Ընդամենը մեկ ամիս առաջ` հերթական անգամ Փաշինյանը հաստատեց, որ նույն խոսքի մեջ իր ամեն հաջորդ միտքը նախորդի հերքումն է. «Մեզ պետք ա էնպիսի դատական համակարգ, որի կայացրած որոշումները ո՛չ վարչապետը, ո՛չ ընդդիմությունը, ո՛չ իշխանությունը, ո՛չ քաղաքացիները չքննարկեն։ Ես ասել եմ, որ դատական իշխանության գործերին չեմ միջամտում և չեմ միջամտել։ Դատարաններ արգելափակելու որոշումը` դա ի ցույց դնելն էր, որ դատական համակարգի որոշումների հետ ես ոչ մի կապ չունեմ։ Էստեղ գալիս ա արդեն քաղաքական որոշումների ժամանակը։ Ես չեմ կարող հանրության ուղերձը անտեսել։ Ինձ պետք չի մարիոնետային դատարան։ Ինչի էսօր Հայաստանում դատավոր կա՞, որ վարչապետի ասածը կարողա չանի»։
Այսինքն. թավշյա տիրակալնը հստակ ասում է, թե իրեն ինչպիսի դատարան է պետք` թեև սահմանադրությունն ու օրենքն են «ասում», թե ինչպիսին պետք է լինի դատարանը։ Հետո ասում է, թե չի՛ միջամտում դատական վարույթներին` թեև ԱԱԾ և ՀՔԾ պետերի հետ հեռախոսային գաղտնալսումները հակառակն են ապացուցում։ Հետո «քննարկում» է դատարանի կայացրած որոշումը և դատարանների մուտքերն արգելափակելու հրահանգ է արձակում։ Դատարններն արգելափակող գործադիր ու օրենսդիր պաշտոնյաները նրա հրամանով փաստացի բիրտ ճնշում են գործադրում դատավորների վրա` քանի որ դատավորի կայացրած որոշումը թավշապետի ուզածը չէ, իսկ օրենքի ուժով ու սահմանադրական կարգով ազատության մեջ հայտնված նախագահ Քոչարյանը անհաղթահարելի քաղաքական սպառնալիք, աղետ, վտանգ է իր ռեժիմի համար։
Ստացվում է, որ Փաշինյանը միայն սահմանադրական կարգը բռնությամբ ոտնահարելու և ադմինիստրատիվ ռեսուրսի ընտրախավին հանցագործության մղելու միջոցով է պատկերացնում «ի ցույց դնելը», թե իր գլխավոր դատախազին չի գործուղում դատարաններ` իր կայացրած դատավճիռը դատավորին բանավոր թելադրելու համար։ Հետո, այս «չմիջամտողը» ջնջում է իր նախորդ ասածները և պարզ ու հստակ հաստատում, որ իր ուզած դատարանն ունենալու համար ո՛չ թե ԱԺ-ն է իրավական լուծումներ գտնելու, այլ ինքն է քաղաքական որոշումներ կայացնելու և դրանք թելադրելու օրենսդիրին։ Սա ևս սահմանադրական հանցանք է, որը թավշապետը գործում է` դարձյալ թաքնվելով վաղուց իր ստերից հոգնած ժողովրդի թիկունքում ու արդարանալով «հանրության ուղերձ» բրեժնևյան անգո հնարանքով։
Այսքանից հետո ուղղակի որպես զավեշտ է հնչում «ինձ պետք չի մարիոնետային դատարան» հռետորական կեղծիքը, հատկապես երբ հաջորդում է «ինչի էսօր Հայաստանում դատավոր կա՞, որ վարչապետի ասածը կարողա չանի» ուղղափառ բռնապետական խոստովանանքը։ Պնդում, որ միանշանակ հաստատում է. Փաշինյանի ուզածը բացառապես կամակատար դատավորներով դատարաններ, ԲԴԽ, ՍԴ և նրանց վերակացուի պես վերահսկող, հլու-հնազանդ դատախազություն ունենալն է։
Փաշինյանի յուրաքանչյուր խոսքն այսպես «քննելու» դեպքում սուտը հառնում է իր ողջ մերկությամբ։
Արթուր Մխիթարյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը