04 05 2019

Փաշինյանն իր հրաժարականն է պատրաստում

Փաշինյանն իր հրաժարականն է պատրաստում

Մեծավորների խելառությունը չպետք է մնա առանց հսկողի։ Շեքսպիրի վարկածով` սա Դանեմարքայի թագավոր Կլավդիոսի հորդորն է իր սենեկապետ Պոլոնիուսին, որով պատվիրում է հսկել Համլետին։ Համալսարանական ուսումը կիսատ թողած ու հսկողությունից դուրս մնացած թագաժառանգը 8 զոհերի, երկիրը քաոսի ու անորոշության մատնելու և հարևան Նորվեգիայի իշխան Ֆորտինբրասին հանձնելու պատճառը դարձավ։ Դասականի 4 դար առաջ հայտնած այս իմաստուն հուշումը պարտավորեցնում է` այլևս հանգամանորեն անդրադառնալ ու իմաստային մեկնաբանություններով «հսկել» Փաշինյանի յուրաքանչյուր խոսքը։

Դա անհրաժեշտություն է, քանի որ նրա ամեն հանկարծահաս միտքն ու թերի պատկերացումը մեր երկրի, ամեն քաղաքացու համար նույնքան ճակատագրական է դառնում։ Առավել ևս, որ հսկողությունից դուրս մնալու հետևանքով է նա արդեն վարչապետ ու հիմա ազատորեն բարձրաձայնում է ուզած «խելառությունը»։ ԵՊՀ դասախոսների շահագրգիռ ու լուռ ներկայությամբ Արցախի հիմնախնդիրը լուծելու վերաբերյալ Փաշինյանի արտահայտած պատկերացումներին անդրադառնալը բազմապատիկ կարևոր է, քանի որ նրա մտավարժանքները մեր ոխերիմ հարևան իշխանիկը լսել է, իսկ ես ու շատ-շատերը անտեսել էինք` անիմաստ բարբաջանք լսելուց հոգնած լինելու պատճառավ։

Մինչդեռ թավշյա վարչապետը, փաստորեն, ասել է, որ իր վրա արդեն հույս չդնեն նույնիսկ իրեն երկրպագողները, որ ինքը ոչ մի կուռք էլ չի, այլ սովորական կատարածու, հանձնակատար։ Համոզվելու համար բավարար է դիտել նրա խոսքի այս հատվածը։ Պարզապես նա մինչև անցյալ տարեվերջ դեսպանի ու քեռի Սորոսի կամքն էր կատարում` կործանելով ազգային մշակույթն ու հավատը, ավանդույթներն ու օրենքները, անվտանգության համակարգն ու բանակը, երկրի վարկն ու ռազմավարական հարաբերությունները և քիրվայություն անելով ռազմատենչ հարևան իշխանիկի հետ։ Դեկտեմբերի 9-ի արտահերթ-հրատապից հետո առանց հանձնարարականի մնալով ու իր անելիքը չիմանալով, հիմա նա որոշել է ժողովրդի կամակատարը դառնալ` իրեն ամեն պատասխանատվությունից ազատելու պայմանով։

Թավշյա վաչապետը Արցախի հիմնախնդրի լուծման գործում իրեն տեսնում է (Արցախում ու Վիեննայում ամպագորգոռ հարայ-հրոցից հետո) մեղկ աշակերտի դերում. «երբ դուք ինձ ուղարկում եք Ղարաբաղի հարցը լուծելու, բանակցելու, դուք ինձ չեք ասում. այ կգնաս ու Ղարաբաղի հարցը կլուծես այ էսպե՛ս։ Այ է՛ս չկա։ Հայ ժողովուրդը, հայ հանրությունը վարչապետին չի ասել. գնա բանակցությունների, էս էլ քեզ թուղթը. կարդա, պատմի, անգիր արա ու կգնաս, ըսենց կլուծես հարցը»։ Պատվեր կատարող խմբագրի համար սա սովորական կեցվածք է, բայց նման անողնաշար ու անմիտ վարքն անհարիր է Հայոց պետության ղեկավարին։

Երբ Փաշինյանը իշխանությունը յուրացրեց, առանց ժողովրդին հարցնելու` «կատու էր ճղում», առանց խելքին զոռ տալու` խոստումներ էր շռայլում, ժողովրդի դյուրահավատ խմբերի մոտ խաբկանքով սպասումներ էր առաջացնում։ Իսկ հիմա հոգնած յաբուի պես փռվել է գետնին ու հայտնի էլ չի, թե կախարդական փայտիկը որտեղ է թաքցրել։ Մի բան, սակայն, պարզ է։ Փաշինյանը, ինչպես նաև տիկին վարչապետը, իսպառ զուրկ են պետական ու քաղաքացիական մտածողությունից և համապատասխան պատասխանատվությունից։ Հայոց բանակի ու անվտանգության համակարգի, Արցախի հիմնախնդրի ու Հայաստանի ռազմաքաղաքական հայեցակարգի մասին նրանց պատկերացումները սահմանափակվում են ժամկետային զինծառայություն անցնող իրենց որդու ընկալումներով ու շահերով։

Թավշյա վարչապետի արցախյան տեսլականը, տիկին վարչապետի «զենքը պետք է զինապահեստ ուղարկել, որ այնտեղ ժանգոտի», «հազարավոր զոհեր ենք ունեցել, բայց այդ կյանքը զոհաբերել ենք հանուն ոչնչի» կամ «մենք խաղաղություն քարոզում ենք որպես կին, մայր և ոչ թե որպես պետություն» խաղաղասիրական նախաձեռնությունները դրա ապացույցն են և միանգամայն տեղավորվում են ԼՏՊ-ի «լավ չես ապրի` քանի դեռ Արցախը չենք հանձնել» մտածողության շրջանակում։ Իսկ զուգահեռները 1997-ի նոյեմբերի 1-ին հրապարակված ԼՏՊ-ի «Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» սխալ կանխատեսումներով լի հոդվածի հետ (որից ճիշտ 3 ամիս հետո նա ստիպված եղավ հրաժարական տալ) ակնհայտ են. «այսօր էլ պնդում եմ, որ՝ ստատուս-քվոն երկար ժամանակով պահպանել հնարավոր չէ, որովհետև դա թույլ չեն տա ո՛չ միջազգային հանրությունը, ո՛չ էլ Հայաստանի տնտեսական կարողությունները. Ղարաբաղին և Հայաստանին ձեռնտու չէ հարցի չկարգավորված վիճակը, որովհետև դա զգալիորեն խոչընդոտում է Հայաստանի, հետևաբար նաև Ղարաբաղի տնտեսական զարգացմանը. հակամարտության չկարգավորման դեպքում մեկ-երկու տարի հետո անհամեմատ թուլանալու են։ Այն, ինչ մերժում ենք այսօր, ապագայում խնդրելու, բայց չենք ստանալու։ Ղարաբաղի հարցի լուծման միակ տարբերակը փոխզիջումն է. միջազգային հանրությունը երկար չի հանդուրժելու Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրությունը, քանի որ այն սպառնում է տարածաշրջանային համագործակցությանն ու անվտանգությանը, ինչպես նաև Արևմուտքի նավթային շահերին»։

ԵՊՀ-ում Փաշինյանը փաստացի թարմացրեց Արցախի հակամարտության «լուծման» հենց տերպետրոսյանական պարտվողական թեզը. «Իսկ ազգը, ժողովուրդը ու նրա յուրաքանչյուր ներկայացուցիչ պատրաստ ա արդյուք կրել Ղարաբաղի հարցի կարգավորման որևէ տարբերակի պատասխանատվություն. յուրաքանչյուր անհատ, յուրաքանչյուր մարդ։ Մենք ասում ենք, որ Ղարաբաղի հարցը պետք ա լուծվի այս կամ այն տարբերակով, որ Հայաստանը պետք ա լինի Ղարաբաղի անվտանգության երաշխավորը։ Ուրեմն, մեր երեխաները պետք ա գնան բանակում ծառայելու։ Հենց հարցը գալիս հասնում է այստեղ, ասում են` հոպ, իսկ կլինի՞ ի՛մ երեխան չգնա, հարևանի՛ երեխան գնա»։

Այսինքն, թավշյա վարչապետը նենգամնորեն ակնարկեց, որ հայոց երկու պետությունների ու ազգի գոյությունը պայամանավորող հիմնախնդրի լուծումն ինքը տեսնում է անհատի, ո՛չ թե պետության ղեկավարի մակարդակում։ Փաստացի նա հրաժարվեց պետության ղեկավարի վճռորոշ դերից ու պատասխանատվությունից։ Նաև ի լուր հարևան ոխերիմ իշխանիկի հայտարարեց, թե Արցախի հիմնահարցի շուրջ «դիսկուրսը» կամ հանրաքվեի կդրվի, կամ էլ հարցը կլուծվի իր նշանակած ԱԺ-ն։ Փաստացի ստրատեգիական գերխնդրի լուծման պատասխանատվությունը կդրվի կամ նման որոշումներ կայացնելու անընդունակ ժողովրդի, կամ էլ նրա անունից, բայց Փաշինյաննի որոշմամբ մանդատ ստացած հինգերորդ շարասյան վրա։

Արդեն հիմա առանց սխալվելու շանսի կարելի է կանխատեսել, թե Արցախի հիմնահարցն ինչպես «կլուծի» տարատեսակ փոքրամասնություններից, սորոսականներից, գրանտակերներից, թմրամոլներից, բանակային ծառայությունից խուսափածներից և այլնից կազմավորված ԱԺ թավշյա մեծամասնությունը։ Իսկ հանրաքվեի դեպքում նույնքան կանխատեսելի է, որ Փաշինյանը հարցը կձևակերպի տերպետրոսյանական սադրիչ տրամաբանությամբ. «համաձա՞յն ես, որ քո որդին զոհվի հանուն Արցախի անկախության»։

Բացահայտ է, որ սա Փաշինյանի պետականակործան ու ազգադավ ծրագրի եզարափակիչ քայլերից է, որի պատասխանատվությունից նա հենց ԵՊՀ-ում շտապեց հրաժարվել. «Ես բնականաբար ունեմ պատկերացում, բայց ես չեմ ուզում, որ Ղարաբաղի լուծումը լինի իմ պատկերացումը։ Որովհետև ես շարունակում եմ մնալ էն կարծիքին, որ Ղարաբաղի հարցի լուծողը ոչ մի նախագահ չի, ոչ մի վարչապետ չի, ոչ մի կառավարություն չի։ Հայաստանի սեփականատերը ու Ղարաբաղի հարցի սեփականատերը ամբողջ հայ ժողովուրդն ա։ Եվ ամբողջ հայ ժողովուրդը պետք ա հստակ ձևակերպի. ինքը ոնց ա պատկերացնում, էտ հարցի հետ ինչ պետք ա լինի»։

Ըստ ամենայնի, Փաշինյանը քայլ առ քայլ, խոստում առ խոստում, ոլորտ առ ոլորտ, խնդիր առ խնդիր հրաժարվում է պետության ղեկավարի, վարչապետի իր պատասխանատվություններից և հարթում է իր հարաժարականի ճանապարհը։ Բայց մինչ իր հեռանալը նա ամեն ինչ անելու է, որ հայոց երկու պետություններն ու հայ ժողովուրդը հայտնվեն կատարյալ քաոսում, ինքը դուրս մնա Արցախը վաճառողի կասկածից, իսկ հարևան իշխանիկը թղթի վրա գրված ստանա մեր գործողությունների քարտեզը ու վերահսկելու մանդատը։

Ահա և նրա նկրտումը մատնող խոսքը. «կառավարությունը պետք ա գործի որոշակի մանդատի շրջանակներում։ Մենք բոլորս պետք է հստակ ձևակերպած լինենք, ընդ որում` ցանկալի է գրավոր, թե մենք հարցի կարգավորման ինչ տարբերակ ենք ուզում, մենք մի տարբերակ ունենք, թե ունենք երկու կամ երեք տարբերակ, այսինքն` մենք մանյովրի դաշտ ունենք, թե չունենք, և երբ որ հարցը սենց ձևակերպվի, կասկածի մթնոլորտը ընդհանրապես կվերանա»։

Փաշինյանը նվեր է Իլհամին։ Հրաժարականից հետո գուցե հենց Բաքվում էլ ապաստանի։

               

Արթուր Մխիթարյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ