12 06 2019

Սննդամթերքի գները շարունակում են սրընթաց աճել․ Թվեր

Սննդամթերքի գները շարունակում են սրընթաց աճել․ Թվեր

Երկու ամիս առաջ կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ի լուր բոլորի հավաստիացրեց, այս տարի լոլիկի գները «նորմալ եւ ընդունելի» կլինեն։ Դատելով ապրիլ եւ մայիս ամսվա պատկերից, լոլիկի գները աննորմալ եւ անընդունելի բարձր են եղել եւ այդիսին են նաեւ այժմ՝ հունիս ամսին։ Ապրիլ ամսին լոլիկի գները տատանվում էին 1 կգ-ն 1200-1400 դրամի, մայիսին՝ 900-1000 դրամի, իսկ հիմա՝ 500-600 դրամի սահմաններում։ Հերթական անգամ վարչապետի ասածը տեղի չունեցավ եւ չէր էլ կարող տեղի ունենալ։ Հայաստանում հունվար-մայիս ամսվա գների ինդեքսը վկայում է այն մասին, որ սննդամթերքի գնաճի տեմպը շարունակում է բարձրանալ։ Սրա մասին քիչ անց։ Մինչ այդ թարմացնենք Նիկոլ Փաշինյանի եւ նրան դեռեւս հավատացողների հիշողությունները։

Նախորդ տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին լոլիկի գինը աննախադեպ բարձր էր՝ 1 կգ-ն 600-700 դրամ։ Մեկ անգամ եւս ընդգծենք, որ դրա միակ մեղավորը Նիկոլ Փաշինյանն էր։ Հենց նա թույլ չտվեց, որ հուլիս-օգոստոս ամիսներին Սեւանա լճից ջրառ կատարվի, ինչի պատճառով բերքի ահռելի ծավալ առանց ոռոգման ջրի ոչնչացավ շոգից։ Արդյունքում, գյուղատնտեսությունում ավելի քան 8 տոկոս անկում եւ շուրջ 17 մլրդ դրամի բերքի կորուստ ունեցանք։ Դա էլ բերեց բանջարեղենի եւ մրգի բարձր գնաճին։ Բնական է, որ գյուղատնտեսության մեջ նման կորուստը չի կարող սահմանափակվել միայն մեկ տարով, այն իր հետեւանքներն է ունենալու մի քանի տարի։ Շոգից ոչնչացած մշակաբույսերի փոխարեն նոր տնկիների աճեցման եւ բերքատվության հասնելու համար տարիներ են պետք՝ որոշ դեպքերում՝ քիչ, որոշ դեպքերում՝ ավելի շատ։ Բնականաբար, դա էլ հանգեցրել է այս տարվա բարձր գնաճին, որը հարկադրված է արձանագրել անգամ վիճակագրական կոմիտեն։ Այս դեպքում կեղծելը բավականին բարդ է, քանի որ բոլորս տեսնում ենք ապրանքների գները։

Վիճակագրական կոմիտեի՝ «Սպառողական գների ինդեքսը 2019 թ․-ի հունվար-մայիսին» հրապարակման մեջ տեսնում ենք, որ 12 ամսյա գնաճը (այս տարվա մայիսը անցյալ տարվա մայիսի համեմատ) կազմել է 2,8 տոկոս, իսկ ահա սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիքչների գներն աճել են 5,3 տոկոսով, իսկ ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքներինը՝ 4,5 տոկոսով։ Այժմ փոքր-ինչ մանրամասն բնակչության կողմից ամենաշատ սպառվող սննդամթերքի տեսակների գների վերաբերյալ։

Կտրուկ գնաճ, որի պատճառն արդեն նշվեց, տեղի է ունեցել բանջարեղենի ապրանքախմբում՝ 22 տոկոս նախորդ տարվա մայիսի համեմատ։ Մրգի գնաճը 3,2 տոկոս է։ Կաթնամթերք, պանիր եւ ձու ապրանքախմբում գներն աճել են 3,5 տոկոսով, իսկ ահա միայն ձվի գների աճը ամենաբարձրն է եղել՝ անցյալ տարվա մայիսի համեմատ 26,9 տոկոսով։ Մսամթերքի գնաճը կազմել է 2,4 տոկոս։ Այստեղ եւս հիշեցման կարիք կա։ Անցյալ տարվա մայիսին սուպերմարկետներին մսի մատակարարման համար ավելացված արժեքի հարկի դաշտ անցնելու պահանջը կտրուկ թանկացրեց միսը։ Դա հարվածեց թե բնակչության գրպանին, թե տեղական միս արտադրողներին։ Դրանից հետո էժան միս սկսվեց ներկվել այլ երկրներից, որի հետեւանքով գներն ընկան, բայց տեղական միս արտադրողները հայտնվեցին ծանր կացության մեջ։ Արդյունքում, այս տարվա չորս ամիսների տվյալներով Հայաստանում մսամթերքի արտադրության ծավալները նվազել են մոտ 5 տոկոսով։

Ասվածին հավելենք, որ սննդամթերքի գնաճի ամսեամիս բարձրացող ցուցանիշը ամենամեծ հարվածն է հասցնում մարդկանց գրպանին։ Բանն այն է, որ վիճկոմիտեի «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը» ուսումնասիրության համաձայն, մեկ շնչի ընդհանուր ծախսերի մեջ սննդամթերքի ծախսն ամենամեծն է՝ 41,5 տոկոս։ Այսինքն, մարդիկ իրենց եկամտի գրեթե կեսը ծախսում են զուտ սննդամթերի վրա, իսկ բավականին մեծ մաս կազմող ցածր եկամուտներ ունեցողները իրենց եկամտի մեծ մասն են ծախսում սննդամթերքի վրա։ Դժվար չէ պատկերացնել, որ սննդամթերքի 5,3 տոկոս գնաճը նրանց համար շատ ավելի ծանր է անդրադառնում, քանի թվում է այդ ցուցանիշից։ Հենց այս խավի՝ մինչեւ 150 հազար դրամ եկամուտ ունեցողների համար վիճակն ավելի է ծանրանալու, որի մեղավորը դարձյալ կառավարությունն է։

Կառավարության կողմից համահարթ եկամտային հարկի սահմանմամբ, որի դեպքում բոլորը, այդ թվում շատ բարձր եկամուտ ունեցողները վճարելու են 23 տոկոս եկամտային հարկ, բարձրացնելու է գնաճը։ Ներկայումս բարձր եկամուտ ունեցողները ավելի բարձր եկամտային հարկ են վճարում՝ 28 տոկոս եւ 36 տոկոս։ Երբ նրանք սկսեն վճարել ավելի ցածր՝ 23 տոկոս եկամտային հարկ, իրենց եկամուտները եւ, համապատասխանաբար նաեւ գնումները կավելանան, որն էլ կբերի լրացուցիչ գնաճի։ Ցածր եկամուտ ունեցողներն էլ կտուժեն, քանի որ շարունակելու են ստանալ նույն եկամուտը, բայց ապրանքների համար վճարելու են ավելի բարձր գին։

Այս առթիվ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ պետք է մարդկանց աշխատավարձերը բարձր լինեն եւ չլինեն 80 հազար դրամ աշխատավարձ ստացողներ։ Այնպիսի տպավորություն է, թե կա որեւէ մեկը, որ դա չի ցանկանում։ Սակայն դրան հասնելու ճանապարհն ամենեւին էլ ցածր եկամուտ ունեցողների համար կյանքն ավելի բարդացնելն ու թանկացնելը չէ, եթե իհարկե դա հասկանում է մարդը, որ վարչապետ է դարձել։

Դեռ լավ է, որ չի ասում, թե ինչպես պետք է վարվել ցածր եկամուտ ունեցողների հետ ․․․

 

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ