Փաշինյան-Ալիև ենթադրվող հանդիպմանն ընդառաջ ԵԱՀԿ ՄԽ համանախագահողների տարածած հայտարարությունը տարբեր մեկնաբաններ բնորոշեցին որպես ապտակ: «Չափալախ» բառը գործածողներ էլ եղան, բնականաբար, գործող իշխանության հանդեպ ընդդիմադիր տրամադրված առանձին մեկնաբանողների շարքերում: Կարելի է ավելի մեղմ արտահայտվել՝ սառը ցնցուղ:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները փաստացի ընդգծում են «Մադրիդյան սկզբունքներին», այն էլ՝ 2009-12 թվականների տարբերակով կարգավորման այդ տապալված այդ առաջարկությանը վերադառնալու պահը: Դա ավելին է, քան պարզապես հետընթացը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր հետ իշխանության եկածներից շատերը ժամանակին նախկին իշխանություններին իրենց հրապարակումներում և հայտարարություններում ծվատում էին հենց այդ «Մադրիդյան սկզբունքների» շուրջ նախնական համաձայնության ու դրանց շուրջ բանակցելու համար: Խստորեն էին քննադատում: Նաև մեղադրում էին Արցախը բանակային անմիջական գործընթացից դուրս թողնելու մեջ: Ու իշխանության գալուն պես բանակցային սեղանի շուրջ Արցախի վերադառնալու մասին հայտարարեցին: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, եթե չեք մոռացել՝ Ստեփանակերտում:
Բայց այդ հայտարարույթունից 10 ամիս անց ստանում ենք ՄԽ համանախագահների հայտարարությունը, որտեղ փոքր ակնարկ էլ չկա ԼՂՀ իշխանությունների՝ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու մասին:
Դրան հաջորդում է ՀՀ ԱԳՆ ներկայացուցչի պատասխան հայտարարությունը, որն ավելի շատ հիշեցում է, թե Հայաստանը խաղաղության հաստատման դիրքերից է հանդես եկել, իսկ Ադրբեջանը շարունակ ռազմաշունչ հռետորաբանության և գործողությունների: Թեթևակի նաև Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովների ու Դուշանբեի վերելակային հանդիպման մասին է հիշատակում ՀՀ ԱԳՆ խոսնակը: Ոչ մի բառ այն մասին, որ վերադարձը հնացած «մադրիդյան սկզբունքներին» վիճելի է, որ ՀՀ-ն պնդում է ԼՂՀ անմիջական ներգրավումը բանակցություններին:
Հետաքրքրական է այն, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ, 168.am-ին տված հարցազրույցում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով գործող իշխանության ներկայացրած վիճելի մեղադրանքներով այժմ կալանավորված է, Արցախի հիմնախնդրի շուրջ ձևավորված վիճակին անդրադառնալով, ասել է. «Ակնհայտ է, որ Ալիևը հեշտությամբ առավելության հասավ Փաշինյանի նկատմամբ։ Դուշանբեի վերելակային բանակցությունները, փաստորեն, թաղեցին մեզ ձեռնտու Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի՝ շփման գծում վստահության միջոցների ամրապնդմանը միտված համաձայնությունները։ Իսկ դրանք հենց այն գինն էին, որ Ադրբեջանը վճարում էր Ապրիլյան պատերազմի սանձազերծման համար:
Պատերազմ, որում մենք ավելի քան հարյուր մարդ կորցրեցինք։ Կարևոր չէ, թե ինչը դարձավ վարչապետի այդպիսի գործողությունների պատճառ՝ գիտացված ընտրությո՞ւնը, թե՞ իր անիրազեկվածությունը։ Երկու դեպքում էլ դա մեծ սխալ է։ Հայկական կողմը զիջումներ անելու պատրաստակամության առումով չափից ավելի բարձր սպասումներ առաջացրեց՝ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ՝ համանախագահների մոտ։ Ու հենց այդ պատճառով էլ, կարծում եմ, որ Մինսկի խմբի հաջորդ առաջարկներն առանձնապես դուրեկան չեն լինելու»:
Ռոբերտ Քոչարյանը Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից օրեր առաջ էր ասել դա: Եվ ՄԽ համանախագահների հայտարարությունը եկավ արձանագրելու նրա կանխատեսման իրավացիությունը:
Վատ է, երբ հոռետեսական կանխատեսումները կատարվում են: Բայց առաջինը վատ է այն, որ ՄԽ համանախագահները անում են այնպիսի հայտարարություն, որ ասես 2016 թվականի ադրբեջանական ավանտյուրան ու հաջորդած պատերազմական գործողությունները չեն եղել: Համախագահները անում են հայտարարություն, որը նշանակում է հիմնախնդիրը վերադարձնել 2012 թվականի իրողությունների հարթություն, իսկ դա նշանակում է, որ Հայաստանի դիվանագիտական պատասխանատուները թերացել են: Վատ է այն, որ Վիեննայի ու Սանկ-Պետերբուրգի հանդիպումներն ու դրանց արդյունքները այդպես արագ ու թեթևորեն ջնջվեցին:
Դեռ լավ է, որ ռազմամթերքից զարդեր պատրաստելու, ադրբեջանցի մայրերի դարդն էլ լացելու պացիֆիստական դրսևորումները, որոնց վրա կենտրոնացել էր Նիկոլ Փաշինյանի տիկինը, կամաց-կամաց լռեցվեցին: Իրենք էլ երևի տեսան, որ անհեթեթ ու զավեշտական վիճակի մեջ են հայտնվում նման խաղաղասիրությամբ, երբ դիմացինը դա գնահատում է թուլություն ու ավելի է կոշտացնում դիրքը, մեծացնում իշտահը:
Համանախագահների հայտարարությունը մեկ դրական դեր կարող է ունենալ: Այն կօգնի, որ սթափվեն բոլորը, ում համար միևնույն չէ Արցախի, նույնն է, թե՝ Հայաստանի հետագա ճակատագիրը:
Միքայել Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը