16 04 2019

Ստախոսներն անխուսափելիորեն կպատժվեն

Ստախոսներն անխուսափելիորեն կպատժվեն

Դեկտեմբերի 9-ին արտահերթ ու հապճեպ խորհրդարանական ընտրություններով ավարտված իշխանափոխությունից հետո թավշյա իշխանությունը գրեթե ամբողջովին մատնված է անգործության։ Գրեթե, քանի որ գործադիրի ու օրեսդիրի բացարձակ անգործության ֆոնին ակտիվորեն շարունակում է գործել դատական իշխանությունը, բայց` բացարձակ հեռախոսային կառավարմամբ ու բացառապես վարչապետ Փաշինյանի հակաօրինական պատվերները կատարելու համար։ Այսինքն, թավշյա ռեժիմի իշխանակալման օրոք գործում են բացառապես իրավապահ մարմինները և ռեպրեսիաների ու շանտաժի միջոցով սպասարկում են բացառապես Փաշինյանի անձանական վրեժխնդրությունից բխող քաղաքական հրամանները։

Աննախադեպ այս իրողության ամենաթարմ դրսևորումը ՍուտՆիկոլ ժողովրդական նախաձեռնության համակարգողների նկատմամբ ոստիկանական միջոցառումներ իրագործելու փաստն է։ Ոստիկաններն իներցիայով շարունակում են կատարել ժողովրդին սևերի ու սպիտակների բաժանած Փաշինյանի` անխտիր բոլոր «սևերին» պատին ծեփելու և ասֆալտին փռելու «սիրառատ ու հանդուրժողական» հրահանգը։ Մինչդեռ ժամանակն է` ուշքի գալ ու գիտակցել, որ իրավապահները հանուն մեկի քմահաճույքի ժողովրդի դեմ պայքարելու համար չեն։ Ոստիկանությունը, ո՛չ էլ ԱԱԾ-ն ու այլ պետական կառույց ժողովրդի ազատ արտահայտվելու իրավունքը մեկի կամքով արգելելու գործիք չէ։

ՍուտՆիկոլ ժողովրդական նախաձեռնությունը թավշյա իշխանության բացարձակ անգործությունից առաջացած քաոսից, Ռանչպար, Վիեննա, Ստրասբուրգ, այլուր կատարած իմաստազուրկ ու կործանարար այցերից, մարտական գեներալների, ազատամարտիկների, Արացխի հերոսների, այլախոհների դեմ սանձազերծված քաղաքական հաշվեհարդարից, ազգային անվատանգության թավշյա նորանոր սպառնալիքներից, չարաշահված համբերությունից, սպառված վստահությունից, թանձրացող անորոշությունից, վարչապետի ստախոսությունից է ծնվել։ Մեր երկրի 9 քաղաքների փողոցներում գրաֆիտների գրություններով ՍուտՆիկոլ ժողովրդական նախաձեռնության անդամները թավշյա ժամանակաշրջանում առաջացած հենց այս արատներն են արձանագրում։

Եթե Փաշինյանը չի ցանկանում, որ ՍուտՆիկոլ ժողովրդական նախաձեռնությունը միանգամայն օրինապահ ակցիաներով բոլորին մեկ առ մեկ հիշեցնի վարչապետի ստերն ու օրինախախտումները, ներկայացնի շանտաժով ու բռնություններով իրագործված իշխանափոխության փաստերը, ապա պետք է կամավոր խոստովանի, որ մեկ տարի առաջ մեր երկրի սահմանադրական կարգը տապալելու երկրորդ փորձն է ձեռնարկվել` իր գլխավորությամբ և այս անգամ դա իրենց հաջողվել է։ Այս ազնիվ ու խիզախ քայլից հետո Փաշինյանն արդեն թեթևացած սրտով կկարողանա խոստովանել նաև, որ թավշյա իշխանափոխության այս ողջ բեմադրությունը` իր հոգևոր հայր ԼՏՊ-ի «լավ չես ապրի` քանի դեռ...» բանաձևով Արցախը թշնամուն հանձնելու նպատակն է հետապնդել և այս նպատակն իրագործելուն խանգարած ու խանգարող բոլորի նկատմամբ դեռ 1998-ի փետրվարի 4-ից նյութված ու 2008-ի մարտի 1-ից ահագնացած իր ու հոգևոր հոր քաղաքական վրեժն է լուծում։

Այս խոստովանությունները եթե հիմա Փաշինյանը չանի կամավոր, ապա շատ մոտ ապագայում հարկադրված է անելու։ Անխուսափելի խոստովանանքից բոլորին վաղ թե ուշ ինքնաբերաբար պարզ կդառնա, թե թավշյա հեռակառավարվող արդարադատության օրոք ինչո՞ւ էր այդպես անհրաժեշտ, որ Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ պահվեր` երբ ինքնակամ է վերադարձել ու ներկայացել ՀՔԾ։ Ժողովրդին հայտնի կդառնա նաև, թե այդ ինչպե՞ս է լինում, որ 8 ամիս շարունակված նախաքննության ու կալանքի 4 ամիսներից հետո դատարան հանձնված քրեկան գործի 76 հատորում բացառապես ջուր է ու անբացատրելի, անմեկնաբանելի, անհիմն, անհնարին մեղադրանքներ։

Անխուսափելի խոստավանությունները միաժամանակ կբացահայտեն, թե այդ ինչո՞ւ և ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանի երրորդ նախագահ (2008-ի փետրվար-մարտյան իրադարձությունների ժամանակ Հայաստանի վարչապետ և առավել քվեներ ստացած ու հաղթած նախագահի թեկնածու) Սերժ Սարգսյանին հարցաքննում են երկու անգամ, 3 օր և 26 հարցեր են առաջադրում, իսկ 2008-ի նախագահական ընտրությունները վաղօրոք սահմանադրական կարգը պատալելու առիթ դարձրած և մարտի 1-ի ոճրագործությունը սադրելուց հետո կողմնակիցներին լքած ու իր տանը ապահով պատսպարված ԼՏՊ-ին «հարցաքննում» են ընդամենը 3 ժամ` սուրճ ու թեյ հյուրասիրելուն զուգընթաց և ընդամենը 2 հերթապահ հարցեր են առաջադրում։  

ԼՏՊ-ի ապրիլի 14-ին տեղին ունեցած հարցաքննության հրապարակումից արդեն իսկ պարզ է, որ փետրվար-մարտյան իրադարձությունների մասին իր հնարած հեքիաթը քննիչներին պատմելու ընթացքում ՀՀ առաջին նախագահը չի խորշել բացահայտորեն ստելուց։ Նա մասնավորապես, ասել է. «Ես միկրաֆոնի միջոցով դիմելով ցուցարարներին` խնդրեցի պահպանել հանդարտություն, հանգստություն, չընդվզել, չբախվել, ասացի՝ սպասե՛ք, տեսնենք, թե ոստիկանությունը մեզանից ինչ է ուզում: Խնդրեցի, որ ոստիկանության հետ ոչ մի շփում չունենան: Սա եղել է իմ վերջին խոսքը։ Ոստիկաններն անմիջապես սկսեցին ինչ-որ ձողեր փնտրել, այնինչ անձամբ տեսել եմ, որ Ազատության հրապարակ մտնող ոստիկանական սպաների ձեռքին է եղել նման ձողեր: Հենց ոստիկանական օպերատորներն էլ նկարում էին այդ ամենը: Այդ ընթացքում նստած եմ մնացել նստարանին, ինձ ոչ ոք չի մոտեցել, ես ծխել եմ և նստած հետևել եմ կատարվող իրադարձություններին»։

Ահա և մարտի 1-ի առավոտյան կատարված երկու նկարահանումներ, որոնցից պարզ երևում է, թե ձողերը ում ձեռքերում են։

 

 

 

 

 

Հստակ է նաև, որ ցուցարարները զինված են նաև մետաղյա ձողերով ու փայտե մահակներով և ոստիկաններին «դիմավորում» են «մոլոտավի կոկտեյլ»-ներով։ Տանյակ ցուցարարների հարցաքննություններից ու օպերատիվ տվյալներից հայտնի է, որ հրապարակի վրաններում եղել են նաև նռնակներ, հրազեն, այլ զենք ու մետաղական սարքեր, որոնք գիշերվա ընթացում կազմակերպված ձևով տեղափոխվել է այլ վայր, քանի որ և՛ ԼՏՊ-ն, և՛ փետրվար-մարտյան սադրանքի մյուս կազմակերպիչները, և՛ հրապարակում գիշերած ցուցարարները վաղօրոք իմացել են ոստիկանական միջոցառման մասին։ Այնպես որ` ԼՏՊ-ի սուտը ակնհայտ է և հուշում է, թե Փաշինյանն ումից է սովորել անպատկառորեն ստել։ Ուրեմն. ՍուտՆիկոլ ժողովրդական նախաձեռնությունը միանգամայն արդարացված է։

Բոլորովին արդարացված չեն, սակայն, ԼՏՊ-ին ընդամենը երկու հարց տալու քննիչի ո՛չ վարքը, ո՛չ էլ տված հարցերի բովանդակությունը։ «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի» արտասանելուց հետո իր կաղմնակիցներին ճղճիմորեն բախումների հրահրած և իր սադրանքի հետևանքով 10 զոհերի մասին իմանալուց հետո առանց խղճի խայթ զգալու հանգիստ քնած ԼՏՊ-ին քննիչը հարցրել է. «Ի՞նչ կարող եք հայտնել 2008-ի մարտի 1-ի գիշերը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձություննների ժամանակ զոհված անձանց մահվան հանգամանքների վերաբերյալ»։ Սա նույնն է, որ Հուդային հարցնեն, թե ի՞նչ կարող է ասել 30 արծաթի դիաց Հիսուսին մատնելու մասին։ Դե իսկ քննիչի «Երևանի Ազատության հրապարակում եղած ցուցարաների մոտ դուք զենք, մետաղյա ձողեր կամ բռնություն կիրառելու համար նախատեսված այլ առարկաներ տեսե՞լ եք, թե՞ ոչ» երկրորդ հարցին ԼՏՊ-ն պատասխանել է ակնհայտ սուտ պնդումով. «Բառացված է, նման իրեր չեն եղել»:

Փաշինյանի ու ԼՏՊ-ի սուտը անվերապահորեն կբացահայտվի, իսկ ստախոսները անխուսափելիորեն կպաժվեն։ Հենց սա է ՍուտՆիկոլ ժողովրդական նախաձեռնության նպատակը։ Իսկ երբ արդեն թավշյա ժամանակաշրջանն ավարտված լինի, հավատացած եմ, որ նույն քննիչը ԼՏՊ-ին կհարցնի, թե արդյոք սահմանադրական կարգը տապալելը չէր նպատակը, երբ նա իր ստացած 21,5%-ը բավարար համարեց` իշխանությունը ուժով յուրացնելու համար։ Այս անգամ հարցերը շատ ավելին կլինեն և քննիչին կհետաքրքրի նաև, թե ինչո՞ւ ԼՏՊ-ն չվարանեց խթանել օտար դեսպանատների միջամտությունը մեր երկրի ներքին գործերին և հանուն իշխանական ռևանշի մարդկանք միտումնավոր դրդեց զոհողության։

Անշուշտ քննիչը ԼՏՊ-ին կհարցնի նաև, թե սահմանադրական կարգը տապալելու համար ինչո՞ւ էր դասալքության ու դավաճանության մղում պաշտպանության երկու փոխնարարներին ու մի քանի ազատամարտիկ հրամանատարների։ Հետթավշյա շրջանում ՀՀ առաջին նախագահին տրվելիք հարցերի շարանը շատ երկար կլինի, սակայն անհամեմատ, տասնապատակ ավելին կլինեն Փաշինյանին ուղղվելիք հարցերը` սկսած ժողովրդին խաբելու ու դեգրադացնելու նպատակները բացահայտելուց և հասնելով պետական հանձարանը թալանելու ու կոռուպցիան անգերազանցելի մակարդակի հասցնելու մեխանիզմների ու կատարողների մասին խոստովականակ ցուցմունքներին։ Եվ չի հանդուրժվի ո՛չ մի սուտ։

 

Արթուր Մխիթարյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ