Հայաստանում 90-ականներին տեղի ունեցած վայրի սեփականաշնորհման վերաբերյալ մի քանի անգամ անդրադարձել ենք՝ ներկայացնելով խորհրդային 70 տասնամյակների ընթացքում ստեղծված արդյունաբերական ձեռնարկությունների մասնավորեցումն ու Հայաստանի որպես արդյունաբերական երկրի ոչնչացումը։ Հիմա՝ ավելի քան 2 տասնամյակ անց, խղճուկ փորձեր են արվում 90-ականների սեփականաշնորհումը ներկայացնել որպես ժողովրդի համար արված քայլ, որից իրականում ժողովուրդը ոչինչ չստացավ։ Փաստը, որ սեփականաշնորհված ձեռնարկությունների սեփականատերեր դարձան առանձին անհատներ, որոնք այդ պահի ՀՀՇ-ական ղեկավարությանը մոտ կանգնած անձիք էին, որ ոչ մի ձեռնարկություն այդպես էլ չունեցավ հարյուրավոր փոքր սեփականատերեր, դրա վառ վկայությունն է։
Ասվածն ապացուցող հերթական օրինակը 1995-ին սեփականաշնորհված հայաստանյան 4 ձեռնարկությունների մասին է։ Դրանք էին Երևանի շամպայն գինիների գործարանը, Մաքուր երկաթի գործարանը, «Լուսին» գործարանը և Ծխախոտի փորձարարական ֆաբրիկան։ Այդ ձեռնարկությունների սեփականաշնորհման նպատակով վաճառքի էին դրվել այդ նպատակով յուրաքանչյուրի համար թողարկված հետևյալ քանակի բաժնետոմսերը․
Վերոնշյալ ձեռնարկություններից «Լուսին» գործարանի և Երևանի շամպայն գինիների 1 բաժնետոմսի արժեքը սահմանվել էր 5000 դրամ, իսկ Մաքուր երկաթի գործարանի և Ծխախոտի փորձարարական ֆաբրիկայի 1 բաժնետոմսը՝ 10000 դրամ։
Բաժնետոմսերի քանակը բազմապատկելով դրանց արժեքին, հաշվարկենք, թե որքա՞ն են գնահատվել այս ձեռնարկությունները։ Ըստ այդմ, «Լուսին» գործարանի արժեքը կազմել է 62,5 մլն դրամ, Երևանի շամպայն գինիների գործարանի արժեքը՝ 117 մլն դրամ, Մաքուր երկաթի գործարանինը՝ 175 մլն դրամ, Ծխախոտի փորձարարական ֆաբրիկայինը՝ 419 մլն դրամ։ Հիշեցնենք, որ խոսքը գնում է մի քանի մասնաշենքեր, արտադրական հզորություններ ունեցող և մեծ տարածքներ զբաղեցնող գործարանների մասին, որոնց արժեքը, ըստ էության, բերվել է մայրաքաղաքի բնակարանների կամ առանձնատների գներին։ Մի՞թե սա մեծագույն կոռուպցիան չէ և մի՞թե այդ ժամանակվա իշխանությունը այս ամենի մասնակիցը չէ։ Սակայն, այս ձեռնարկությունները սեփականաշնորհվել են ոչ այս գներով։
Այդ ժամանակ գործող օրենքի համաձայն, մասնավորեցումը կայացած էր համարվում և ձեռնարկությունը փոխանցվում էր գնորդին, եթե այն ձեռք էր բերել վաճառվող ձեռնարկության բաժնետոմսերի 25 տոկոսից ավելին։ Այսինքն, վերոնշյալ ձեռնարկություններին տեր դառնալու համար բավական էր վճարել դրանց արժեքից չորս անգամ ցածր գումար։ Եվս մեկ անգամ այս արժեքը իջնում էր, երբ բաժնետոմսերը ձեռք էին բերվում սեփականաշնորհման սերտիֆիկատներով՝ վաուչերներով։ Հիշեցնենք, թե ի՞նչ էին դրանք։
Բնակչությանը պետության կողմից տրամադրվում էին սեփականաշնորհման սերտիֆիկատներ՝ վաուչերներ՝ մեկ անձին մեկ հատ՝ 20 հազար դրամ անվանական արժեքով։ Սրա նպատակ էր հռչակվում այն, որ ժողովուրդը մասնակից պետք է դառնա ժողովրդի կողմից ստեղծված սեփականության մասնավորեցմանը, իսկ իրականում՝ լրիվ այլ նպատակ էր հետապնդում։ Այն է՝ հնարավարություն ստեղծել չնչին գներով մասնավորեցնել ձեռնարկությունները «իրենց մարդկանց» համար։
Վաուչերների անվանական գինը 20 հազար դրամ էր, բայց համատարած աղքատության, հացի և առաջին անհրաժեշտության մյուս մթերքների դեֆիցիտի պայմաններում մարդիկ զանգվածաբար վաճառում էին իրենց տված վաուչերը, որի շուկայական գինը հասել էր 2-3 հազար դրամի։ Դրանք 2-3 հազար դրամով գնում էին իշխանական շրջապատին մոտ կանգնած մարդիկ և որպես 20 հազար դրամ վճարում այս կամ այն ձեռնարկությունը գնելիս։
Այսպիսով, առանց այն էլ գնահատված ցածր արժեքը նախ իջնում էր 4 անգամ, ապա ևս մոտ 10 անգամ։ Արդյունքում, վերոնշյալ 4 ձեռնարկությունների վաճառքի գինը մոտավորապես հետևյալ էր դառնում։
Նրանք ովքեր տեղյակ չեն եղել, որ նման աննշան գներով 90-ականներին կարելի էր ամբողջ ձեռնարկությունների տեր դառնալ, հիմա հավանաբար շոկի մեջ են հայտնվում։ Սա թերևս նրանց կօգնի լավագույնս պատկերացում կազմել թե ո՞ր տարիներին է եղել ահռելի կոռոպցիան և պետական ձեռնարկությունների թալանը, իսկ անցումային արդարադատությունից, վեթթինգից և նման բաներից խոսացող, պետական կառավարման ունակությունների հետ առնչություն չունեցող Նիկոլ Փաշինյանը թող չձևացնի թե այս ամենի մասին չգիտեր և չփորձի հովանու տակ առնել դրա հիմնական մեղավոր Լևոն Տեր-Պետրոսյանին։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը