Ակնհայտ է, որ առանց ներդրումների անհնար է որևէ երկրի զարգացումն ու բնակչության բարեկեցությունը։ Այս առումով, այսպես կոչված «թավշյա հեղափոխությանը» հաջորդած ավելի քան մեկ տարվա ընթացքում հպարտանալու ոչինչ չկա։ Ներդրումները շարունակում են նվազել։ Տարեսկզբին ներդրումների ցուցանիշի վերաբերյալ «դուխով» գրառում կատարած Նիկոլ Փաշինյանը դրան հաջորդող ամիսներին այլևս չի անդրադառնում այդ թեմային։ Մինչդեռ հետաքրքիր է, թե ի՞նչ վիճակ է Հայաստանում ներդրումների առումով, ի՞նչ փոփոխություններ են արձանագրվել վերջին ամիսներին։ Այդ առնչությամբ Կենտրոնական բանկը հրապարակել է 2019 թ․-ի առաջին եռամսյակում օտարերկրյա ներդրումների ցուցանիշը, իսկ մինչ այդ ուղղակի ներդումների ցուցանիշներն էր հրապարակել վիճակագրական կոմիտեն։
Համաձայն վիճակագրական կոմիտեի հրապարակման, այս տարվա առաջին եռամսյակին ուղղակի օտարերկրյա ներդրումները Հայաստանում նվազել են 37 մլրդ դրամով, իսկ Կենտրոնական բանկի հրապարակած տեղեկատվության համաձայն, այդ նույն ժամանակահատվածում օտարերկրյա ներդրումները Հայաստանում կազմել են 34,4 մլն դոլար։
Հասկանալու համար սա շատ է, թե՞ քիչ, լավ է, թե՞ վատ, վերադառնանք տարեսկզբին ներդրումների աճով հպարտացող, իսկ իրականում իր ընտրազանգվածին անհասկանալի թվերով «կերակրող» Նիկոլ Փաշինյանի հայտնի գրառմանը։ Նա բերել էր օտարերկրյա ներդրումների վերաբերյալ հետևյալ աղյուսակը․
2017, I եռամսյակ, 68 մլն դոլար
2017, II եռամսյակ՝ 29.1 մլն դոլար
2017, III եռամսյակ՝ 50.9 մլն դոլար
2017, IV եռամսյակ՝ 101.8 մլն դոլար
2018, I եռամսյակ՝ 94.2 մլն դոլար
2018, II եռամսյակ՝ 8.9 մլն դոլար
2018, III եռամսյակ՝ 75.5 մլն դոլար
Ապա հպարտացել էր, որ 2018 թ․-ի III եռամսյակի ներդրումներն ավելի էին 2017թ․-ի նույն եռամսյակի համեմատ, իսկ II եռամսյակի գահավիժող անկումից հետո դրանք կրկին ավելացել էին։ Այն, որ այս ցուցանիշները Նիկոլ Փաշինյանի համար հպարտանալու առիթ չէին, միանշանակ է, քանի որ դրանք նախորդ՝ Կարեն Կարապետյանի կառավարության ժամանակ և ջանքերով ներգրավված ներդումային ծրագրերի ցուցանիշներն էին, որոնք II եռամսյակում՝ «սիրո և հանդուրժողականության» ցնցումների պատճառով կասեցվեցին։ Հետագայում, 2018 թ․-ի III եռամսյակում ներդրումների որոշ մասն իսկապես վերականգնվեց, բայց հարվածն արդեն հասցված էր՝ դրան հաջորդող ամիսներին Հայաստան կատարվող ներդրումները անընդհատ իջնում են։ Նույն՝ անցյալ տարվա արդեն չորրորդ եռամսյակում ներդրումներն արդեն կազմեցին 67,7 մլն դոլար, իսկ 2018 թ․-ի տարեկան ցուցանիշը չգերազանցեց 2017 թ․-ի ցուցանիշին։
Այժմ վերևում հիշատակված 2019 թ․-ի առաջին եռամսյակի 34,4 մլն դոլար կազմող ներդրումների մասին։ Այն գրեթե երեք անգամ ավելի քիչ է, քան 2018 թ․-ի առաջին եռամսյակի 94,3 մլն դոլարը և գրեթե երկու անգամ ավելի քիչ, քան անցյալ տարվա չորրորդ եռամսյակի 67,7 մլն դոլարը։ Ի դեպ, արժե նշել, որ 2019 թ․-ի առաջին եռամսյակի ներդրումների ցուցանիշը կրկնակի զիջում է անգամ 2017 թ․-ի առաջին եռամսյակի և որոշ չափով՝ նաև 2016 թ․-ի առաջին եռամսյակի ցուցանիշին։ Սա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանն այլևս չի անդրադառնում ներդրումների ցուցանիշին՝ ոչ «դուխով», ոչ առանց դրա, այլ մշտապես փորձում է ինքն իրեն և ուրիշներին համոզել, որ «տնտեսությունը լավ տրամադրություն ունի»։ Բնականաբար համոզիչ չի և անգամ ծիծաղելի է։
Առաջ անցնելով նշենք, որ Ամուլսարի ներդրումային ծրագրի վերսկսման դեպքում, որի ավելի քան մեկ տարով կասեցումը դարձյալ «թավշյա» կառավարության և նրա ղեկավարի մեղքով է եղել, ներդրումների ծավալը որոշ չափով կավելանա։ Սակայն, դրա հետ Նիկոլ Փաշինյանը ոչ մի կապ չունի՝ Ամուլսարի՝ վերջին տարիների խոշորագույն՝ 380 մլն դոլարանոց ներդրումային ծրագիրը սկսվել է 2015 թ․-ին։ Հետևաբար, երբ ներկայումս կառավարության ղեկավարի աթոռը զբաղեցնող անձը փորձի իրեն վերագրել ներդրումների ցուցանիշի հնարավոր փոփոխությունը, մենք կհիշեցնենք այս իրողությունը։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը