Ժամեր անց պարզ կդառնա` Փաշինյանն ո՞ւնի հայ ազգին ու Հայաստանը հասկանալու կարողություն, պետական մտածողություն, սեփական կամք, վաղվա օրը կանխազգալու շնորհք, առողջ բարոյականություն։ Այս որակները պետք է պարզվեին` նրա կոչով անճանաչներին քվե տալուց առաջ, բայց էյֆորիան, ցավոք, ակտիվ էլեկտորատին թույլ չտվեց անհրաժեշտ կերպով խոհեմ լինել։ Հիմա խոհեմությունը դարձել է համազգային անհրաժեշտություն, պետական պահանջ։
Ինչպե՞ս ենք մեր երկրում մե՛նք ապրելու շաբաթ երեկոից հետո, կարո՞ղ է Փաշինյանն ապրե՛լ մեր երկրում։ Կորոշի պատասխանը, որ կտա դատավոր Դավիթ Գրիգորյանը Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանի ու Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի ներկայացրած երաշխավորագրին։ Նրանք խնդրել են, ընդամենը, Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխարինել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով։
ՀՀ երկրորդ նախագահին չդատելու, ազատ արձակելու, քրեական գործը կարճելու մասին չէ՛ հայոց պետություն ղեկավարած երկու այրերի խնդրանքը։ Այլ նրանց մտահոգել է Արցախի հերոսին չհիմնավորված, չապացուցված հանցանքի համար բանտում պահելով` մեր թշնամուն չարախնդալու հնարավորություն, վաղեմի նկրտումներն իրագործելու նոր հույս տալու իրողությունը։ Թավշյա վարչապետն այս առումով դարձյալ հայտնել է, թե «մտադիր չեմ միջամտել», բայց անմիջապես էլ բացահայտ միջամտել է «քաղաքական տեսանկյունից որոշ հարցեր կան» հավելած «մեկնաբանությամբ», մեկ անգամ ևս հաստատել, որ քրեական այս գործը չունի՛ իրավական բաղադրիչ ու հիմնված է սեփական հանցավորությունը քաջ գիտակցած մեկ անձի քաղաքական նկրտումների վրա։
Հետևաբար, Արցախի նախագահների երաշխավորագիրը հաստատուն ու անշրջանցելի երաշխիք պետք է դառնա դատրանի կողմերի համար` որ բոլորն առաջնորդվեն բացառապես օրենքով, սահմանադրությանբ, հիմնավոր փաստերով ու ողջախոհությամբ, բայց ո՛չ երբեք` Փաշինյանի հրամաններով ու ճնշումներով: Եվ եթե դատավորն անարդար գտնվի յուր պաշտոնում, ապա գիտակցված կամ ակամա կդառնա Արցախ հեղափոխություն ներմուծող փաշինյանական հրձիգը:
Տարեսկզբից, ավելի ճիշտ` դեկտեմբերի 9-ից հետո Փաշինյանի անիմաստ ու հերթապահ արաքները (որ հարյուրը, հազարն ու բյուր են) ծանր, երբեմն անշրջելի հետևանքներ են ունենում։ Արդպես լինում է դեղը կավիճով փոխարինելու դեպքում. թվում է, թե չի՛ վնասում, բայց չի էլ բուժո՛ւմ ու սպանո՛ւմ է։
Փաստացի, նա Արցախի հերոսներին ու ազատամարտը հաղթած մարտական գեներալներին բանտարկում է, «հակահեղափոխականներին» ասֆալտին է փռում ու պատերին ծեփում, շանտաժ ու ռեպրեսիաներ է անում, իրեն չծառայող յուրայինների թևերն է կտրում, դասալիք սպաներին ու օտարի գործակալներին է խրախուսում` պաշտոններ նվիրելով, քիրվա Իլհամից խաղաղություն մուրալով` ազատագրված տարածքներն է խոստանում, ադրբեջանցիներին խաղաղության է նախապատրաստում և նախապատրաստվում է իր թավշյա բացիլն Արցախ արտահանելով` քաղաքացիական եղբայրասպան պատերազմ սադրել։ Սա՛ տպավորությո՞ւն է, թե՞ փա՛ստ, որ պետությունը ղեկավարում է հինգերորդ շարասյան պարագլուխը։
Ըստ էության «հետհեղափոխական» փուլում` հիմա, Փաշինյանն անում է նույնը, ինչ ԼՏՊ-ն ուզում էր անել «նախահեղափոխական» փուլում` 11 տարի առաջ. ԵԿՄ-ն դարձրել է քաղաքական զինված գործիք իշխանության ձեռքին, պառակտել է բանակը, ազգի մի մասին թշնամի է նշանակել է ու հրահրում է քաղաքացիական պատերազմ` Հայաստանի ու Արցախի հանրապետություններում։ Այսինքն. այո՛, իշխանափոխություն արել է, բայց չի կարողանում իշխանություն դառնալ։ Եվ անում է այն` ինչ կարողանում է. դեգրադացնում է պետությունը։ Գուցե հենց հայոց պետականությունը վերացնել է նրա նպատակը։
Հիմա՞ էլ դեռ պետք է սպասել` մինչև Արցախի հետ Փաշինյանի հրահրած հակամարտությունը կոնկրետ դրսևորում ստանա ու դառնա ազդանշան Իլհամին, թե` փաշինյանական Հայաստանն այլևս Արցախի անկախության երաշխավորը չէ․․․
Առաջին քայլի «իրավունքը» Փաշինյանը վերապահել է դատավոր Դավիթ Գրիգորյանին։
Արթուր Մխիթարյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը