Շատախոսությունն այն հիվանդությունն է, որով տառապում է Հայաստանի ողջ կառավարությունը, և գլխավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը Հայաստանի թիվ մեկ զավզակն է։ Դա, իհարկե, մեզ չէր հետաքրքրի, եթե այդ զավզակությունն այսքան վնասակար չլիներ երկրի համար։ Իշխանության երկու ճյուղերը՝ գործադիրն ու օրենսդիրը, զբաղված են միմիայն խոսելով։
Խնդրեմ, դատեք ինքներդ։
Ազգային ժողովը մի քանի նիստ արդեն արել է, երկար-բարակ քննարկումներ են եղել, բայց օրակարգում եղել է ընդամենը մեկ-երկու հարց։ ԱԺ նախագահի, փոխնախագահների, հանձնաժողովների նախագահների քվեարկությունը, հիշենք, տևեց մեկ շաբաթ․ թեկնածուները մեկական էին յուրաքանչյուր աթոռի համար, կոնկուրս չկար, բայց մեկ շաբաթ հարցաքննեցին և վերջում ընտրեցին նույնությամբ։ Բանը հասավ այնտեղ, որ անգամ պատգամավորներն իրենք էլ ելույթ ունեցան ու ասացին՝ ժողովուրդ էս ի՞նչ ենք անում, անարդյունավետ է մեր աշխատանքը։
Կառավարությունը ծրագիր ներկայացրեց խորհրդարան։ Վարչապետը ելույթ ունեցավ ու հարցերի պատասխանեց երեք օր։ Կառավարությունը բյուջեի նախագիծ ներկայացրեց խորհրդարան, գրանցվեցին բազմաթիվ հարցապնդում անողներ և եղան բազմաթիվ ելույթ ունեցողներ։ Ժամերով քննարկվեց հարցն ու ընդունվեց հենց այնպես, ինչպես ներկայացվել էր։ Ընդդիմության առաջարկները մերժվեցին, թե՝ սա մեծամասնության կառավարությունն է, ուրեմն մեծամասնության ներկայացրածը պետք է ընդունվի։ «Ժողովրդավարության աստիճանի» բարձր ցուցիչ է, այդպես չէ՞։
Խորհրդարանը քննարկում էր կառավարության ծրագրի կատարողականը։ Ներկա էր վարչապետը․ մեկ ժամ ելույթ, 45 հարց տվող։ Պատկերացնո՞ւմ եք, վարչապետը երկու օր պատասխանում է նրանց հարցերին։
Բանը հասնում է այնտեղ, որ մեկ հոգու հարցը չեղարկելը մեծ ոգևորություն է առաջ բերում։
Կառավարություն-ԱԺ հարցուպատասխան է, գրանցվել է 52 պատգամավոր։ Նիստը պետք է տևի այնքան, քանի դեռ հարցերը չեն սպառվել։ ԱԺ նախագահը հատուկ շեշտում է այդ հանգամանքը։
Սովորաբար նիստն ավարտվում է 18։00, այս անգամ, սակայն, ավարտվում է 20։30, որովհետև գրանցվել է 52 պատգամավոր։ Ինչո՞ւ է տևում մինչև 8։30 և ոչ թե, ասենք, կեսգիշեր, որովհետև հարց տվողները հենց այդ ժամին տեսան, որ դահլիճում մնացել է մի քանի պատգամավոր և կառավարության անդամները, և մնացյալները հերթով հանեցին հարցերը։ Պատկերանցնո՞ւմ եք, ԱԺ նիստն ավարտվում է ծափահարություններով, մարդիկ որգևորվել են, ուրախ են, որ վերջապես նիստն ավարտվեց։
Իսկ ի՞նչ հարցեր էին տրվում։
Բնականաբար, հարց տվողները մեծամասամբ «Իմ քայլը» խմբակցության անդամներն էին, քանի որ խորհրդարանում որ կողմ աչքդ թեքում ես, իրենք են։ Հարցերն այնպիսինն են, որ ոչ թե խնդիր են բարձրաձայնում, այլ առիթ են ավելորդ անգամ գովերգելու իշխանությանը, անգամ՝ չարածներն ու անելիք-չանելիքը։
«Իմ քայլը» խմբակցության որևէ պատգամավոր ունի հնարավորություն զանգել նախարարին, ներկայանալ, իսկ եթե չհիշի (այնքան պատահական մարդիկ են հայտնվել խորհրդարանում, որ հնարավոր է և իրար «տեղը չբերեն»), մատնացույց անեն, թե ապրիլյան քայլերթի ժամանակ Գյումրի-Երևան ճանապարհի որ հատվածն է քայլել Փաշինյանի հետ (այդ դեպքում հաստատ կհիշի), ասի իր խնդիրն ու լուծում ստանա։ Բայց նա սպասում է մինչև կառավարության հետ հարցուպատասխանի օրը, որը տեղի է ունենում երեք շաբաթը մեկ, որպեսզի գովերգի կառավարությանը։
Վարչապետն ասուլիս է տալիս 3 անգամ, ամեն անգամ գերազանցում է տևողությունը նախորդին, իսկ վերջին անգամը՝ 4․5 ժամ էր։ Վարչապետը մշատապես ուղիղ եթերներ է մտնում ու երկարատև խոսում ինչ-որ անկարևոր բաների մասին, ու ուղիղ եթերների դիտումների վիճակագրությունն իսկ փաստում է, որ հետաքրքրությունը գնալով նվազել է։ Ասելիքն է ամեն անգամ նույնը, իսկ իրականում ասելիք չկա՝ գործ չի արվում ժողովրդի բարեկեցությունն ապահովելու նպատակով։
Կառավարության նիստում, ասենք, ներառված է 30 հարց, դրանցից 20-ից ավելին չզեկուցվող է, այսինքն՝ ժամանակ չի ծախսվում դրա վրա, համարում են ընդունված, մյուս հարցերի վրա ծախսվում է երեք ժամ, և երկար-բարակի քննարկումներն ավարտվում են միմիայն Նիկոլ Փաշինյանի կամքով ու որոշմամբ։ Դարձյալ, «Ժողովրդավարության բարձր աստիճանի» ցուցիչ։
Ամեն մի դրամ գումարը, որ բերել են բյուջե․ ամեն մի անձին, որ նշանակել են պաշտոնի, ամեն մի մանրուք ԱԺ-ում երկար խոսելու, կառավարության նիստում ժամավաճառությամբ զբաղվելու, համահայկական քննարկման առիթ է։
Ցավն այն է, որ գովում են այն, ինչը որ պետք է անեն, վասնզի ինչն արել են, բնավ գովերգման ենթակա չէ։ Եվ ցավ է այն, որ գովերգում են նույն տրամաբանությամբ և հավասար ինտոնացիայով կառավարության անդամները, աշխատողները, պատգամավորները, կուսակցության անդամներն ու ֆեյքերը։ Հայաստանում այսօր գործում է ֆեյքային իշխանություն։
Զավեշտը՝ վերջում․ Նիկոլ Փաշինյանն ինքը պետության թիվ մեկ ամբիոնից հայտարարում է, որ ինքը գործով զբաղվելու փոխարեն խոսում է, քանի որ ի սկզբանե խոսքն էր․․․
Վայելիր, սիրելի ժողովուրդ։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը