Վերանկախացած Հայաստանում առաջին անգամ է, որ Ազգային ժողովը չունի նիստերի ժամանակացույց: Արտահերթ գումարման թավշյա խորհրդարանը առաջին քառօրյայից ու պառլամենտական պաշտոնները բաժանելուց հետո անելիք չունի: Թավշամիտ օրենսդիրները խորամանկորեն մոռացության են մատնել ընտրական օրենսգիրքը, կուսակցությունների մասին օրենքը, ԱԺ կանոնակարգ-օրենքը ու շատ այլ բաներ բարեփոխելու, սուպերվարչապետական իրավասությունները սահմանադրական փոփոխություններով համեստացնելու նախկիրում տարփողած խոստումները:
Թեև հունվարի 18-ին միայն 2/3-ով ձևավորված կառավարությունը, եթե հերթական անգամ թավշյա վարչապետը չանտեսի սահմանադրության պահանջը, պարտավոր է 20-օրյա ժամկետում, այսինքն՝ մինչև փետրվարի 7-ը ներառյալ, ԱԺ քննարկմանը ներկայացնել կառավարության գործունեության ծրագիրը և գործադիր իշխանության կառուցվածքը: Մինչդեռ առ այսօր խորհրդարանում շրջանառության մեջ դրված չեն ո՛չ կառավարության գործունեության ծրագրի նախագիծը, ո՛չ էլ կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
ԱԺ նորընտիր նախագահը խորհրդարանի պաշտոնական կայքում, վերջապես, տեղադրել է իր լուսանկարը, ուղերձով էլ հավաստիացրել է, թե «ձգտելու ենք առավելագույն ջանքեր ներդնել, որ մեր երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի գործունեությունը լինի… հասկանալի քաղաքացիների համար»: Նաև մանրակրկիտ տեղեկատվություն է տեղադրել իր բոլոր այցերի, հանդիպումների, արտասանած ամեն բառի, ստացած շնորհավորանքների մասին:
Իրազեկել է, թե դեռ հունվարի 14-ն ԱԺ առաջին նստաշրջանի օրակարգ է ընդգրկված «կառավարության ծրագրին հավանություն տալու» միակ հարցը, բայց այսպիսի առավելագույն ջանքերից անգամ քաղաքացիներին բոլորովին հասկանալի չի դառնում, թե ինչո՞ւ այդ փաստաթղթերը գոյություն չունեն իրականում ու այսօր չեն քննարկվում հանձնաժողովներում: Անհաստանալի ու տարակուսելի է, թե ինչո՞ւ արդեն տասը ամիս իր թավշյա գոյությունը մեզ պարտադրած կառավարությունը չունի ծրագիր, տնտեսական գործունեության հայեցակարգ և չի կարողանում կառուցվածք ստանալ:
Նույնքան անհասկանալի ու մտահոգիչ է, որ թավշյա գրոհային գվարդիայի վերահսկողության ու թավշյա իշխանությունների ադմինիստրատիվ ճնշումների միջոցով հապշտապ ձևավորված արտահերթ խորհրդարանը ի սկզբանե գործում է «չկա կառավարության թելադրած օրինագիծ՝ չկա խորհրդարանի նիստ» բանաձևով: Տագնապահարույց ու վրդովեցուցիչ է, երբ տնտեսական անքողարկելի անկման, ապրանքային շուկայում գների տոտալ աճի, ներդրումների հիմնավոր ու անշտկելի բացակայության պայմաններում անորոշ ժամանակով հետաձգվում է խոստացված տնտեսական հեղափոխությունը:
Առանձնակիորեն անհանգստացնող ու չարագույժ է իրողությունը, որ այժմ, արդեն, իշխանական հարթությունում չկա գոնե մեկը, ով ուզում է հիշել կաշառք չվերցնելու, կոռուպցիան վերացնելու, օրենքի առջև բոլորին հավասար դարձնելու, քաղաքական հաշվեհարդարների պրակտիկան դադարեցնելու, այլախոհների նկատմամբ քաղաքական հետապնդումների գործելաձևից հրաժարվելու, դատական համակարգը կամային թելադրանքով կառավարելուց ձեռնպահ մնալու, առանց ժողովրդի համաձայնության նոր հարկեր չսահմանելու, եղունգներով իշխանությանը չկառչելու, օրենքը մի գրամ խախտելուց և ժողովրդի վստահությունը կորցնելուց 15 րոպե հետո հրաժարական տալու բազմիցս կրկնված խոստումների մասին:
Թավշյա իշխանավորները հաստատապես հիշում են, նաև քաջ գիտակցում են, որ վերը նշված հանցավոր երևույթները վերացնելու խոստումները ո՛չ միայն չեն կատարվում, այլ առավել ցայտուն ու մասշտաբային դրսևորումներ են ստանում՝ քան նախորդ վարչակարգի օրոք էր: Հիշում ու գիտակցում են. բայց այլևս այլ անելիք չունեն: Եվ արագ քայլերով արդեն դարձել են այն, ինչը պետք է մերժեին: Այլապես թավշյա վարչապետը գործնական քայլեր չէր ձեռնարկի՝ ոստիկանությունն իր քաղաքական հենարանը դարձնելու, պատեհապաշտ արկածախնդիրներ Շիրխանյանի ու Մանուչարյանի միջոցով էլ՝ գրոհայինների «ցիվիլ» հրոսակախումբ ստեղծելու նկրտումով:
Արթուր Մխիթարյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը