25 06 2019

Տնտեսական ցուցանիշներ՝ իրականությունն ու վիճակագրությունը դարձյալ հակառակ բեւեռներում

Տնտեսական ցուցանիշներ՝ իրականությունն ու վիճակագրությունը դարձյալ հակառակ բեւեռներում

Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակվող սոցիալ-տնտեսական ցուցանիշներն ու իրականությունը միմյանցից հակառակ ուղղություններով հեռացող գծեր են։ Այս հանգամանքը նկատի ունենալով, թերեւս անհրաժեշտ չէր լինի դրանց անդրադառնալ, եթե կարեւոր չհամարեինք այդ ցուցանիշներում առկա հակասությունները հանրությանը ներկայացնելը։ Հակասություններ, որոնք ակնհայտ են դարձնում այն աճպարարությունները, որոնց դիմում է այս կառույցը Նիկոլ Փաշինյանի հերթական կամ արտահերթ գրառման կամ ելույթի մեջ կառավարության աշխատանքը «փայլուն» գնահատելու համար։

Մինչ հունվար-մայիս ամիսների ցուցանիշներին անդրադառնալը, հիշեցնենք, որ նախորդ՝ հունվար-ապրիլ ամիսների ցուցանիշներով ապրիլ ամսին տնտեսության բոլոր ճյուղերում անկում էր գրանցվել մարտի համեմատ։ Դա, բնականաբար, դուր չէր եկել վարչապետի պաշտոնում հայտնված մարդուն եւ, բնականաբար, նա չէր կարող թույլ տալ, որ մայիս ամսին եւս իրականությանը քիչ թե շատ մոտ տվյալ հրապարակվեին։

Եվ ահա հունվար-մայիսի ցուցանիշներում մայիսին ապրիլի համեմատ բոլոր ճյուղերը (բացի գյուղատնտեսությունից, որի տվյալները սկսել են եռամսյակային կտրվածքով հրապարակվել) կարծես հրահանգով աճ են «արձանագրել»։ Տնտեսական ակտիվության աճի ցուցանիշն էլ կազմել է 7,3 տոկոս։ Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այս ցուցանիշի զավեշտալի լինելուն անդրադարձել է իր գրառմամբ, ուստի անդրադառնանք մյուս ցուցանիշներին։

Բացի առեւտրից եւ ծառայություններից, որոնք կառավարության ցույց տված աճի հիմնական ոււղություններն են, այս անգամ դրան ավելացել էր շինարարությունը, որտեղ նախորդ ամսվա համեմատ պարզապես հեքիաթային՝ 43 տոկոս աճ է գրանցվել։ Սեզոնային գործոնն այստեղ կա անշուշտ, բայց շինարարության տեմպի նման ակտիվացումը պետք է որ նկատելի լիներ իրական կյանքում։

Հետաքրքրական է արդյունաբերության ցուցանիշը։ Այն ապրիլ ամսվա համեմատ եւս աճել է, բայց գումարային առումով արդյունաբերական արտադրանքի ծավալները չեն հասել անգամ մարտ ամսվա ծավալներին։ Իսկ այժմ, թե ինչո՞ւ, մեղմ ասած, արժանահավատ չեն տնտեսական ակտիվության աճի ցուցանիշները։

Այս առթիվ բազմիցս նշել ենք, որ կան այլ ցուցանիշներ, որոնք համարժեք պետք է լինեն այլ ցուցանիշների հետ։ Օրինակ, չի կարող ներմուծումը ամիսներ շարունակ նվազի, արդյունաբերությունը ցածր աճ ունենա, իսկ մեր ներքին առեւտուրը՝ երկնիշ տեմպերով աճի։ Չէ՞ որ առեւտրի օբյեկտներում վաճառվում են կամ ներմուծված, կամ տեղում արտադրվող ապրանքները, այդ դեպքում այդ ինչպե՞ս է վաճառքն այդքան ավելանում։ Կամ՝ եթե արդյունաբերությունն աճում է թեկուզ փոքր տեմպով, ապա ինչո՞ւ է արտահանումն անընդհատ նվազում։ Կամ եթե արդյունաբերությունն աճում է, իսկ շինարարությունն անցյալ ամսվա համեմատ նման ցնցող աճ է ունեցել, ապա ինչո՞ւ է էլեկտրական էներգիայի արտադրության ծավալները թե՛ հինգ ամիսների ընթացքում նախորդ տարվա հինգ ամիսների համեմատ, թե՛ մայիսին ապրիլի համեմատ նվազել։ Թե՞ արդյունաբերությունը կամ շինարարությունն այլեւս առանց էլեկտրաէներգիա են սկսել գործել։

Ինչ վերաբերվում է ներմուծման-արտահանմանը։ Մեր նախորդ հրապարակման մեջ նշել էինք, որ վիճակագրական կոմիտեի՝ հունվար-ապրիլ ամսվա ցուցանիշների վերաբերյալ մի քանի օրվա տարբերությամբ՝ մայիսի 27-ի եւ հունիսի 5-ի հրապարակումների մեջ 101 մլն դոլարի տարբերությամբ ցուցանիշներ են հայտնվել, որից 35 մլն դոլարը ավելացվել էր արտահանման մեջ, 66 մլն դոլարը՝ ներմուծման մեջ։ Որեւէ պարզաբանում թե ինչպե՞ս էին դրանք հայտնվել մի քանի օրվա մեջ, չեղավ։ Իսկ նպատակը մեկն էր՝ արտաքին առեւտրի ցուցանիշը որոշ չափով «առաջ գցել»՝ տնտեսության մյուս ցուցանիշներին «համապատասխանեցնելու» համար։ Արդյունքում, հաջողվել է անցած տարվա մայիսի համեմատ արտահանման մեջ աճ ցույց տալ, իսկ ահա մայիսին նախորդ ամսվա ապրիլի համեմատ թե ներմուծման, թե արտահանման մեջ դարձյալ անկում է։ Հավանական է, որ հաջորդ ամսվա ցուցանիշները հրապարակելուց ամեն ինչ «դզված» կլինի եւ վերեւում հիշատակված 101 մլն դոլար թիվը արդեն իր նշանակությանը ծառայի։

Առայժմ հունվար-մայիսի արտահանման-ներմուծման ցուցանիշներում դեռեւս խառնաշփոթ է՝ արտահանման ցուցանիշի փոփոխությունն ավելի մոտ է հունիսի 5-ի հրապարկմանը, ներմուծմանը՝ մայիսի 27-ինը։ Մի խոսքով, դեռ որոշակի ժամանակ է պետք, որ «առաջ գցածն» աշխատի, մանավանդ որ Նիկոլ Փաշինյանն արդեն հանձնարարեց՝ Հայաստան ներմուծվող մեքենաների ցուցանիշից եւս ընդգրկել արտահանման ցուցանիշի մեջ, քանի որ, նրա կարծիքով, դրանց մեջ մասը հետագայում արտահանվում է ԵԱՏՄ այլ երկրներ։

 

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ