Դրվագ ա.
Թավշյա իշխանությունն այնպիսի ու այնքան արատներով է տառապում, և դրանց հետևանքով առաջացած բազմաբնույթ հիվանդություններն այնքան են խորացել ու այնպիսի մետաստազներ են տվել, որ բուժելն արդեն անհնարին է դարձել։ Շատ ավելի նպատակահարմար է, որ հիվանդն արագ ու իր «մահով» վախճանվի. այսինքն` լինեն նոր ընտրություններ և դրա արդյունքում ձևավորվի նոր կառավարություն, որն էլ կընտրի նոր վարչապետ: Փաշինյանի վերջին շրջանում ծավալած հախուռն ու իրարամերժ գործողությունները, նրա խոսքում կեղծիքի ու ստի անգերազանցելի դոզան, նաև թավշյա վերնախավում տեղի ունեցող պառակտումներն ու միմյանց դեմ անողոք պայքարը հուշում են, որ գործող ԱԺ-ի լուծարումն ու արտահերթ խորհրդարանական ընտրություններն առաջիկայում անխուսափելի են դառնում։
Դրվագ բ.
Փաշինյանը պնդում է, թե կառավարման մեկ տարվա ընթացքում եթե ո՛չ 100, ապա 99 տոկոսով հաստատ կատարել է իր բոլոր խոստումները։ Անկասկած է, որ ռեժիմի վարչապետը հերթական անգամ ստում է։ Եթե անգամ ենթադրենք, որ նա անկեղծ է, ուրեմն սա միանգամայն արտառոց խոստովանություն է, ինչը նշանակում է, որ Փաշինյանն արդեն արել է այն ամենը` ինչ կարող էր անել։ Հետևաբար. պարզ է դառնում արդեն, որ այլևս նոր հեղափոխական բարելավումներ չեն լինելու, ինչ եղել` եղել է և ժողովուրդն այլ ակնկալիք, սպասումներ չպետք է ունենա: Ուրեմն հիմա այն պահն է, որ ժողովուրդը պետք է որոշի. սա՞ էր իր ուզածը, սա՞ էր ակնկալում թավշյա հեղաշրջումից կամ իշխանափոխությունից, թե՞ իր սպասումներն ու ցանկություններն, այնուամենայնիվ, Փաշինյանը չի՛ կատարել:
Դրվագ գ.
50 հազար նոր աշխատեղեր հայտնագործելն ու դրանք հարկային դաշտ բերելը մի բան է, այդքան նոր աշխատատեղ ստեղծելը` բոլորովին այլ։ Եթե տարբերությունը Փաշինյանը չի հասկանում, ուրեմն վարչապետ աշխատելու ո՛չ մտավոր, ո՛չ էլ բարոյական իրավունք չունի։ Իսկ եթե հասկանում է, ուրեմն գիտակցաբար ու միտումնավոր խաբում է, ուղղակի ստում է։
Նույնքան միտումնավոր էլ խոսում հարկային դաշտում տարիներ շարունակ գործած առնվազն 30 հազար աշխատեղերի արդեն փակված լինելու և առաջիկայում սպասվող հազարավոր աշխատատեղերի նոր կրճատումների մասին։
Ստվերում գտնվելը, բնականաբար, գովելի չէ, սակայն այն ժամանակ աշխատում էին հարկայինի աչքից հեռու, իսկ իրականում համարվում գործազուրկ ու աղքատ, իսկ այժմ աղքատ են իրականում, հաստատապես:
Արթուր Մխիթարյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը