վերնախավը հասկացան, որ իրենց ամայացրած քաղաքական դաշտում անշրջելի իրադարձություններ են ծավալվում և սկզբնավորվում է թավշապետության բնականոն մայրամուտը։
Ահա թե ինչու դատարանները շրջափակելու հակասահմանադրական կոչին արձագանքեցին միայն գործադիր իշխանության երևելիները, քպական օրենսդիր ակտիվիստները և ինքնապահպանման բնազդով առաջնորդվող պնակալեզները։ Ահա թե ինչու ողջ թավշյա վերնախավը լծվեց դատական իշխանությունը ևս` օրենսդիր ու գործադիր իշխանության նմանբռնազավթելու, յուրացնելու հակասահմանդրական գործին։ Վենետիկի հ/ժ-ի արձանագրության մեջ հենց այս պետական, անհերքելի ու աղաղակող հանցագործություններն են արձանագրված։ Փաստված է, որ նախագահ Քոչարյանին կալանքից ազատելու քաղաքական հետևանքներից սարսափած է Փաշինյանը` դատարանները շրջափակելու հրաման տվել։ Ուստի, թավշապետի այս քայլն ուղղակիորեն որակված է «քաղաքական միջամտություն դատական իշխանության գործերին» և «սահմանադրությանը հակասող քայլ»։
Վենետիկի հ/ժ-ը նաև հստակ շեշտել է, որ «դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար», քանի որ Փաշինյանն անձնական շահ սպասարկելու (քաղաքական ախոյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդար իրագործելու) համար ցանկանում է ունենալ դատական կամակատար համակարգ և պետությունը վերածում է խիստ վտանգավոր հետևանքներով հղի փորձադաշտի։ Նույն նկատառումներով արձանագրության մեջ «ո՛չ ողջամիտ» է որակված «դատավոր» - «անդամ» բառախաղը շահարկելու միջոցով ՍԴ-ում ճգնաժամային իրավիճակ ստեղծելու իշխանական մտայնությունը։ Միանշանակ շեշտվել է, որ ՍԴ դատավորների կազմը «հստակ» ու «աներբա» շարունակելու է պաշտոնավարել։
Հատկանշական է, որ Վենետիկի հ/ժ-ը առաձնակի «մտահոգություն» է հայտնել, որ դատարանները շրջափակելու Փաշինյանի հակասահմանադրական հրամանը իրագործել են գործադիր ու օրենսդիր իշխանության պատասխանատու պաշտոնյաները, ովքեր նաև «ողջունել» են ինքն իրեն ՍԴ նախագահ հռչակած անձի արկածախնդրությունը և իրավական հիմնավորումներով «արդարացրել» են նրա հանցանքը։ Ինքնին այս կերպ փաստվել է, որ Փաշինյանը յուրացրել է օրենսդիր ու գործադիր իշխանությունը, ճնշումներ է գործադրել դատարանի նկատմամբ, ուստի նախագահ Քոչարյանի գործի քննությունը անաչառ ու արդարացի ընթացք չի ունեցել և նա հանիրավի է զրկվել ազատությունից։
Միանգամայն կանխատեսելի է, որ այս հիմքի վրա առաջիկայում ՄԻԵԴ-ը պաշտոնապես կհաստատի, որ նախագահ Քոչարյանը քաղբանտարկյալ է և նրա նկատմամբ քաղաքական հաշվեհարդար է իրագործվում։ Վենետիկի հ/ժ-ի հունիսի 21-22-ին ցույց տված ու օրերս գաղտնազերծված «դեղին քարտից» հետո ՄԻԵԴ-ի այս արձանագրությունն իրավամբ կդառնա թավշապետությանը ցույց տրված «կարմիր քարտ», որի հետևանքներն անհաղթահարելի կդառնան Փաշինյանի համար։
Արթուր Մխիթարյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը