16 05 2019

Սուպերվարչապետի վերջին հանդեսը

Սուպերվարչապետի վերջին հանդեսը

Ասուլիսի ֆեյբուքյան անոնսում Փաշինյանը դիպուկ էլ նշել էր` որ իր առաջին հանդեսն է անելու։ Իրոք, հանդիսավո՛ր էլ ներկայացրեց մի բոլուկ «փաստեր» միայն իրեն տեսանելի միֆական նոր Հայաստանի մասին։ Փաստեր, որոնք ոչ հիմք ունեն, ոչ էլ որևէ կապ` ժողովրդի կյանքի ու կենցաղի հետ։ Նման փաստեր հարյո՛ւրը չէ, հազարն էլ կարելի է «ներկայացնել»։ Միլիոնն էլ է կլոր ու զրոներն ավելի շատ են։ Իսկ եթե 1 կամ 10 հստակ, կոնկրետ, հասկանալի փաստ նշվեր` սուտը բացահայտ կլիներ։ Լսողն էլ փաստախեղդ չէր լինի, բայց պարզ կերևար, որ վարչապետն ասելիք չունի և սանդում ջուր է ծեծում։

Իր մեկամյակի հանդեսի տխուր ներկայացմանն ընթերցած «կլոր» փաստերը «երկրի կյանքում տեղի ունեցած մասշտաբային փոփոխություն» համարելը զավեշտ է։ Եթե մասշտաբը թավշյա թիմի երևելիների հիշողության մեջ վառ մնացած վայելքի դեպքերն են, վարչապետի ու վերնախավի տեսածը, հագածն ու կերածը, գլխավոր վիճակագրի մի կերպ նկարած թվերն ու հազիվ հնարած ցուցանիշերը (որոնք նաև վարչապետին խաբելու, մեզ էլ թյուրիմացության մեջ գցելու համար են), ապա այս իշխանության չափը մանրը, ծանծաղը, չնչինը, աննշանն է։

Ծիծաղելի է ինչ-որ բան փոխած «փաստ» անվանել արևածագի ու եղանակի փոփոխության պես իներցիոն ընթացը։ Համարակալած մանիպուլյացիաները ոչ մի կապ չունեն ժողովրդի հեղափոխական սպասումների ու ակնկալիքների հետ։ Անչափելի ու կենցաղում աննկատ, անհետք արարքները միայն լավատեսությունն են փոխում հուսահատության։ Հարբեցող ամուսնուն թմրամոլ սիրեկանով փոխարինելը ո՛չ մի Վարդուշի կյանքում «մասշտաբային փոփոխություն» չի նշանակում, իսկ նեղն ընկած վարչապետի համար փոփոխության վիճակագրական ցուցանիշ է դարձել։

Ինչպես որ «մասշտաբային փոփոխություն» է դարձրել «ի հեճուկս» (ո՞ւմ) պայմանագիր կնքելու, կարմիր լույսի տակ իր ավտոշարասյան երբեմն կանգնելու, պարապությունից ասուլիս հրավիրելու փաստացի անգործությունը։ Ընթերցածն իրեն էլ չհամոզեց, ու ստիպված խոստովանեց, որ թիմի մտածած «փաստերին» ո՛չ ինքը, ո՛չ էլ իր կառավարությունը մասնակցություն չունի։ Իսկ չկարդացած խոսքում Փաշինյանը զարմանալիորեն ճշգրիտ հաստատեց և՛ իր կարգավիճակը, և՛ կոնկրետ արածն ու անելիքը. «սուպերվարչապետություն այն է, երբ... տնօրինում են քրեական գործը և դատավճիռը»։

Պարզ ու լսելի, նաև բացահայտող շեշտով Փաշինյանը փաստացի ասաց, որ «ուրիշի» համար կարված սուպերվարչապետի պիջակից չի հրաժարվի, քանի դեռ իր անձնական վրեժը չի լուծել։ Այսինքն. քանի դեռ քաղաքական հաշվեհարդար չի տեսել ՀՀ երկրորդ նախագահի Ռոբերտ Քոչարյանի ու բոլոր մյուս պաշտոնյաների նկատմամբ, ովքեր իրեն ու իր հոգևոր հայր ԼՏՊ-ին 11 տարի առաջ թույլ չեն տվել` սահմանադրական կարգը տապալելու և տասը զոհերի գնով ռևանշային իշխանփոխություն կատարել։

Այսինքն. Փաշինյանն իր սուպարվարչապետության շնորհիվ հիմա քրեական գործեր է տնօրինում և մտադիր է շարունակել` մինչև իր հրահանգած դատավճռի կայացումը։ Իսկ այդուհետ` հրաժարակա՞ն է տալու, թե՞ ժողովրդավար ու արդարամիտ է դառնալու։ Մի բան ասող ու մի այլ բան անողից, շարունակ երկակի ստանդարտներ կիրառողից տրամաբանական քայլեր դժվար է ակնկալել։ Իրեն դիկտատորական լիազորություններ վերապահած վարչապետը երբ ասում է. «դա հանցագործություն է, իսկ եթե օրենքը դա թույլ է տալիս, անցումային արդարադատության տրամաբանությունը պետք է արգելի», ուրեմն նրա համար սահմանադրություն ու օրենք գոյություն չունեն, այլ կան միայն անձնական նկրտումներ։

Փաշինյանի ասածը բառացի նշանակում է, որ ինքն է ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի նախագահ, Արցախի հերոս, Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նշանակել մեղավոր։ Եվ եթե 2008-ի փետրվար-մարտին գործած, նաև այսօր գործող օրենքներն ու սահմանադրությունը թույլ չեն տալիս սահմանադրական կարգի երաշխավորին դատել սահմանադրական կարգը բռնի տապալելու փորձը կանխելու համար, ապա իր նկրտումն իրագործելու համար կներմուծի աշխարհին անընդունելի «անցումային արդարադտություն» կոչված գործիքը, ապօրինաբար նրան կտա հետադարձ ուժ ու կկիրառի մեղավորության կանխավարկածը։

Թեև Փաշինյանը ճառում է, թե «ինչո՞ւ եղավ հեղափոխություն, որպեսզի ընկերների և ոչ ընկերների հանդեպ լինի տարբե՞ր մոտեցում», բայց իր քայլակից ու հանցագործ (ԱԱԾ-ի պնդմամբ) ընկերների դեպքում թույլատրում է և՛ անմեղության կանխավարկածը, և՛ նախաքննության վրա ազդելու ազատությունը, և՛ չկալանվելու արտոնությունը։ Այսինքն. Փաշինյանը գործում է իբր մերժած, բայց Ֆրանկոյից փոխ առած «ընկերներին ամեն ինչ, թշնամիներին` հարմարեցված օրենք» սկզբունքով։

Իրոք, այսպես պետությունը չի կառուցվում, այլ` քանդվում է։ Տպավորություն է, որ Փաշինյանը չի ուզում հասկանալ, թե մեր երկրում ինչ է տեղի ունեցել ու ինչ է տեղի ունենում։

Արթուր Մխիթարյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ