25 02 2019

Լևոնանիկոլական վարչախումբ. իրական բնորոշումը սա է

Լևոնանիկոլական վարչախումբ. իրական բնորոշումը սա է

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 23.02.2019-ին հանդես եկավ «Իմ և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների մասին» վերնագրված 5 կետանոց հայտարարությամբ: Ցանկություն ունեցողները կարող են այդ ակտիվ հղմամբ մի հատ էլ կարդալ, իսկ մեզ ձերբազատել այդ շարադրանքը վերապատմելու անհրաժեշտությունից:

Ինչ էր ուզում հասկացնել առաջին նախագահ և ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը:

Նա հանրությանը հավաստիացնում է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական հոգեզավակը չէ, թե ինքը Նիկոլ Փաշինյանին վերջին անգամ «Նիկոլի թվին» է տեսել, ոչ հանդիպում է, ոչ զանգում, ոչ մի շփում: Հաջորդ կետերում հիմնական շեշտադրումներն են՝ Փաշինյանը Ղարաբաղի հարցում իր՝ Տեր-Պետրոսյանի ծրագիրը չի իրականացնում, ՀԱԿ-ը վերջին առաջարկություններով Փաշինյանին փրկելու նպատակ չի հետապնդում և վերջինը՝ Փաշինյանի կառավարության կազմ ՀԱԿ-ը ներկայացուցիչներ չի գործուղել, բացի կուսակցական գործունեությունը կասեցրած մեկ հոգուց, ՀԱԿ-ը Փաշինյանի «հաղթանակի կերտմանը» չի մասնակցել, հաղթական տորթից էլ բաժին չի ակնկալում: Կարծիքներ հնչեցին, թե Տեր-Պետրոսյանը փորձում է սահմանազատվել Նիկոլ Փաշինյանի իշխանությունից, Պիղատոսի օրինակով՝ «ձեռքերը լվալ»:

Հոգեզավակն է քաղաքական, թե ուսուցիչը, հանրությանը շատ չի հետաքրքրում: Մարդիկ իրենց հիշողությունն ունեն, կարող են, օրինակ, «Գուգլի» օգնությամբ էլ վերհիշել, թե ինչքանով ու ինչ կապեր են ունեցել Տեր-Պետրոսյանն ու Փաշինյանը, ինչպես է երկրորդը քաղաքականության մեջ աշակերտել առաջինին: Հետո ի՞նչ, որ վերջին մեկ կամ 5 տարվա մեջ մեկ-երկու անգամ են հանդիպել, զրուցել: Կարևորը քաղաքական բովանդակությունն է, կարևորը պայքարելու ոճը, եղանակներն են:

Անցյալ տարվա ապրիլյան անարյուն իշխանավոխության հատկապես երկրորդ փուլում, երբ Սերժ Սարգսյանը թողեց իշխանությունը, իսկ Փաշինյանը դեռ այն վերցնելը ԱԺ-ով չէր ձևակերպել, ՀԱԿ-ի շարքերը ակտիվ մասնակցել են Փաշինյանի «հաղթանակի կերտմանը»: Իսկ «տո՞րթ» են ստացել, թե՞ Քյավառի փախլավա, դա այլ խնդիր է:

Հիմնականը ոչ թե դա է, այլ շատերի այն ընկալումը, որ իր բովանդակությամբ, գործելակերպով ու պահվածքով գործող իշխանությունը լևոնանիկոլական վարչախումբ է՝ ընդհանրական էությամբ:

Առաջին նախագահն ու ՀԱԿ ղեկավարը հայտարարում է, որ ՀԱԿ-ից միայն մեկ հոգի է աշխատանքի տեղավորվել Նիկոլ Փաշինյանի կառավարությունում: Լևոն Տեր-Պետրոսյանը մոռանում է, որ Նիկոլ Փաշինյանը, ինչպես իր թիմի մի մասը ՀԱԿ-ից էին:

Կապ չունեն՝ չունեն: Դա անհեռանկար ու պարապ զբաղմունք է՝ պարզել, թե ի՞նչ կապ ունեն, ապացուցել, որ ունեն կամ՝ չունեն: Ովքեր համոզված են, որ կապը կա, հակառակում չես համոզի: Իսկ ովքեր Տեր-Պետրոսյանի ասածները որպես վերջնական ճշմարտություն են ընդունում, էլի՝ հակառակում չես համոզի:

Հայտարարության վերջին մասն է հիմնականը: Լ.Տեր-Պետրոսյանը հայտարարել է, թե իր և Փաշինյանի կապի մասին ու մնացած արտահայտությունները անհեթեթություններ, ստեր և հերյուրանքներ են, իսկ դրանց տարածումը, իբր թե, «ղեկավարվում է ժողովրդից թալանված հսկայական ֆինանսական և մեդիա-ռեսուրսների տիրապետող մեկ կենտրոնից, որի նպատակն է ցանկացած գնով արդարադատությունից փրկել «Մարտի 1»-ի ոճրագործության գլխավոր պատասխանատուներին և, օգտվելով գործող իշխանության անխուսափելի սխալներից ու բացթողումներից, դժգոհության ալիք բարձրացնել նրա դեմ և պերմանենտ ցնցումների միջոցով տապալել այն ու վերականգնել ավազակապետական վարչակարգը, հոգ չէ, թե դրա հետևանքով կկործանվեն Ղարաբաղն էլ, Հայաստանն էլ: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ազգային դավաճանություն։ Պարտված վարչախումբը, փաստորեն, պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին և նրա ընտրած իշխանությանը։ Ուստի, ժողովրդի պարտքն է ընդունել այդ մարտահրավերը և ուժգին հակահարված տալ հակապետական ուժերին»:

Ամբողջովին հակատրամաբանական, խարդավանքային, մերկապարանոց ու ստահոդ պնդումներ, որոնց հեղինակը Հայաստանի առաջին նախագահն է: Տեր-Պետրոսյանը Տեր-Պետրոսյանը չէր լինի, եթե մուտիլովշիկական նման ստեր չտարածեր: Իր և Նիկոլ Փաշինյանի առնչության կամ չառնչության մասին հրապարակումները կամ սովորական մարդկանց խոսակցությունները տրամաբնական ինչ կապ կարող են ունենալ որևէ քրեական գործով կամ նույն «Մարտի 1»-ի գործով  որևէ մեկին պատասխանատվությունից ազատելու հետ: Եթե ենթադրենք, որ այդ ոճարգործության պատասխանատուների մեջ պետք է լինեն ինքը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, որ 10 հոգու զոհվելուց հետո ասել էր, որ այդ գիշերը լավ է անցկացրել, որը իր շտաբի ղեկավար Ալիկ Արզումանյանին ասում էր՝ ամեն ինչ շատ լավ է, միևնույնն է, պատասխանատվությունից ազատվելու և իր ու Փաշինյանի հնարավոր կապերի մասին հրապարակումների միջև կապ չկա:

Շարունակությունն ավելի վատն է: Ըստ Տեր-Պետրոսյանի, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարույթունից ով կամ մարդկանց առանձին խմբերի բողոքները, դժգոհությունները, իսկ դրանք օրեցօր ավելանում են ու չեն նվազում, ղեկավարում են նախորդ վարչախմբերի ու ղեկավարների կողմից: Այդ դեպքում պետք է ընդունել, որ փողոցները փակողներին, Փաշինյանի ցույցերին մասնակցողներին և ընդհանրապես «թավշյա հեղափոխություն» էին անողների մի մեծ մասին նույնպես ուղղորդում էին նախորդ վարչախմբերը, որովհետև հիմա բողոքող ու դժգոհողների մեծ մասը հենց «թավշյա հեղափոխության» շարքային մասնակիցներն ու Փաշինյանին մոտ 1 տարի առաջ սատարողներն են:

Տեր-Պետրոսյանն իր հայտարարության վերջին բառերով առոչինչ է դարձրել մինչև այդ իր ասածն ու դրա նպատակը: Նա ասում է՝ «դավաճանություն» «ժողովրդին պատերազմ հայտարարել», «հակապետական ուժեր»: Ամբողջը Նիկոլ Փաշինյանի բառերն են, Նիկոլ Փաշինյանի տերպետրոսյանական ոճն է՝ ամեն քննադատության ու բողոքի ետևում դավեր տեսնել, պիտակավորել մյուսներին՝ հակահեղափոխական, հակապետական ու այդ տիպի արտահայտություններով: Դրա համար էլ ասում են՝ լևոնանիկոլական վարչախումբ:

Վատ է այն, որ աշակերտները կարող են գերազանցել իրենց ուսուցիչներին:

Մինաս Հարությունյան  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ