27 05 2019

Ապրիլին, մարտի համեմատ, Հայաստանում տնտեսական անկում է արձանագրվել

Ապրիլին, մարտի համեմատ, Հայաստանում տնտեսական անկում է արձանագրվել

Անդրադառնալով վիճակագրական կոմիտեի կողմից անցյալ ամիս հրապարակած սոցիալ տնտեսական ցուցանիշներին, նշել էինք, որ ցանկալին իրականության տեղ ցույց տալու համար վիճակագրական կոմիտեն դիմում է մանր խորամանկությունների։ Մասնավորապես, սկսած այս տարվանից, տվյալները հրապարակվում են ուշացումով, գյուղատնտեսության ցուցանիշներն էլ սկսել են հրապարակվել եռամսյակային կտրվածքով։ Սակայն, քանի որ դա էլ արդեն բավարար չէ գոյություն չունեցող տնտեսական աճը ցույց տալու համար, գործի է դրվել մեկ այլ խորամանկություն։ Ենթադրենք, եթե անցյալ ամսվա հրապարակման մեջ աճի ցանկալի ցուցանիշը պատկերելու համար բարձր են ցույց տրվել առեւտրի ծավալները, ապա հաջորդ անգամ առեւտրի ծավալները մոտեցնում են իրականությանը, իսկ փոխարենը՝ բարձր են ցույց տալիս արդյունաբերության ծավալները, հաջորդ անգամ արդյունաբերության ծավալները փոքր-ինչ կբերեն իրականության մոտ ցուցանիշի, բայց հիմա էլ շինարարության ծավալը բարձր ցույց կտան։ Արդյունքում, ստացվում է կառավարության կողմից նախապես պատվիրված տոկոսային տնտեսական աճը։

Ի դեպ, այն պահից ի վեր, ինչ վիճակագրական կոմիտեն սկսել է կիրառել տնտեսական ակտիվության ցուցանիշը, այնպես չի եղել, որ այդ ցուցանիշը ավելի բարձր լինի տնտեսական աճի (ՀՆԱ) ցուցանիշից։ Սակայն Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ ամեն ինչ հնարավոր է։ Այս տարվա հունվար-մարտի տնտեսական ակտիվության 6,5 տոկոս աճը դարձել է համախառն ներքին արդյունքի 7,1 տոկոս աճ։ Եվ բնականաբար, ոչ մի բացատրություն կամ պարզաբանում, թե այդ ի՞նչ է փոխվել մեթոդաբանության կամ տնտեսական իրականության մեջ, որ նման երեւույթ է արձանագրվում։ Ինչեւէ։ Վերադառնանք 2019 թ․-ի հունվար-ապրիլ ամսվա վիճակագրական կոմիտեի հրապարակած սոցիալ-տնտեսական ցուցանիշներին։

Տարվա չորս ամիսների տնտեսական ակտիվության աճը, ըստ վիճկոմի, դարձել է 7 տոկոս։ Այս ցուցանիշը ստանալու համար կիրառվել է վերեւում նշված խորամանկ մոտեցումը։ Նախորդ անգամ ավելի բարձր պատկերված առեւտրի, ծառայությունների եւ շինարարության աճերն այս անգամ մոտեցվել են իրականությանը եւ փոքր-ինչ ցածր ներկայացվել, բայց տնտեսական ակտիվության ցուցանիշի անկում թույլ չտալու համար համարժեք չափով բարձր է ցույց տրվել արդյունաբերության արտադրանքի աճի ցուցանիշը։ Այդուհանդերձ, տնտեսական անկումն այն աստիճանի նկատելի է, որ այլեւս անհնար է որեւէ կերպ դա թաքցնել։ Խոսքը ապրիլին մարտ ամսվա համեմատ գրեթե բոլոր ճյուղերում տեղի ունեցած անկման մասին է։

Այսպես, արդյունաբերությունը ապրիլին մարտի համեմատ նվազել է 3 տոկոսով, շինարարությունը՝ 10,8 տոկոսով (հիշում ենք շինարարության «բումի» մասին փաշինյանական հերթական կեղծիքը), առեւտուրը՝ 1,8 տոկոսով, գյուղատնտեսության ցուցանիշը հրապարակվում է ըստ եռամսյակների եւ նախորդ հրապարակման մեջ եւս անկում է արձանագրվել եւ միայն ծառայությունների ոլորտում է չնչին 0,5 տոկոս աճ ներկայացվել, իսկ ընդհանուր տնտեսական ակտիվությունը նվազել է 0,3 տոկոսով։ Սակայն արի ու տես, որ չնայած մարտ ամսվա համեմատ ապրիլ ամսին նման անկում է արձանագրվել, բայց հունվար-մարտի 6,5 տոկոս տնտեսական աճը հունվար-ապրիլին դարձել է 7 տոկոս։ Ինչպե՞ս կարող է դա լինել։ Նման հնարքների թերեւս միայն վիճակագրական կոմիտեն է տիրապետում։

Հունվար-ապրիլին պատկերված 7 տոկոս տնտեսական ակտիվության աճի իրականությունից հեռու լինելու մասին են փաստում ամիսներ շարունակ արձանագրվող արտաքին առեւտրի ու էլեկտաէներգիայի արտադրության ծավալների նվազումը։ Պարզապես անհնար է, որ արդյունաբերությունն ու շինարարությունը աճեն , իսկ էլեկտրաէներգիայի արատադրության ծավալները շարունակաբար նվազեն՝ այս անգամ չորս ամսվա տվյալներով 9,2 տոկոսով։

Անհնար է նաեւ այն իրավիճակը, երբ արդյունաբերության ծավալները կամ չնչին աճ են ունենում կամ չեն աճում, ներմուծման ծավալները նվազում են, բայց առեւտրում, որտեղ վաճառվում են կամ տեղական արտադրության կամ ներմուծվող ապրանքներ, աճ արձանագրվի։ Չենք խոսում առեւտային գործունեությամբ զբաղվողների համատարած պնդման մասին, ըստ որի, վերջին 7-8 ամիսներին իրենց առեւտրի շրջանառության ծավալները նվազել են։

Ի վերջո, արտաքին առեւտրի ցուցանիշն այն հիմնական ցուցիչներից է, թե ինչպիսի՞ն է տնտեսական կացությունը տվյալ երկրում։ Եթե տնտեսությունը զարգանում է արտաքին առեւտրի ծավալներն աճում են, ինչը տեղի էր ունենում 2017 թ․-ին եւ 2018 թ․-ի առաջին ամիսներին եւ հակառակը՝ եթե տնտեսությունը անկում է ունենում, դա անդրադառնում է նաեւ արտաքին առեւտրի ծավալների վրա։ Ճիշտ այնպես, ինչպես ընտանիքում, եթե բարեկեցությունը բարձրանում է ավելի մեծ ծավալներով ենք առեւտուր կատարում, եթե նվազում է՝ ավելի քիչ։

Այս տարվա հունվար-ապրիլին Հայաստանի առեւտուրն այլ երկրների հետ կազմել է 2 մլրդ 181 մլն դոլար՝ նվազելով 4,2 տոկոսով։ Արտահանումը կազմել է մոտ 716 մլն դոլար՝ նվազելով 8,6 տոկոսով, ներմուծումը կազմել է 1 մլրդ 465 մլն դոլար՝ նվազելով 1,9 տոկոսով։ Սա նշանակում է նաեւ, որ մեր արտաքին առեւտրի բացասական տարբերությունը շարունակում է խորանալ, որ Հայաստանից ավելի շատ գումար դուրս գալիս, քան մտնում թե այս ճանապարհով, թե մարդկանց կողմից արտերկիր կատարվող փոխանցումների ավելացման տեսքով։

Հայաստանի տնտեսական վերոնշյալ կացությունն անշուշտ սկսել է ազդել նաեւ բնակչության սոցիալական կացության վրա։ Այդ գործընթացը շարունակվելու է ու խորանալու, քանզի չկա ոչ մի նշույլ այն բանի, որ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը ցանկանում են կամ ի վիճակի են տնտեսական զարգացման որեւէ քայլ անել, չխոսելով արդեն մշակված եւ հավակնոտ ծրագրի մասին։

Ապրիլին, նախորդ ամսվա համեմատ վատթարացող ցուցանիշները, եթե հիմք են, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարի, թե «թափ ենք հավաքում», ապա ցավակցել միայն կարելի է դեռեւս դրան հավատացող «հպարտներին»։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ