Կամակատարների թավշյա հավաքածուն ստանձնել ու վերջին 8 ամիսներին սպասարկում են թավշյա վարչապետի անձնական վրեժը Արցախի առաջին ու Հայաստանի երկրորդ նախագահի նկատմամբ։
Փաշինյանի պատվերով քաղաքական հաշվեհարդար են նրանք տեսնում նախկին նախագահի նկատմամբ, ով Արցախի հաղթական ազատագրման, XXI դարասկզբին Հայաստանի թռիչքաձև տնտեսական զարգացման ու քաղաքական կայունության սիմվոլն է, նաև երկրի սահմանադրական կարգը բռնի տապալելու փորձ ձեռնարկած թավշյա վարչապետի ու նրա հոգևոր հայր ԼՏՊ-ի քաղաքական հակառակորդը։
Ոչ ոք առ այսօր հոդաբաշխ ու խելամիտ որևէ փաստարկ չի նշել, թե ինչո՞ւ են արտերկրից կամավոր վերադարձած, պատասխանատվությունից երբևէ չխուսափած Ռոբերտ Քոչարյանին մեկուսացրել ԱԱԾ-ում։ Նույն կերպ կամակատարների թավշյա հավաքականից ոչ մեկը չի կարողանում գեթ մեկ բանական փաստարկ նշել, թե ինչո՞ւ ազդեցության բոլոր լծակները ու թավշյա վարչապետի հետ ընկերական հարաբերությունները պահպանած ՊՎԾ պետը չի կալանվում և ազատորեն ներազդում է իր դեմ սկսված նախաքննության վրա ու որոշակիորեն ուղղորդում զարգացումների ընթացքը։
Ակնհայտորեն, սա հենց այն երևույթն է, որը միշտ եղել է ապօրինություն, երկակի ստանդարտների կիրառում, իսկ թավշյա ռեժիմի օրոք՝ ստացել «անցումային արդարադատություն» քողարկիչ, պարտակիչ անվանումը։ Հանիրավի ու անհիմն ամբաստանվող Ռոբերտ Քոչարյանի դեպքում արդեն իսկ վերապահորեն կիրառվում է էությամբ հակաիրավական մեղավորության կանխավարկածը, իսկ Փաշինյանի հեղափոխական ընկեր ՊՎԾ պետի դեպքում անվերապահորեն գործում է անմեղության կանխավարկածը, թեև նրան առաջադրված մեղադրանքը հիմնավորվում է ԱԱԾ-ի ներկայացրած միանգամայն ծանրակշիռ փաստարկներով։
Բոլորովին դժվար չէ պատկերացնել, թե թավշյա հեղափոխության համար ինչպիսի ճակատագրական հետևանքներ կլինեն, երբ բացահայտվի, թե կոռուպցիայի կարկառուն թշնամին, կոռուպցիոներների ահն ու սարսափը, վերահսկողական բարձրագույն մարմնի ղեկավարը ինչպե՞ս է չարաշահել իր պաշտոնը, ո՞ւմ օգնությամբ, հովանավորությամբ ու ինչպիսի՞ կոռուպցիոն համակարգեր է ստեղծել, ի՞նչ միջոցներով է այն համակարգել։ Իսկ որ թավշյա ալիքի վրա ու թավշյա վարչապետի պրոտեկցիայով (ինչն ի դեպ` կոռուպցիոն հանցագործություն է) ՊՎԾ պետ դարձած անձը չունի այս պաշտոնը վարելու ո՛չ համապատասխան կրթություն ու փորձ, ո՛չ էլ այլոց ազդեցության տակ չընկնելու խելամտություն ու կամային հատկանիշեր, վկայում են նրան ամեն գնով պաշտպանել փորձող թավշյա վերնախավի անդամները։
Ի դեպ. հատկանշական է, որ Դավիթ Սանասարյանին փրկելու համար իրար են անցել ողջ հինգերորդ շարասյունը, սորոսական համայն հանրությունը, մի քանի տեսակի փոքրամասնություններ։ Նույնիսկ որոշ իրավապաշտպաններն են արթնացել, ովքեր արդեն գրեթե մեկ տարի է` քնած են իշխանական աշխատասենյակներում կամ պետական պաշտոնյաներ են դարձել։ Հատկապես թվարկած վերջինները ապշանքով են նայում բոլոր նրանց, ովքեր մատնանշում են ՀՀ երկրորդ նախագահի դեմ կիրառված ապօրինությունները, շեշտում Փաշինյանի պատվիրած քաղաքական հաշվեհարդարի փաստերը և Ռոբերտ Քոչարյանի քաղաքական բանտարկյալ լինելու իրողությունը։
Դավիթ Սանասարյանը ոչ թե ԱԱԾ-ի, այլ թավշյա իշխանափոխությամբ արձակված ամենակործան բումերանգի հերթական զոհն է դառնալու։ Գուցե ամենատեսանելին է նա, բայց առաջինը չէ ու վերջինը չի լինելու։ Հերթում են պատվեր կատարող դատավորները, դատախազները, քննիչները, մատնիչները, դահիճները, սադրիչները, գործ տվողները... Եվ սա միայն այն պատճառով, որ թավշյա վարչապետը կասեցրել է սահմանադրության ու օրենքի գործունեությունը։
Արթուր Մխիթարյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը