01 03 2019

Ինչո՞ւ պետական բյուջեն չստացավ հավելյալ 55 մլրդ դրամ

Ինչո՞ւ պետական բյուջեն չստացավ հավելյալ 55 մլրդ դրամ

Ստվերային տնտեսության դեմ պայքարը մշտապես եղել է Հայաստանի կառավարությունների հիմնական խնդիրներից մեկը, որոնք ավել կամ պակաս հաջողությամբ ձգտել են հնարավորինս բացահայտել թաքցված հարկերը և ավելացնել պետական բյուջեի եկամուտները։ Հայաստանի ներկա կառավարությունը նույնպես հայտարարել է ստվերի դեմ պայքարելու մասին։ Ավելին, մինչ վարչապետ դառնալը, Նիկոլ Փաշինյանը հեքիաթային թվեր էր նշում՝ 800 մլն դոլարով պետական բյուջեն ավելացնելու մասին։ Դա նախկինում, հիմա այդ ինչպես և բազմաթիվ այլ խոստումներ վարչապետ դարձած հեղափոխականը նախընտրում է չհիշել։ Սակայն բոլորը չէ, որ տառապում են հիշողության կորստով, ուստի նրանց համար, ովքեր հիշում են այդ խոստումը և ցանկանում հասկանալ, թե ինչպե՞ս է այն կատարվում և ի՞նչ մուտքեր կարող էին լինել, եթե պահպանվեր տարեսկզբի բարձր տնտեսական աճը, ներկայացնենք իրականությունը։

Ստվերային տնտեսության բարձր կամ ցածր լինելը երևում է հարկեր-համախառն ներքին արդյունք (ՀՆԱ) հարաբերակցությունից։ Այսինքն, խոսքն այն մասին է, թե տնտեսության ամբողջ ծավալից ո՞ր տոկոսն է հարկերի տեսքով մտնում պետական բյուջե։ Ներկայացնենք վերջին տարիների հարկեր-ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշները․

2013 թ․   2014 թ․   2015 թ․   2016 թ․   2017 թ․   2018 թ․

22 %       22 %    21,2 %   21,3 %      20,7 %     20,9 %

Ինչպես երևում է աղյուսակից, 2018 թ․-ին ստվերի բացահայտման դեմ պայքարի արդյունքն առանձնապես չի տարբերվել նախորդ տարիների արդյունքներից։ Ավելին, հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը ավելի ցածր է, քան 2013-2016 թվականներին և գրեթե այնքան է, որքան 2017 թ․-ին։ Եվ սա այն դեպքում, երբ անցած տարին «թալանածը հետ բերելու» խորագրով Նիկոլ Փաշինյանի բեմադրությունների բենեֆիսային տարին էր, որն ուղեկցվում էր հիստերիկ ելույթներով, տասնյակ միլիարդների չարաշահումների իբրև թե բացահայտումներով։ Իրականում, ինչպես պարզվում է, այս ամենը բլեֆ էր, շարքային քաղաքացիները ոչ միայն չտեսան և չզգացին դա, այլև պետական բյուջեից աշխատավարձեր, կենսաթոշակներ և կրթաթոշակներ ստացողները օրերով և նույնիսկ ամիսներով չստացան իրենց գումարները։ Բնական է, որ նրանց մոտ հարցեր պետք է առաջանան, իսկ ո՞ւր են «թալանված» միլիարդները, ո՞ւր է խոստացած 800 մլն դոլար լրացուցիչ մուտքերը պետական բյուջե, եթե դրանք կան։ Կամ գուցե դրանք կոնկրետ հիմնադրամնե՞ր են ուղղվել պետական բյուջեի փոխարեն ․․․

Վերադառնանք թվային ցուցանիշներին և ներկայացնենք, թե որքա՞ն կլինեին պետական բյուջեի եկամուտները, եթե տարեսկզբի բարձր՝ 10 տոկոս տնտեսական աճը պահպանվեր։ Այս տարվա ՀՆԱ-ն կազմել է 6 տրլն 2 մլրդ դրամ, հարկային մուտքերը՝ մոտ 1 տրլն 257 մլրդ դրամ։

Հիշեցնենք, որ պետական բյուջեի եկամուտների այս ցուցանիշն էլ ստացվել է իրականում գոյություն չունեցող և վերադարձման ենթակա շուրջ 21 մլրդ դրամ հավելյալ գումար մուտքագրելու շնորհիվ, որի մասին բացահայտվել էր լրատվամիջոցներից մեկում: Այսինքն, 2018 թ․-ին փաստացի ոչ միայն հավելյալ ստվեր չի բացահայտվել, այլ բյուջեի եկամուտները թերակատավել են, ինչի պատճառով էլ ուշանում են աշխատավարձերի և թոշակների վճարումը։

Ինչպես արդեն մանրամասն ներկայացրել էինք մեր նախորդ հրապարակման մեջ, եթե տարեկան 5,2 տոկոս աճի փոխարեն պահպանվեր 10 տոկոս տնտեսական աճը, ապա Հայաստանի համախառն ներքին արդյունքն ընթացիկ գներով 2018 թ․-ին կկազմեր շուրջ 6 տրլ 277 մլրդ դրամ կամ 275 մլրդ դրամով ավելի, քան 2017 թ․-ին։ Եթե այդ գումարից անգամ նույն՝ 20,9 տոկոս հարկեր վճարվեին, ապա անցած տարի մեր պեռական բյուջեի հարկային եկամուտները կկազմերին 1 տրլն 311 մլն դրամ կամ գրեթե 55 մլրդ դրամով ավելի, քան 2017 թ․-ին։ Եվ սա առանց «կոռուպցիայի», «թալանը վերադարձնելու» և նմանատիպ էժանագին հայտարարություններով ուղեկցվող շոուների, պարզապես տնտեսական բարձր աճի և զարգացման արդյունքում։

Սակայն, ինչպես արդեն նշել ենք, Հայաստանի «հպարտ» քաղաքացիները կուլ տվեցին գունավոր հեղափոխությունների խայծը մեր երկրում և բարեկեցության հասնելու իրական ճանապարհի փոխարեն հավատացին Նիկոլ Փաշինյանի դատարկ խոստումներին։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ