2018 թվականի մայիսի 8-ից, երբ Նիկոլ Փաշինյանը ստանձնեց ՀՀ վարչապետի պարտականնությունները, պետական կառավարման, ինքնակառավարման համակարգերում տեղի ունեցան զգալի տեղաշարժեր և փոփոխություններ: Սերժ Սարգսյանից հետո մերժելու պրոցեսը տարածվեց նաև նրա ժամանակ նշանակված և պաշտոնավարած կադրերի վրա: Իրար հերթ չտալով աշխատանքից ազատվեցին «Հին Հայաստանի» հին կադրերը, բայց այդ ամենը՝ «կադրային ջարդ չի լինելու լոզունգով»: Նախարարները, վարչության պետերը, մարզպետները, գյուղապետերը, տեղակալները և շարքային աշխատողներ, որպես կոռումպացված համակարգի սիմվոլներ, ազատվեցին աշխատանքից:
Ձևավորվեց անփորձ, բայց «ազնիվ երիտասարդների» և նախկին ակտիվիստների նոր կառավարություն: Բայց պետք է նշել, որ փոփոխված կադրերը նոր Հայաստանում կարճ ժամանակ անց նորից սկսեցին փոփոխվել:
Հիշենք «Նոր Հայաստանի» մի քանի պաշտոնանկություններ:
1. Նշանակումից մեկ ամիս անց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից հրաժարականի դրմում ներկայացրեց Մանե Թանդիլյանը: Պատճառը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ընդունում էր Կառավարության կողմից, որի դեմ շատ ակտիվ պայքարում էր ակտիվիստ Մանե Թանդիլյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարականի դիմումը չստորագրեց, և Թանդիլյանը շարունակեց պաշտոնավարել, բայց մինչև նոյեմբեր: ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար նա երկրորդ, բայց արդեն վերջնական հրաժարական տվեց:
2. Հունիսի 16-ին ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ստորագրեց իր մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանի աշխատանքից ազատվելու դիմումը։ Նա ֆեսյբուքում գրառում կատարեց՝ նշելով, որ պատճառը Կարպիս Փաշոյանի՝ մի հարցազրույցում հնչեցրած մտքերն են, որոնք լայն քննարկման առիթ են դարձել: Ինչպե՞ս է վերաբերվում պատերին ապրիլյանի հերոսների նկարներին հարցին Փաշոյանը պատասխանել էր. «Ինձ թվում է՝ պետք է էդ երեխաներին հանգիստ թողնել, նույն Ռոբերտ Աբաջյանի անունը շատ են շահարկում։ Թողնենք նրան հանգիստ, պետք չէ շահարկել, շահարկել: Մանկահասակ դեմքով տղա, էդ պահին չի էլ հասկացել՝ ի՞նչ է կատարվում, իսկ մենք հիմա անընդհատ շահարկում ենք, շահարկում, ինձ թվում է՝ չարժի: 18 տարեկան տղա է, ինձ թվում է՝ չարժե նրա անունն այդքան շահարկել»։ Փաշոյանը նշանակվել էր մայիսի 21-ին: Աշխատեց մոտ երկու ամիս:
3. Մի քանի օր հետո էլ հրաժարականի դիմում ներկայացրեց Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավար Վահան Կոստանյանը: Հետո պարզվեց, որ նա դիմել էր ակադեմիական տարկետում ստանալու համար և չէր ցանկանում օգտագորևծել պաշտոնական դիրքը: Թեև հետո Վահան Կոստանյանը դարձավ իշխող կուսակցության մամուլի քարտուղար:
4. Հունիսի 17-ին էլ հրաժարական տվեց վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանը: Պատճառը կրոնական հայացքերի տարբերությունն էր և մի շարք հասարակական հնչեղություն ունեցող իրավիճակներ, որում կարճ ժամանակում հասցրել էր հայտնվել Աճեմյանը: Նա հրաժեշտ տվեց՝ իր աջակցությունը հայտնելով գործադիր իշխանությանը և պատրաստակամություն հայտնելով նրանց օգնել: Իսկ ամիսներ անց էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս եկավ՝ այս անգամ արդեն նշելով, որ այդ կուսակցությունում բռնապետական կարգեր են գործում:
5. Հուլիսի 17-ին Նիկոլ Փաշինյանը գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից ազատեց գեներալ-մայոր Միքայել Արզումանյանին: Հուլիսի 7-ին Միքայել Արզումանյանը շտապ հրավիրվել էր վարչապետի մոտ բացատրություններ տալու՝ կապված քաղաքական գործունեությամբ զբաղվելու հետ: Facebook-ում «Արցախյան զարթոնք» խմբի կողմից լուսանկար էր տարածվել՝ գրառմամբ, որ իրենց է միացել գեներալ Միքայել Արզումանյանը, որը ներկա է լինելու Արցախի նախագահ Բակո Սահակյանի դեմ կազմակերպվող հանրահավաքին: Միքայել Արզումանյանը ռազմական տեսուչի տեղակալ էր նշանակվել հունիսի 27-ին՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ: Այքնինքն՝ պաշտոմավարեց 22 օր:
6. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 10-ին պաշտոնանկ արեց ՊԵԿ նախագահի տեղակալ Արա Գաբրիելյանին: Հայտնի չդարձավ, թե ինչու Գաբրիելյանն աշխատեց ընդամենը 49 օր: Նրա նշանկումից հետո մամուլը գրեց, որ նա սկանդալի կենտրոնում է հայտնվել։ ԱՄՆ-ում դատապարտվել էր GPS-ի միջոցով 35-ամյա նախկին ընկերուհուն հետապնդելու համար, չնայած որ դա ՊԵԿ նախագահին բոլորովին չէր հետաքրքրում:
7. Օգոստոսին 23-ին հրաժարական տվեց ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը: Որպես հիմնական պատճառ՝ Խառատյանը նշեց ընտանիքը, որը ապրում է Վրաստանում: Թե որքան է արժանահավատ այս բացատրությունը, թողնենք առանց մեկնաբանության:
8. Հաջորդ փոփոխությունը տեղի ունեցավ հակտեմբերի 2-ին, երբ կառավարությունը զրկվեց կոալիցիայից: Այսպես, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ին ԲՀԿ-ին և ՀՅԴ-ին անվանեց հակահեղափոխական ուժեր, իսկ ավելի ուշ, արդեն, Ազգային ժողովի բակում հայտարարեց, որ աշխատանքից ազատում է «Բարգավաճ Հայաստան»-ի և ՀՅԴ-ի նախարարներին և մարզպետներին: Այնուհետև ժողովրդի ներկայությամբ Փաշինյանը ստորագրեց աշխատանքից ազատելու մասին որոշումներ: Նշենք, սակայն, որ մինչև վարչապետի հայտարարությունը, ՀՅԴ-ն արդեն կառավարությունից հետ էր կանչել իր նախարարներին՝ «հաշվի առնելով ներկայիս լարված և ջրբաժաններ գծելու մթնոլորտը»:
9. Պաշտոնանկություններից անմասն չմնաց նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը: Խորհրդարանական ընտրություններից առաջ Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանը պաշտոնից ազատվելու դիմում ներկայացարեց: Իր ֆեյսբուքյան էջում նա գրել էր, որ հեռանում է, քանի որ անցումային կառավարությունը տապալել է իր այդ հանձնառությունը՝ ընդունել նոր ընտրական օրենսգիրք:
10. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նշանակումից հետո «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն նշանակվեց Նարեկ Վանեսյանը: Կարճ ժամանակում նա պարբերաբար հայտնվում էր սկանդալի կենտրոնում: Նախ մամուլը գրել էր, որ աշխատակազմը դժգոհ է նոր տնօրենից՝ աշխատակիցների նկատմամբ ոչ բարյացակամ վերաբերմունքի պատճառով, հետո Վանեսյանի դեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին բաց նամակ գրեցին Հայաստանի մի խումբ անվանի բժիշկներ և բժշկական համալսարանի անձնակազմը՝ համալսարանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ Վանեսյանի վարքագծի հետ կապված, որից հետո Նարեկ Վանեսյանը հայտնվեց Մարդու իրավունքների պաշտպանի հետ առճակատման կիզակետում, որի պատճառով ՄԻՊ-ը հանես եկավ հայտարարությամբ: Այդ ամենից հետո Նարեկ Վանեսյանը հրաժարական տվեց:
11. Սեպտեմբերի 14-ին Զբոսաշրջության պետական կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ նշանակվեց Արթուր Խաչատրյանը, իսկ ահա նոյեմբերի 15-ին լրագրողների հետ զրույցում նա պատմում էր կոմիտեում ծավալվող անօրինակաանությունների մասին և ասում, որ պատրաստ է դատարան դիմել, որպեսզի բողոքարկի աշխատանքից իրեն ազատելու որոշումը: Իր իսկ խոսքով՝ իրեն գործից հանել են, որպեսզի Տիգրան Ավինյանի ուզած մարդուն տեղավորեն աշխատանքի, այնինչ ասում էին, որ խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը նոր իշխանությունների ժամանակ չի գործելու:
Առջևում նոր կառավարությունն է իր նոր կազմով: Թե ինչ պաշտոնանկություններ կլինեն առաջիկայում և որ ամենակարևորը ինչ բացատրություններով, շուտով պարզ կլինի: Մամուլն արդեն ակտիվորեն գրում է սպասվող փոփոխությունների մասին: Բայց այստեղ կարևոր է դառնում մեկ հիմնական հարց՝ հները հեռացվեցին, որովհետև վատն էին, կոռումպացված, ոչ արդյունավետ, ինչ-որ պաշտոնյայի խնամի-ծանոթ-բարեկամ, իսկ նորե՞րը:
Կառավարության նիստերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասում է․ «Ակնհայտ է, որ այդ թվում պետական կառավարման համակարգում կան մեծ թվով մարդիկ, որոնք այս այս առումով հույս չեն ներշնչում, և մենք պետք է հնրավորինս արագ կադրային հեղափոխություն իրականացնելու համար հսկայական կադրային բանկ ունենանք և կարողնանք թեկուզ մեկ օրում այդ հեղափոխությունն իրակնացնենք»։
Ցավոք, պաշտոնավարման ողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանի կադրային հեղափոխության հույսի նշույլ անգամ չերևաց։
Տաթև Միրզոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը