Ապրիլի 4-ը հայոց բազմադարյա և միայն 1 տարի առաջ սկսված համաշխարհային պատմության մեջ կմնա` որպես «ստի հինգշաբթի» և անպայմա՛ն հավերժ կնշվի` որպես «հեղափոխական ստի» հիշատակի օր։ Համաշխարհային պատմության ավարտից հետո այլ կերպ հնարավոր չի էլ լինի` ապրիլյան վերջին շաբաթ օրերին իմաստավորել ապրիլի 23-ի երկուշաբթին, որը պետականորեն` ԱԺ որոշմամբ այլևս հայտարարված է «խաբված քաղաքացու օր»։ Ուրեմն. նախ ապրիլի 4-ին կնշվի հեղափոխական ստի հիշատակի օրը (չշփոթել ապրիլի 1-ին ավանդաբար նշվող խաբելու օրվա հետ), իսկ արդեն ապրիլի 23-ին, տրամաբանորեն միանգամայն արդարացված, կնշվի հեղափոխական ստով խաբված քաղաքացու օրը։
Գրեթե մեկամյա ուշացումով, բայց ոչ` ուշացած, վարչապետ Փաշինյանը այլևս պատմական ապրիլի 4-ին իր կառավարության նիստում, վերջապես, որոտաձայն հռչակեց ստելու իր իմպերատիվ մենաշնորհը։ Նա հայտարարեց, որ այլևս ո՛չ մի համեստություն չի դրսևորելու ու այլևս ո՛չ մեկին (բացի տիկին վարչապետից, ՊՎԾ, ՀՔԾ, ՊԵԿ ղեկավարներից, գլխավոր դատախազից, վիճակագրական կոմիտեի նախագահից ու էլի մի քանի պատահական պաշտոնյաններից) թույլ չի տալու ստել։ Դե իսկ իր անձնական շահերին, այսինք` ազգային անվտանգությանը սպառնացող ճշմարտախոսության վտանգը բացառելու խիստ պատասխանատու առաջադրանքը դարձյալ տվեց ԱԱԾ պետին։
Հայտնի դարձավ (օդում կախված լուրերից), որ ԱԱԾ պետին ուղղված հույժ գաղտնի հրամանում խիստ տոնով (ունքերի սարսափազդու կիտումով, մինչև բուլատ ատամը ձգված շուրթերով ու ահարկու գոռոցով) գրված է, որ բացառապես վարչապետի ստորագրությամբ ու կնիքով թույլատրված դեպքերում` ստելու մենաշնորհը կարող է ժամանակավորապես փոխանցվել նաև ջհանգիրյանաբարո, շիրխանյանակերպ ու սիլվայաորակ, ստորացված սոցիալական պատասխանատվությամբ անձանց։ Թավշյա դուխով այս քաղաքացիները պարտավորված են լինելու` ստելու բացառիկ մենաշնորհն ազատորեն օգտագործել միայն Փաշինյանի և նրա հոգևոր հայր ԼՏՊ-ի անձնական վրեժը լուծելու նպատակով։
Այսինքն. վարչապետից ստելու մենաշնորհն ստացածները պետք է չվախենան ԱԱԾ-ից կամ քրօրի կեղծ մատնության հոդվածից, կոնկրետ թելադրված ցուցմունքներ ստորագրեն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նրա նախագահության օրոք պաշտոնավարած ցանկացած այլ անձի դեմ։ Եվ դա, ինչպես պատմական ապրիլի 4-ին իր ստով հագեցած խոսքում շեշտել է վարչապետ Փաշինյանը, ո՛չ թե թուլություն է, այլ` բարեկրթություն։ Իսկ ով համարձակվի ասել ճշմարտությունը` թե դա պարզ օրինազանցություն է և անձնական նկատառումներով իրագործվող քաղաքական հաշվեհարդար, իր ծնոտին կզգա նույնքան բարեկիրթ ստի (նաև շանտաժի ու ռեպրեսիայի) միջոցով ժողովրդի վստահությունը ստացած կառավարության ուժը։
Իսկ «կառավարության ուժ» ասելով` Փաշինյանը նկատի ունի ԱԱԾ-ն։ Փողոցը այլևս չկա, և ստացվում է, որ ստելու իր մենաշնորհը պաշտպանելու համար Փաշինյանը քաղաքական շանտաժի ու ռեպրեսիաների գործիք է դարձնում ԱԱԾ-ն։ Զինադադարի պայմաններում և պատերազմի վերսկսման իրավիճակում ապրող երկրի պատահական վարչապետը պետության ներսում վխտացող օտար ու խիստ «կասկածելի տարրերի» դեմ պայքար հայտարարելու փոխարեն` ներքին թշնամի է մատնանշում ու ԱԱԾ-ին հրամայում` Հայաստանում պայքար սկսել ճշմարտություն ասել հանդգնող ամեն հայի դեմ։
Անկասկած, հասարակական կարծիքի մանիպուլյացիան ազգային անվտանգության խնդիր է, բայց չէ որ` այդ մանիպուլյացիան «պատմական» ապրիլի 23-ից շատ առաջ սկսել է հենց Փաշինյանը։ Նա ստեց, իր կեղծ խոսքով խաբեց ողջ ժողովրդին, աննախադեպ ու անգերազանցելի մասշտաբների ու մակարդակի հասցրեց հենց այն, ինչը խոստացել էր մերժել։ Հռչակեց սեր ու հանդուժողականություն, բայց սերմանեց ատելություն ու բռնություն։ Սթափ հայացքով նայեք «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցությունը և կտեսնեք, որ այն Կոշի գաղութի, Կոմայգու սեռական փոքրամասնությունների, սորոսական գրանտակերների, տարատեսակ օտարածին կառույցների, հասարակական ու սոցիալական ծայրահեղականների խմբավորումների հավաքածու է` ապաքաղաքական հավաքական։
«Մեր երկրում խոսքի և տեղեկատվության ազատությունը երաշխավորված է». սա ստի, խաբեության, կեղծիքի բարձրակետն է։ Պետականակործան այս ստի հեղինակը Փաշինյան վարչապետն է։ Թագավորի սուտն ավելի նողկալի է, քան տնանկինը. Ցիմբելինի մասին իր պատմության մեջ դեռ 4 դար առաջ Շեքսպիրն է շեշտել այս իրողությունը։ Դժվար է պատկերացնել սոցիալական ցնցումներ առաջացնող, ժողովրդին դեգրադացնող ու այլասերող ավելի վտանգավոր սուտ, քան Փաշինյանի խոսքը։ Ոտանավորային զեղումների կեղծավորության աստիճանն էլ սոցիալական ցանցն է գնահատում` արժանվույն։
Կատարելության հասցրած ստով Փաշինյանը ապրիլի 4-ից ժողովրդին փաստորեն հայտարարել է «ֆեյք», դատապարտել համրության, սպառնացել է ԱԱԾ-ի հաշվեհարդարով։ Ստացվում է, որ թավշյա իշխանության օրաք արգելված է ճշմարտությունը, քանի որ հրամայված է «շատ կոշտ հակահարված տալ» յուրաքանչյուրուն, ով կասի, որ Փաշինյանը ստում է, անկարող է անգամ իր կառավարության կազմը որոշել, միջազգային բանակցություններ վարել, տնտեսական հեղափոխություն իրագործել, դատական համակարգին իր կամքն է թելադրում` անձնական վրեժը քաղաքական եղանակով լուծելու նկրտումով ...
Անշուշտ, ստել չի կարելի, բայց ԱԱԾ-ն էլ չի կարելի վերածել ստի դետեկտորի։ Երբ գրվում ու փաստերով հաստատվում է, որ Փաշինյանի անձնական հիմնադրամներն ու հաշվեհամարները մենաշնորհային աննախադեպ արտոնություններ ստացած օլիգարխների «մուծումներով» ու քրեական ռեպրեսիաների ենթարկվածներից կորզված փրկագներով են համալրվում, որ կոռուպցիան համակարգային է ու խրախուսվում է պետականորեն, որ թավշյա իշխանությունը սորոսյան պլանով` ծրագրված ոչնչացնում է հայոց պետությունները, որ Նիկոլ-Իլհամ քիրվայությունն ամրապնդվել է Աննա-Մեհրիբան մտերմությամբ, ԱԱԾ-ն հակառակն ինչպե՞ս է ապացուցելու...
Սիմոն Գյուրջյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը