22 03 2019

Նոր հակառեկորդներ՝ Հայաստանից գումարների արտահոսքը շարունակվում է

Նոր հակառեկորդներ՝ Հայաստանից գումարների արտահոսքը շարունակվում է

Հեղափոխական Հայաստանի նշանակալից «ձեռքբերումներից» մեկի՝ 2018 թվականին Հայաստանից գումարի արտահոսքի ավելացման մասին անդրադարձել ենք։ Հիշենենք, որ Կենտրոնական բանկի եւ վիճակագրական պետական ծառայության տվյալների համաձայն, 2018-ին Հայաստանից 811 մլն դոլարով ավելի գումար էր դուրս եկել, քան նախորդ տարի։ Խոսքը երկու ճանապարհով տեղի ունեցող գործընթացի մասին է։ Առաջինը՝ ներմուծման եւ արտահանման բացասական տարբերությունը խորացել էր 612 մլն դոլարով։ Երկրորդը՝ Հայաստան փոխանցվող գումարների ներհոսքի եւ արտահոսքի տարբերությունն էր փոխվել։ Այսինքն, Հայաստան մտնող այսպես ասած «մաքուր գումարը» շուրջ 169 մլն դոլարով ավելի քիչ էր եղել, քան նախորդ տարի։ Պատահական չէ, որ Կենտրանական բանկի պահուստները «մաշեցնելու» միջոցով ենք փորձում զերծ մնալ դրամի արժեզրկումից։ Դա գուցե եւ լուծում է, բայց՝ ժամանակավոր։ Եթե այս տեմպով Հայաստանից գումնարների արտահոսքը շարունակվի նաեւ այս տարի, ապա դրամի աստիճանական կամ կտրուկ արժեզրկումից խուսափել չենք կարող։ Բնականաբար, այս առումով հետաքրքրական է, թե ի՞նչ է տեղի ունեցել այս տարվա հունվար ամսին։

Արտահանման-ներմուծման բացասական տարբերությունը շատ չի փոխվել։ Անցած տարվա հունվարին շուրջ 151 մլն դոլարով էինք ավելի շատ ներմուծել, քան արտահանել, այս տարվա հունվարին՝ շուրջ 152 մլն դոլարով։ Սակայն, անցած տարվա նույն ամսվա համեմատ կտրուկ նվազել են թե արտահանման, թե ներմուծման ծավալները, ինչը տնտեսական ակտիվության նվազման փաստուն վկայությունն է։ Արտահանումը նվազել է 15,7 տոկոսով, ներմուծումը՝ 9,3 տոկոսով։

Սակայն առավել ուշագրավը տեղի է ունենում արտերկրից Հայաստան եւ Հայաստանից արտերկիր գումարների փոխանցման գորշընթացի հետ։ Այս տարվա հունվարին շարունակվել է վերջին 3-4 ամիսներին արձանագրվող Հայաստանից գումարների արտահոսքի ավելացման երեւույթը։ Այս տարվա հունվարին Հայաստանից արտերկիր կատարվել են 101 մլն դոլարի փոխանցումներ։ Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին արտահոսքը կտրուկ աճելով, կազմել էր 121 մլն դոլար, նոյեմբերին՝ 114 մլն դոլար, դեկտեմբերին՝ 123 մլն դոլար։

Ինչ վերաբերվում է Հայաստան մտնող գումարներին, ապա հունվարին արտերկրից Հայաստան է փոխանցվել 119 մլն դոլար։ Այսինքն, այս տարվա հունվարին պատմական հակառեկորդ է գրացվել, Հայաստան մտնող եւ Հայաստանից դուրս եկող գումարների տարբերությունը, այսինքն զուտ ներհոսքը կազմել է 17 մլն դոլար։ Վերջին ավելի քան 12 տարում նման ցածր ցուցանիշ չէր արձանագրվել։

Մեկ այլ ուշագրավ հակառեկորդ՝ հունվարին Հայաստանից Ռուսաստան ավելի շատ գումար է արտահոսել, քան՝ մտել։ Ռուսաստանից Հայաստան փոխանցվել է 50 մլն դոլար, Հայաստանից Ռուսաստան՝ 54 մլն դոլար։ Նման բան երբեւէ չի եղել։ Սա Հայաստանի տնտեսական կացության վերաբերյալ անվստահության եւս մեկ ցուցիչ է։ Իրավիճակը լավ պատկերացնբող մեր քաղաքացիներն այս կամ այն ճանապարհով իրենց գումարները դուրս են հանում Հայաստանից։ Դա Հայաստանի կառավարության՝ բիզնեսի նկատմամբ ճնշումների, ներդրողներին վանելու քայլերի ուղղակի հետեւանքն է։ Առաջիկայում սպասվող՝ առանց դատարանի գույքի բռնագանձման անցնելու Նիկոլ Փաշինյանի հայտարարած մտադրությունը եւ եկամուտների համընդհանուր հայտարարգրման անցնելու ծրագիրն էլ ավելի է խորացնում այդ անվստահությունը եւ խիստ մտահոգիչ դարձնում Հայաստանի տնտեսական եւ քաղաքական կացությունը։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ