Ընդդիմություն եղած ժամանակ ներկայիս իշխանության քաղաքական շահարկումների հարուստ զինանոցում առկա բազմաթիվ միջոցներից մեկը եղել է փոքր ու միջին բիզնեսի շահերն իբր պաշտպանելը։ Սակայն անցնելով իշխանության գլուխ, նախկին «պաշտպանները» անմիջապես բեռ դրեցին այդ նույն փոքր ու միջին բիզնեսի վրա։ 2019թ․-ից բոլոր տնտեսվարող սուբյեկտները պետք է տեղադրեն նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաներ (ՀԴՄ), որոնց արժեքը կազմում է 160 հազար դրամ։
Այն, որ փաստաթղթաշրջանառությունը պետք է արձանագրվի, որպեսզի հնարավարություն ստեղծվի ստվերային տնտեսության դեմ արդյունավետ պայքար տանել, կասկածի ենթակա չէ։ ՀԴՄ-ների տեղադրումը սկսվել է տարիներ առաջ, բայց մշտապես բախվել է առևտրականների դժգոհությանը և իրականացվել փուլ առ փուլ՝ անցումը աստիճանաբար կատարելու և հավելյալ սոցիալական խնդիրներ չառաջացնելու համար։ Նոր իշխանությունը սակայն առանձնապես հակված չէ հաշվի առնել փոքր բիզնեսի մոտ նոր սերնդի ՀԴՄ-ների տեղադրման հետ առաջացող դժգոհությունները և հայտարարել է, որ դրանք տեղադրվելու են։ Որո՞նք են այդ դժգոհությունները։
Առաջին հերթին՝ ՀԴՄ-ների թանկ լինելը։ Փոքր բիզնեսով զբաղվողների համար 160 հազար դրամ գումար շրջանառությունից հանելը և նոր ՀԴՄ գնելը լուրջ դժվարություն է։ Առևտրային գործունեությամբ զբաղվողների համար երբեմն դժվար է լինում անգամ իրենց մատարակարար ընկերություններին վաճառված ապրանքի համար գումարը ժամանակին և ամբողջությամբ տալը։ Եվ ահա նոր մեծ ծախս։ Մաս-մաս վճարելու առաջարկն ըստ էության քիչ բան է փոխում, քանի որ այդ գումարը, այնուամենայնիվ պետք է տրամադրվի՝ մաս մաս, թե՞ ամբողջությամբ։
Երկրորդ, բոլոր տնտեսվարողներն արդեն ունեն ՀԴՄ-ներ, որոնք սակայն նոր սերնդի չեն և փաստորեն այլևս պետք չեն։ Այսինքն, նրանք կրկնակի ծախսի տակ են ընկնում՝ նախկինում ձեռք բերած ՀԴՄ-ի համար ժամանակին վճարել են, իսկ հիմա պետք է վճարեն նոր սերնդի ՀԴՄ-ի համար։ Եթե խոշոր առևտրային օբյեկտների համար նոր սերնդի ՀԴՄ-ներ ձեռք բերելն ու կրկնակի ծախս անելն այդքան էլ դժվար չէր, ապա փոքրերի համար հնի առկայությամբ նոր ՀԴՄ գնելը միաժամանակ և լուրջ, և կրկնակի ծախս է։
Երրորդ գործոնն այն է, որ նոր սերնդի ՀԴՄ-ները փոքր տնտեսվարողների մոտ տեղադրելն անիմաստ շռայլություն է։ Եթե փոքր բիզնեսը հարկային մուտքերի առումով էական կշիռ չունի և պետական բյուջեի մուտքերի հազիվ 1-1,5 տոկոսն է ապահովում, ապա ի՞նչ իմաստ ունի նրան դնել այսպիսի խստագույն հսկողության ներքո՝ նրա մոտ տեղադրելով նոր սերնդի ՀԴՄ-ներ, որոնց տվյալները մի քանի ժամը մեկ պետք է տեսանելի լինեն հարկային մարմնում։ Չենք ցանկանում կրկնել արդեն հնչած այն քննադատությունները հատկապես գյուղերում և քիչ բնակչություն ունեցող բնակավայրերում նման ՀԴՄ-ների տեղադրման աննպատակահարմար լինելու մասին։ Ակնհայտ է, որ հատկապես նման կրպակների կամ խանութների սեփականատերերը կսկսեն մտորել հետագա գործունեությունը շարունակելու նպատակահարմարության շուրջ։ Այս պարագայում հարց է առաջանում՝ չէ՞ որ այդ նույն Նիկոլ Փաշինյանը առիթը չի կորցնում հայտարարելու, որ փոքր բիզնեսի համար պետք է ստեղծվել նպաստավոր պայմաններ։ Այսպե՞ս են ստեղծվում այդ պայմանները։
Եվ վերջապես, կառավարությունը հաշվի չի առնում ևս մեկ կարևոր գործոն, որի վերաբերյալ կա ընդհանուր դժգոհություն, բայց դեռևս ցածրաձայն և առանց պատճառների մեջ խորամուխ լինելու։ Խոսքը վերջին երկու-երեք ամիսներին առևտրի ծավալների ամսեմամիս նվազման մասին է։ Կգա ժամանակը և մարդիկ սկսեն հասկանալ, որ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության տնտեսական քաղաքականության բացակայությունը կամ այն վարել չցանկանալու և չկարողանալու փաստը բերել է տնտեսական հետընթացի մեր տնտեսության բոլոր ճյուղերում, դա էլ արդեն իր անդրադարձն է ունենում մանրածախ առևտրի ծավալների վրա։ Այս կացությունում արդեն իսկ կան առևտրային օբյեկտներ, որոնք փակման եզրին են և շատ շուտով դրանց թիվը կավելանա։ Չնայած դրան, սակայն, կառավարությունը պահանջում է նրանց տեղադրել նոր սերնդի ՀԴՄ-ներ և դրանով փաստորեն ավելի խիստ հարկային հսկողության տակ առնում նրանց։
Ի դեպ, նախկին «կոռումպացված» իշխանությունները աչք էին փակում փոքր առևտրով զբաղվողների հարկային պարտավորությունների նկատմամբ՝ թողնելով, որ նրանք «իրենց գլուխը պահեն», և հավելյալ սոցիալական խնդիրներ չառաջանան։ Սակայն նոր՝ «ոչ կոռումպացված» իշխանությունների մոտեցումը այս խավի նկատմամբ, ինչպես տեսնում ենք, միանգամայն այլ է։ Հեղափոխությանը աջակցած կամ համակրանք ցուցաբերած առևտրականների համար սա ցանածը հնձելու պահն է։ Մնում է , որ նրանք դա գիտակցեն։ Ինչ վերաբերվում է մյուսներին, ապա ցավալի է, որ նրանք ևս տուժելու են նոր սերնդի մեքենաների տեղադրման հետ առաջացող խնդիրներից և հետևանքներից։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը