16 01 2019

Բենզինի և դիզվառելիքի գնային անոմալիաները՝ «նոր Հայաստանում»

Բենզինի և դիզվառելիքի գնային անոմալիաները՝ «նոր Հայաստանում»

Գնաճի ցուցանիշի մասին Նիկոլ Փաշինյանի գրառմանը անդրադարձանք նախորդ հրապարակմամբ:  Հիշեցնենք, որ գնաճի ցուցանիշով հպարտացող վարչապետը մի կողմից չգիտեր, որ ցածր գնաճը տնտեսական ցածր աճի ցուցիչ է, մյուս կողմից էլ «մոռացել» էր, որ ամռանը մրգերի ու բանջարեղենի գների կտրուկ աճը հետևանք էր իր իսկ սխալ քաղաքականության՝ կապված գյուղատնտեսության համար ամռանը Սևանից ջրառ չկատարելու հետ։ Սակայն, չնայած դրան, Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը առիթը բաց չեն թողնում Հայաստանում արդեն հազվադեպ դարձած որևէ դրական երևույթ՝ անկախ նրանից, որ դա կապ չունի կառավարության հետ, վերագրել իրենց։ Զարմանալի է, թե մինչև վերջերս պահպանվող ձմեռային տաք եղանակը նրանք ինչպե՞ս չեն վերագրել «սիրո և հանդուրժողականության» հեղափոխությանն ու նրա առաջնորդի «հակակոռուպցիոն» քաղաքականությանը։

Այս օրերին Հայաստանում նոր թրենդ է ի հայտ եկել՝ բենզինի և դիզվառելիքի գների նվազումը սկսել են վերագրել «նոր Հայաստանին»։ Մինչդեռ իրականությունն այն է, որ ներկայիս կառավարությունը և Նիկոլ Փաշինյանը բացարձակապես որևէ առնչություն չեն ունեցել վառելիքի գների նվազման վրա։ Ոչ հարկային քաղաքականություն է փոխվել, ոչ նոր ներմուծողներ են հայտնվել։ Վերջին 2-3 տարիներին, համաձայն տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հրապարակած տեղեկությունների, բեզնինի ներմուծմամբ զբաղվել են 4, դիզվառելիքի ներմուծմամբ՝ 5 ընկերություն, և այս առումով ամեն ինչ նույնն է մնացել։

Ազգային վիճակագրական ծառայությունն էլ փաստում է, որ բենզինի և դիզվառելիքի գները 2015 թ․-ի փետրվարից են սկսել նվազել։ Միանշանակ է, որ դա միջազգային շուկաներում տեղի ունեցածի՝ մասնավորապես, 2014 թ․-ի վերջից սկսված նավթի գների կտրուկ անկման ոչ այնքան համարժեք արտացոլումն է Հայաստանում։

Ինչ վերաբերվում է անցած տարվա ընթացքում միջազգային շուկայում գնային փոփոխություններին, ապա հոկտեմբերին նավթի (Brent տեսակի) միջազգային գինը հասել էր 84-85 դոլարի 1 բարելի դիմաց, իսկ տարեվերջին՝ իջել էր մինչև 45-46 դոլարի։ Այսինքն, 2-3 ամսվա ընթացքում նավթի միջազգային գինն իջել էր ավելի քան 50 տոկոսով։ Սակայն բենզինի և դիզվառելիքի գները Հայաստանում իջել են ընդամենը 8-9 տոկոսով։ Այս պահի դրությամբ, «Պրեմիում» տեսակի բենզինը 460 դրամից նվազել է մինչև մինչև 420 դրամի, «Ռեգուլյար» 440 դրամից 400-ի, իսկ դիզելային վառելիքը՝ 450 դրամից 420 դրամի։ Նախկինում միջազգային գների հետ մեր գների նման անհամապատասխանության դեպքում Նիկոլ Փաշինյանի խմբագրած թերթի էջերը հեղեղվում էին քննադատություններով և մենաշնորհների մասին ահասարսուռ մեկնաբանություններով։ Հիմա՝ խորհրդավոր լռություն է, իսկ սոցցանցերում այս իրականությունը ներկայացվում է որպես նվաճում։

Սա վերջին 2-3 ամիսներին արձանագրվող միջազգային գնային փոփոխությունների և Հայաստանում դրա անդրադարձի մասին։

Ներկայացնենք մեկ տարվա կտրվածքով բենզինի և դիզվառելիքի գների փոփոխությունները։ 2018թ. դեկտեմբերի գները 2017թ. դեկտեմբերի համեմատ, ըստ վիճծառայության տվյալների, Հայաստանում բենզինի գինն աճել է 6,1 տոկոս, դիզելային վառելիքինը՝ 20,4 տոկոսով: Հետաքրքիր է, թե ինչո՞վ կբացատրի կառավարությունն ու նրան քաջալերողները փաստը, որ «հին Հայաստանում» 2017-ի դեկտեմբերին վառելիքի գներն ավելի ցածր են եղել, քան 2018-ի դեկտեմբերին «նոր Հայաստանում»։ Չէ՞ որ, նրանց «տրամաբանությամբ», նախկինում ամեն ինչ վատ էր, հիմա՝ ամեն ինչ լավ։

Ավելին, թեև 2017 թ․-ի դեկտեմբերին նավթի միջազգային գներն էապես բարձր չեն եղել 2018 թ․-ի դեկտեմբերի գներից, սակայն, ինչպես արդեն նշվեց, Հայաստանում 2018 թ․-ի դեկտեմբերին, բենզինի և հատկապես դիզվառելիքի գները շատ ավելի բարձր են եղել, քան 2017-ի դեկտեմբերին։

Ահա այսպիսի գնային անոմալիաներով «նոր Հայաստան», որտեղ ըստ Նիկոլ Փաշինյանի, այլևս չկան մենաշնորհներ և օլիգարխներ։ Մի խոսքով, «հպարտ» քաղաքացիները վայելում են իրենց կատարածի արդյունքը և չեն էլ փորձում ինչ-որ բանից հրճվելուց և Նիկոլ Փաշինյանին անտեղի փառաբանելուց առաջ մտածել և փաստերը համադրել, չխոսելով արդեն վերլուծելու և եզրակացություններ անելու մասին։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ