Հավանաբար՝ երկար ու հանգամանորեն խորհելուց հետո վերընտիր վարչապետը եզրահանգել է, որ թավշյա հեղափոխության հաղթանակը խոչընդոտում են համատարած աղբը, ամենուր տեղադրված բուտկաներն ու իրեն անհայտ նպատակով պահվող հազարավոր ավտոմեքենաների կարկասները: Ավելին. նա հավատացած է ու մեզ էլ համազում է, որ եթե այս երեք խոչընդոտները «վիզուալ մակարդակում» վերանան, ապա խոստացված «ահռելի փոփոխությունները» իրագործված կլինեն:
Հարևանիս՝ Վովայի համար վերընտիր վարչապետի այս բացահայտումն անակնկալ է: Նա մի կերպ համաձայնեց՝ մեր փողոցից դեռ չորս կամ հինգ տարի առաջ անհետ վերացած բուտկաները համարել թավշյա հեղաշրջման խիստ վաղ նախանշան: Ոչ մի կերպ չհամոզվեց՝ թե անպայման հեղափոխություն է պետք, որ համայնքների ու վարչական շրջանների ղեկավարները աղբահանության համար նախատեսված գումարները ոչ միայն «իրացնեն», այլ նաև՝ աղբանություն կատարեն: Վովան, սակայն, ցավալիորեն այդպես էլ չգիտակցեց, որ «ВАЗ» գործարանում հարվածային աշխատանքի համար հոր նվեր ստացած ու մեր բակի խորհրդանիշը դարձած 1964 թվականի արտադրության «Fiat»-ի կարկասը խանգարում է ողջ երկրի ու մեր կյանքի «ահռելի» առաջընթացը:
Վերընտիր վարչապետի մեջի «աղբ մինուս բուտկա մինուս կարկաս հավասար է երկրի ահռելի փոփոխություն» բանաձևը ակամա հիշեցնում է «կոմմունիզմը հավասար է սովետական իշխանություն պլյուս ողջ երկրի էլիկտրաֆիկացիա» լենինյան հայտնի բանաձևով իրագործված ԳՈԷԼՌՈ պլանը: Բայց եթե երկրորդում «պլյուս»-ներ են, առաջինում միայն «մինուս»-ներ են: Եթե Լենինի՝ կոմունիզմ կառուցելու տեսլականով գոնե երկրի կեսը էլեկտրաֆիկացվեց, ապա վերընտիր վարչապետը թավշյա իշխանափոխության արդյունքն ընդամենը ջանում է հանգեցնել աղբի, բուտկաների ու կարկասների վերացման:
Իսկ այ կոռուպցիա՛ն վերացնելու մասին արդեն չի խոսվում: Վերընտիր վարչապետը, պարզվում է, իր մեջ չունի «վերացնել կոռուպցիան պլյուս իշխանական պաշտոնների վաճառքը պլյուս մանդատների նվիրատվությունը» բանաձև: Այլապես այսպիսի արագությամբ համատարած ու այսքան ակնհայտ չէր դառնա իշխանության վերին մակարդակներում ծավալվող կոռուպցիան:
Ի «վերուստ» առանձնաշնորհներ ու արտոնություններ ստացած գողականներն ու գործարարներն այսպես աշկարա իրենց դրածոների համար պատգամավորական մանդատներ ու նախարարական պաշտոններ չէին գնի, կամ ստանա՝ արդեն մատուցած «ընտրական» ծառայությունների դիմաց: Բարձր պաշնոնյաներն էլ այսքան անհագ «նվերներ» չէին ստանա՝ մեքենաների ու անշարժ գույքի տեսքով, այսպես չէին աճապարի արտասահմաններ՝ նոր բանկային հաշիվներ բացելու:
Մինչդեռ, վերընտիր վարչապետը համոզում է, թե թավշյա «հեղաշրջման» հաղթանակին խանգարում են ո՛չ թե իշխանափոխ «վերնախավի» շահամոլ էությունն ու ոգեղեն կարկասով բովանդակայնի աղբը, այլ նրանց մեղքով ամիսներ շարունակ փողոցում մնացած կենցաղային աղբը, մետաղի ջարդոնի վերածվելուն և նրանց նոր շահույթի աղբյուր դառնալուն դատապարտված բուտկաներն ու ավտոմեքենաների կարկասները: Նույն վստահությամբ ինձ ծանոթ մի վարսավիր է համոզված պնդում, թե ՄԻԱՎ/ՁԻԱՎ-ով տանը թափրվելուց են վարակվում:
Տիգրան Ուզունյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը