Նիկոլ Փաշինյանի մտքի «փայլատակմանը», ըստ որի, եթե մարդիկ վարկ են վերցնում ուրեմն աղքատ չեն և ուրեմն, 11 հազարից ավելի աղքատության նպաստ ստացողներին այդ նպաստից արժե զրկել, անդրադարձել ենք նախորդ հրապարակմամբ։ Միաժամանակ, խոստացել էինք հուշել կառավարությանն ու նրա ղեկավարին, թե որտեղից հնարավոր է աղքատության նպաստը կրճատելու միջոցով ակնկալած 4,5 մլրդ դրամը հայհայթել՝ առանց այդ նպաստներից մարդկանց զրկելու։
Հիշեցնենք, որ ի պատասխան մեր հարցման, պետական եկամուտների կոմիտեից տրամադրած տվյալների համաձայն, անցած տարվա մայիս-դեկտեմբեր ամիսներին պետական եկամուտների կոմիտեն 3,3 մլրդ դրամի պարգևավճարներ է ստացել։ Այսինքն, ՊԵԿ մոտ 3 հազար աշխատակիցներից յուրաքան չյուրի ստացած միջին պարգևավճարը կազմել է մոտ 1 մլն դրամ։ Ավելին, ՊԵԿ ղեկավարությունը և նրան օգնականներն ու գործավարները միջինում ստացել են մոտ 7,3 մլն դրամ։ Եթե ութ ամսում պարգևավճարների չափը կազմել է 3,3 մլրդ դրամ, ապա տարեկանը կկազմի մոտ 4,4 մլրդ դրամ։ Սա համարյա այն գումարն է, որը ցանկանում է նպաստառուներից վերցնել Նիկոլ Փաշինյանը։ Չենք առաջարկում ամբողջությամբ զրկել ՊԵԿ-ին պարգևավճարներից, բայց կարելի է դրանք էապես կրճատել՝ թողնելով տարեկան 1-1,5 մլրդ դրամ։ Հարկ է նշել, որ ՊԵԿ-ում առանց այդ էլ աշխատավարձերը բարձր են, որից բացի, աշխատակիցները ստանում են նաև հավելումներ։ Այսինքն, առնվազն 2,5-3 մլրդ դրամ գումար տարեկան կարելի է խնայել այստեղ՝ պարգևավճարների ֆոնդը համեստացնելու հաշվին։
Երևանի քաղաքապետարանում 2019 թ․-ի բյուջեում պարգևավճարների գումարը նախորդ տարվա 758 մլն դրամի փոխարեն ավելացել է 2,5 անգամ և կազմել 1,9 մլրդ դրամ։ Ճիշտ է, այդ գումարը Երևանի քաղաքային բյուջեով է նախատեսված, բայց չմոռանանք, որ այդ բյուջեն համաֆինասավորվում է պետական բյուջեից։ Հետևաբար, կարելի է Երևանի քաղքապետարանի պարգևավճարները թողնել նույն՝ 2018 թվականի մակարդակին, իսկ 1,1 մլրդ դրամը դարձյալ նախատեսել այն ծախսերի համար, որը ցանկանում է անել Փաշինյանն աղքատության նպաստներից մարդկանց զրկելու միջոցով։
Խոշոր պարգևավճարներ են ստացել նաև ֆինանսների նախարարությունում, իսկ նախարարն ու ղեկավար կազմի պարգևատրումները դարձյալ գտնվել են 2-7 մլն դրամի միջակայքում։ Եթե այլ նախարարություններում պարգևավճարների ֆոնդը 30-130 մլն դրամի շրջակայքում է, ապա հայնտի չէ, թե ի՞նչ տրամաբանությամբ՝ ֆինանսների նախարարությունում 800 մլն դրամ է։ Այսինքն, 600-700 մլն դրամ էլ այստեղ կարելի է խնայել՝ կրճատելով պարգևավճարները, այլ ոչ թե աղքատության նպաստառուներին։
Այսինքն, միայն այս երեք պետական կառույցներում պարգևավճարների չափի կրճատման, ոչ թե ընդհանրապես չտրամադրելու, շնորհիվ հնարավոր կլինի աղքատության նպաստներից չզրկել ավելի քան 11 հազար մարդու։ Դժվար չէ հաշվարկել, որ այդպես հնարավոր է խնայել 4,2 մլրդ- 4,8 մլրդ դրամ գումար։
Ի դեպ, թե զինծառայողների աշխարավարձերը բարձրանցնելու, թե աղքատության նապստներից չզրկելու և մեր երկրի ու ժողովրդի բազմաթիվ հարցեր լուծելու համար, կա այլ ճանապարհ ևս, որի մասին բազմիցս ասել ենք։ Խոսքը տնտեսական զարգացման և դրա շնորհիվ բյուջեի եկամուտների ավելացման մասին է, որը չեն կարողանում և չեն ցանկանում ապահովել վարչապետ դարձած անձն ու նրա կառավարությունը։ Մասնավորապես, եթե գոնե պահպանվեր 2018 թ․-ի սկզբի բարձր՝ մոտ 10 տոկոս տնտեսական աճը, ապա մեր տնտեսության ծավալը (համախառն ներքին արդյունքը) անցյալ տարի կավելանար մոտ 275 մլրդ դրամով, իսկ պետական բյուջեն՝ մոտ 55 մլրդ դրամով։ Այս չստացված տասնյակ և հարյուրավոր միլիարդների գումարն այն գինն է, որ մենք բոլորս վճարել ենք Նիկոլ Փաշինյանին և նրա շրջապատին ապրիլ-մայիս ամիսներին իշխանության բերելու համար։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը